Անօդաչուների պատերազմն այլևս գիտաֆանտաստիկ ֆիլմի սյուժե չէ, որ տեղի է ունենում հեռավոր ապագայում, թեև, ինչպես հաճախ է պատահում, կինոն առաջիններից էր, որ նկատեց վերահաս փոփոխությունը։ Բրիտանական «Աչքը երկնքում» ֆիլմը (թողարկվել է 2015 թվականին) պատկերում է անօդաչուների միջոցով իրականացվող հատուկ գործողությունները։
Ֆիլմում ասվում է, թե ցուցադրվող տեխնոլոգիաների մեծ մասը դեռ մշակման փուլում են, բայց անօդաչուների նման կիրառությունը ֆանտազիայի ժանրից չէ և մոտ ապագայում կյանքի կկոչվեն:
Ուկրաինայի պատերազմը ի ցույց է դնում աշխարհին, թե ինչ հնարավորություններ ունեն օդում, ցամաքում ու ջրում գործող անօդաչուները և ինչպես են փոխում մարտադաշտը:
ԱՄՆ Ռազմածովային վերլուծությունների կենտրոնի (Center for Naval Analyses) ավագ գիտաշխատող Սթեյսի Փեթիջոնը ներկայացրել է «Էվոլյուցիա, ոչ թե հեղափոխություն. անօդաչուների պատերազմը` 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ընթացքում», ուր վերլուծել է ուկրաինական և ռուսական զորքերի կողմից տարբեր տեսակի անօդաչուների կիրառությունը:
Your browser doesn’t support HTML5
Փեթիջոնը հանգել է մի շարք եզրակացությունների։
Առաջին, Ուկրաինան գերազանցում է Ռուսաստանին՝ տեխնոլոգիաների ոլորտում, բայց ռուսական ուժերը «արագ հարմարվում և ընդօրինակում են ուկրաինական կողմի ձեռքբերումները»: Որպես օրինակ Փեթիջոնը բերում է ուկրաինական զինուժի կողմից կամիկաձե անօդաչուների հաջող կիրառումը, որոնք ուկրաինացիները սկսել են ստեղծել իրենց միջոցներով: Խոսքը՝ First Person View-ների մասին է․ անօդաչուներ, որոնք հագեցած են տեսախցիկով և իրական ժամանակում փոխանցում են պատկերը կառավարող-օպերատորին։ Գնահատելով դրանց արդյունավետությունը՝ Ռուսաստանը սկսեց ակտիվորեն արտադրել և մարտադաշտում օգտագործել նմանատիպ սարքեր։
Երկրորդ, ուրաինական ու ռուսական ուժերի համար անօդաչուների ձեռք բերման, արտադրության համար ստեղծվել են կամավորական ցանցեր: Անօդաչուների օգտագործման մասնագիտական մակարդակը բարելավելու համար՝ Ուկրաինայի զինուժը ուսումնասիրել է դրանց կիրառման լավագույն փորձը և կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ:
Երրորդ եզրակացությունն է՝ Իրանի օգնությամբ Ռուսաստանը մինչև վերջերս պահպանում էր քանակական առավելությունը ռազմական անօդաչուների գծով: Սակայն Ուկրաինան կարողացել է մեծացնել ռազմական անօդաչունների քանակը, ընդ որում բոլոր տեսակների՝ հետախուզուկան, գործողությունների կառավարման համար նախատեսված և հարվածային: Ուկրաինայի կառավարությունը զգալի ներդրումներ է կատարում տեղական անօդաչուների արտադրության մեջ։
Չորրորդ հետևությունը վերաբերում է դրոնների մարտավարությանը: Ուկրաինական պատերազմի ժամանակ անօդաչուները ավելի արդյունավետ են, եթե գործում են խմբերով՝ համակարգված:
Հինգերորդ եզրակացոսւթյունն այն մասին է, թե պատերազմի ժամանակ ինչպես են անօդաչուները օգտագործվել այլ սպառազինության, միջոցների հետ։
«Ե՛վ ռուսական, և՛ ուկրաինական ուժերը հեռահար հարվածների համար օգտագործում են հեռահար կամիկաձե անօդաչուներ։ Առանց նման անօդաչուների, ուկրաինական ուժերը չէին կարող խոցել թիրախներ Ռուսաստանի խորքում։ Ռուսական ուժերը կամիկաձե անօդաչուներ են օգտագործում՝ ավելի թանկ, հեռահար թևավոր ու բալիստիկ հրթիռների փոխարեն՝ շեղելով Ուկրաինայի հակաօդային պաշտպանության սակավ միջոցները առաջնագծից»,- ասված է զեկույցում:
Սթեյսի Փեթիջոնը նաև վերլուծել է անօդաչուներին դիմակայելու հաջողություններն ու ձախողումները:
Նրա զեկույցի վեցերորդ եզրակացությունն է՝ թեև էլեկտրոնային պայքարը «դեռ ամենաարդյունավետ միջոցն է՝ անօդաչուները կանգնեցնելու համար», սակայն ուկրաինական ու ռուսական ուժերը «փորձում են այլ հակաքայլեր՝ սկսած պարզ արգելքներից, ինչպիսիք են մետաղական ցանցերը, մինչև անօդաչուներով անօդաչուների ոչնչացումը»:
Ի՞նչ դասեր պետք է քաղեն ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն
Փեթիջոնի կարծիքով, Ուկրաինայում անօդաչուների օգտագործման հիմնական դասերը մի քանիսն են։
Նախ, անօդաչուները ստեղծում են նոր հնարավորություններ, որոնք նախկինում գոյություն չունեին, և փոխակերպում մարտի դաշտը: Հիմնական օրինակներն են՝ քաղաքացիական նշանակության դրոնների կիրառությունը առաջնագծում, մարդու անզեն տեսադաշտից անդին գործող կամիկաձե դրոնների կիրառումը հետևակի ու զինտեխնիկայի դեմ և հեռահար կամիկաձե անօդաչուների օգտագործումը։
Երկրորդ, անօդաչուների հետախուզական և, օրինակ, հրետանու համար թիրախավորող առաքելություններն ավելի կարևոր են, քան դրոններով ուղղակի հարվածներ հասցնելը: Չնայած «սոցցանցերում տեսանյութերի առատությանը, թե քաղաքացիական նշանակության անօդաչուները ինչպես են նռնակներ նետում զինվորների վրա կամ գրոհում տանկերը, դրոնների ամենակարևոր գործը հետախուզություն իրականացնելն է»:
Երրորդ, քաղաքացիական նշանակության անօդաչուների կիրառումը դժվարացնում է ուժերի կենտրոնացումը, անսպասելի հարված հասցնելը և, ընդհանրապես, հարձակողական գործողություններ իրականացնելը:
Չորրորդ, կամիկաձե անօդաչուները ապահովում են «էժան, ճշգրիտ հարված հասցնելու հնարավորություն, որը նաև մարդու անզեն տեսադաշտից դուրս է գործում։ Նման անօդաչուները, ըստ էության, շատ «էժան հակատանկային զենք» են, որոնց հեռահարությունը «մոտ վեց անգամ գերազանցում է ամենաառաջադեմ հակատանկային զենքերինը»: Նրանց ամենամեծ թերությունը սահմանփակ ծավալի պայթուցիկ կրելն է։
«Սակայն նույնիսկ մեծ քանակությամբ անօդաչուները չեն կարող համեմատվել հրետանային կրակի հզորության հետ։ Անօդաչուների հարվածները «լրացնում են կրակային հզորությունը, բայց չեն փոխարինում հրետանուն»,- ասված է զեկույցում:
Հաջորդը, թեև անօդաչուներն ի զորու են ապահովել օդային առավելություն, սակայն չեն կարող փոխարինել ավանդական օդուժին և չեն կարող հասնել օդային գերակայության: Օդային ուժերի հիմնական առաքելությունը օդային գերակայություն ձեռք բերելն ու պահպանելն է, այսինքն՝ «օդային գործողություններ իրականացնելու ազատություն, որը նշանակում է հակառակորդի օդային գրոհներից պաշտպանություն» և հարձակողական գործողություններ՝ օրինակ, օդ-ցամաք ուղղությամբ:
Վեցերորդ, անօդաչուներն ավելի դիմացկուն չեն, քան ռազմական ինքնաթիռները: Անօդաչուները «խոցելի են բազմաթիվ հակաքայլերի, հատկապես էլեկտրոնային պայքարի, պարզ հրազենի և հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից»:
Յոթերորդ, հաշվի առնելով ժամանակակից պատերազմներում անօդաչուների կիրառության ծավալները՝ անհրաժեշտ է «զարգացնել հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր, ընդլայնել դրանց արտադրությունը»։
Ի՞նչ խնդիրներ են մատնանշել ամերիկացի ռազմական փորձագետները՝ անօդաչուների օգտագործման ուղղությամբ
«Ակնհայտ է, որ մարտադաշտում թափանցիկությունն ավելացել է: Ժամանակակից պատերազմում առաջնագծին մոտեցող ցանկացած մեքենա տեսանելի է դարձել»,- ասաց զեկույցի հեղինակը։
Զեկույցում տեղ գտած հետևությունները մեկնաբանելու, ինչպես նաև ուկրաինական պատերազմի դասերին անդրադառնալու համար՝ Սթեյսի Փեթիջոնը հրավիրել էր Պենտագոնի ղեկավարի տեղակալ Գեյբ Կամարիլոյին։
«Պետք է պատրաստ լինենք գործել, շարժվել և կարողանանք մանևրել նոր միջավայրում: Սա փոխում է բանակի գործելակերպը մարտական պայմաններում՝ [առավել ևս] եթե համեմատում ենք նրա հետ, թե ինչ արեցինք Իրաքում և Աֆղանստանում մոտ 20 տարի առաջ: Պետք է շատ ավելի շարժունակ լինենք: Գալիք հակամարտությունների ժամանակ այլևս չեն լինի հսկայական հրամանատարական կետեր՝ մեծաքանակ ալեհավաքներով։ Պետք է հուսալի մուտք ունենանք հաղորդակցության լայնաշերտ ցանցեր՝ մարտադաշտում տվյալների և տեղեկատվության փոխանակման համար, քանի որ այն կդառնա ծանրաբեռնված: Իրական վերափոխում է տեղի ունենում»,- ասաց ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը:
Կամարիլոյի խոսքով, ամերիկյան բանակն արդեն ծրագրում է մի շարք նորամուծություններ, որոնք հանգեցնելու են մարտական գործողությունների բնույթի փոփոխությանը։
Ըստ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի, մշակվում են նոր լուծումներ, ներառյալ՝ «բարձր էներգիա պարունակող լազերներ, հզոր միկրոալիքներ թողարկող սարքեր, ուլտրաձայնային համակարգեր»։
«Անօդաչուների զարգացման գործում դեր ունեն էլեկտրոնային պայքարի միջոցները։ Ռադիո-խոչընդոտների խնդիրը կարևոր կդառնա։ Կարևոր է նաև սովորել, թե ինչպես պետք է գործել «փակ» կամ «խուլ» պայմաններում՝ անկախ նրանից, թե ինչ է անում թշնամին»,- նշում է Գեյբ Կամարիլոն։
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան խոսեց նաև փոքրածավալ, շարժական խլացուցիչների մասին, որոնց մոտեցնելով առաջնագծին հնարավորություն կունենաք մարել ռադիո-ազդանշանները ռազմաճակատի երկայնքով։
Ըստ Կամարիլոյի, «ամերիկացի մասնագետները ուշադիր հետևում են քաղաքացիական անօդաչուների շուկային», և Պենտագոնի որոշ ստորաբաժանումներ «արդեն փորձարկել են էժան տեսակները»։
«Հարցերից մեկը, որն այժմ հուզում է ԱՄՆ զինվորականներին, հետախուզական անօդաչուներից ստացվող տեղեկատվության փոխանցումն է հրամանատարական տարբեր մակարդակներին։ Ո՞ր մակարդակին է հարկավոր այդ տեղեկատվությունը, ո՞ր մակարդակում է այն առավել պետքական, ո՞ր էշելոնի համար։ Այդ տվյալները, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինեն դիվիզիայի մակարդակում, ոչ թե բանակային կորպուսի: Տեսա-ձայնային զանգվածային տեղեկատվության բաշխման ծրագրեր ու հնարավորություններ ունենք։ Բազմաթիվ համակարգեր մշակման փուլում են: Ներդրուվում են նախատիպեր։ Հաջորդ հարցն է գալիս՝ ինչպե՞ս ենք վստահ լինելու, որ կարող ենք կիսվել համապատասխան տեղեկատվությամբ ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում: Կարծում եմ, այս առումով դեր ունեն երկու հիմնական գործոններ՝ ապահովել, որ անօդաչուների մատուցած ողջ հնարավորությունը հասանելի լինի և առկա լինեն տեղեկատվության մշակման և տարածման համար նախատեսված ճիշտ գործիքներ»,- ասաց ԱՄՆ պաշտպանության փոխնախարարը:
Գեյբ Կամարիլոն չթաքցրեց՝ մեկ այլ խնդիր է զինուժի համար անօդաչուների ձեռքբերման գործընթացը։ Գինն, անշուշտ, կարևոր է, բայց նաև «պետք է հաշվի առնել արագ փոփոխվող տեխնոլոգիաները»: ԱՄՆ զինուժը պատրաստվում է լայնորեն կիրառել 3D տպագրությամբ ստացված փոքր բաղադրիչները՝ անօդաչուների պատրաստման մեջ։
«Կարևոր է արագ կանխատեսել անօդաչուների ոլորտում ցանկացած նորարարության կյանքի տևողությունը»,- ասաց Պենտագոնի պաշտոնյան։
Գեյբ Կամարիլոյի ներկայացմամբ, ԱՄՆ ռազմական համակարգում «ստեղծվել է անօդաչուների դեմ պայքարի միացյալ ուսումնական հաստատություն, թեև, պարզ է, որ այս հարցում որևէ դյուրին լուծում չկա»։