Մատչելի հղումներ

Ռուսաստանը ձգտում է բուֆերային գոտի ստեղծել Ուկրաինայի տարածքում. փորձագիտական կարծիք


Ուկրաինական զինված ուժեր
Ուկրաինական զինված ուժեր

Թեև երկուշաբթի Միացյալ Նահանգները հավաստիացրել է Ուկրաինային, որ կշարունակի աջակցությունը, սակայն դիտորդները զգուշացնում են՝ Խարկովի մարզում իրավիճակը սրվում է, ուր ռուսական ուժերը փորձում են առաջ շարժվելով՝ բուֆերային գոտի ստեղծել։

Ուկրաինական զինված ուժերը շարունակում են ծանր մարտերը ռուսական օկուպացիոն զորքերի դեմ:

Կիևը հմտորեն է պաշտպանվում, իսկ Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները կանգնած են Ուկրաինայի կողքին՝ սա էր հիմնական ուղերձը, որ հղեց ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ ելույթ ունենալով մոտ 50 երկրների ներկայացուցիչներից կազմված Ուկրաինայի գծով կոնտակտային խմբի նախորդ հանդիպմանը:

«Այսօր շատ ժամանակ հատկացրեցինք հակաօդային պաշտպանության համակարգերի հարցի քննարկմանը, որոնք պաշտպանում են Ուկրաինան ռուսական հրթիռներից, իրանական անօդաչուներից և հյուսիսկորեական սպառազինությունից: Կշարունակենք մեր ջանքերը, որպեսզի Ուկրաինան գերիշխի իր երկնքում և կարողանա պաշտպանել իր օդային տարածքը, քաղաքացիներին ու քաղաքացիական ենթակառուցվածքը»,- ասել է Օսթինը:

Դիտորդների գնահատամամբ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Կիևին վերջերս տրամադրված 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթը զգալի ներդրում է ուկրաինական բանակի կարողությունների ընդլայնման գործում:

Սակայն ամերիկյան աջակցությանը զուգահեռ՝ նախորդ շաբաթներին ռուսական զորքերն ակտիվացրել են իրենց գործողությունները Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի ուղղությամբ և նպատակ ունեն ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով ստեղծել բուֆերային գոտին։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ զինուժի գլխավոր շտաբի՝ Միացյալ շտաբների պետերի ղեկավար, գեներալ Չարլզ Քյու Բրաուն-կրտսերը։

«[Գրոհելով Խարկովի ուղղությամբ]՝ Ռուսաստանը ակնկալում է, որ կշեղի Ուկրաինայի ուշադրությունն ու ռեսուրսները [ռազմաճակատի] այլ կարևոր հատվածներից: Ուկրաինան ջանքեր է գործադրել՝ պաշտպանական գծերի կառուցման և ամրապնդման ուղղությամբ, որոնք այժմ փորձարկում են անցնում ռուսական ուժերի հարձակումների ներքո»,- ասել է Բրաուն կրտսերը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուրբաթ հայտարարեց, որ բուֆերային գոտին պաշտպանական նշանակություն կունենա Ուկրաինայի հարձակումների պարագայում․ «Նրանց՝ [Ուկրաինայի] մեղքն է, քանի որ ռմբակոծում են և, ցավոք, շարունակում են ռմբակոծել [մեր] սահմանամերձ տարածքների բնակելի թաղամասերը»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով, ուկրաինական բանակն ամրապնդել են իր դիրքերը Խարկովի մարզում՝ միաժամանակ, երկուշաբթի Reuters-ի հետ զրույցում, մտահոգություն հայտնելով արևմտյան սպառազինության մատակարարման ձգձգումների վերաբերյալ․ «Եթե մենք Patriot-ներ ստանայինք պատերազմի սկզբում, երբ անօդաչուները քիչ էին, երբ նրանք՝ [ռուսները] հրթիռներ էին կիրառում, և [Ռուսաստանը] տեսներ, որ այդ հրթիռները խոցվում են, կհասկանար, որ անիմաստ է զանգվածաբար թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքները»։

Փորձագետները նշում են՝ նախորդ օրերին մարտադաշտում Ռուսաստանի որոշակի առաջխաղացումը խորացրել է հումանիտար ճգնաժամը Ուկրաինայում։

«Նրանք հաջողություններ են գրանցել Խարկովի մարզում, և չեմ կարծում, որ Պուտինը կամ նրա գեներալները հետ կանգնելու մտադրություն ունեն»,- ասում է Վուդրո Վիլսոնի կենտրոնի ներկայացուցիչ Վիլյամ Պոմերանզը:

Ուկրաինացի պաշտոնյանների ներկայացմամբ, Ռուսաստանի հարձակումները Խարկովի ուղղությամբ հարկադրել են այս մայիսի 10-ից ի վեր տարհանել ավելի քան 10 հազար մարդու:

XS
SM
MD
LG