Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի հայտարարությունը, թե պահանջում է ձերբակալել «Համասի» ու Իսրայելի ղեկավարներին, սուր արձագանք է ստացել:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դատապարտել է Խանին․ «Պարոն Խանը խեղաթյուրված և կեղծ հավասարություն է դնում Իսրայելի առաջնորդների և «Համասի» խամաճիկների միջև: Սա նման է նրան, որ [2001 թվականի] սեպտեմբերի 11-ից հետո [ԱՄՆ] նախագահ Ջորջ Բուշի և Ուսամա Բին Լադենի միջև, կամ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆրանկլին Ռուզվելտի ու Հիտլերի միջև հավասարություն դրվեր»։
Միջազգային քրեական դատարանի դատախազը մեղադրել է Նեթանյահուին և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ռազմական ու մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ, այդ թվում՝ սովը որպես պատերազմի զենք կիրառելու համար։
Իսրայելը նշված դատարանի անդամ չէ, ուստի, եթե Նեթանյահուին կալանավորելու որոշում կայացվի, Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը հարազատ երկրում հետապնդման չեն ենթարկվի: Բայց նման վճիռը կարող է խանգարել նրանց արտասահմանյան այցերին:
Իսրայելցի իրավաբանները վիճարկում են Միջազգային քրեական դատարանի իրավասությունը՝ նման որոշում կայացնել, թե նման վճիռ չի կարող կայացվել ժողովրդավարական երկրների ղեկավարների դեմ, ուր առկա է անկախ դատական համակարգ։
Անն Հերցբերգն ասում է․ «Դատարանը պետք է կիրառի այդ իրավասությունը միայն այն դեպքերում, երբ երկրները չեն ցանկանում կամ չեն կարողանում հետաքննել պատերազմական հանցագործությունները կամ մարդկության դեմ գործած հանցագործությունները։ Իսրայելն ունի ամուր հետաքննական համակարգ բանակում, քաղաքացիական արդարադատություն, [անկախ] դատական համակարգ»:
Պաղեստինյան կողմում ևս դատապարտում են Միջազգային քրեական դատարանի դատախազի խոսքերը։ Քարիմ Խանը պահանջում է ձերբակալության կարգադրություն իջեցնել «Համասի» քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյայի և կազմակերպության երկու այլ ղեկավարների վերաբերյալ:
Պարզ պաղեստինցիները տարակուսած են։ Օրինակ, Մուհամեդ Աբդել-Ալը. «Ինչպե՞ս կարող է «Համասը» լինել ռազմական հանցագործ, երբ բռնազավթված են պաղեստինցիների հողերը: Նրանք, ովքեր պաշտպանում են իրենց հողը, համարվում են ռազմական հանցագործներ»:
Պաղեստինցի լրագրող Դաուդ Քութաբի խոսքով, երկու կողմն էլ պետք է պատասխանատվության ենթարկվեն անցած տարվա հոկտեմբերի 7-ին և դրանից հետո տեղի ունեցածի համար:
««Համասը» ռազմական հանցագործություններ է կատարել, բայց, կարծում եմ, Իսրայելն ավելի շատ ռազմական հանցագործություններ է գործել:
Գլխավորն այն է, թե արդյոք Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը երբևէ կձերբակալվեն և կդատապարտվեն: Անարդար կլինի պաղեստինցիներին դատել, ոչ թե՝ իսրայելցիներին»,- նշել է Քութաբը:
Գաղտնիք չէ, որ Բենիամին Նեթանյահուն բազմիցս է արժանացել սուր քննադատության Իսրայելում և արտերկրում՝ Գազայում ընթացող ռազմական գործողությունների համար, սակայն այժմ այդ քննադատներից շատերը աջակցում են նրան՝ Միջազգային քրեական դատարանի դատախազի մեղադրանքների ֆոնին: