ԵՄ երկրները պաշտոնապես համաձայնության են եկել ռուսական կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված շահույթն օգտագործելու Ուկրաինայի պաշտպանության համար:
Այս մասին երեքշաբթի հայտնել է Բելգիայի կառավարությունը։
Մայիսի սկզբին այս հարցում համաձայնության էին եկել ԵՄ երկրների դեսպանները, սակայն փաստաթուղթը պետք է նաև հաստատվեր ԵՄ երկրների նախարարների կողմից։
Ըստ համաձայնագրի, միջոցների 90%-ը կհամալրի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հիմնադրամը, որը կառավարվում է ԵՄ-ի կողմից, իսկ 10%-ը կօգտագործվի Կիևին այլ կերպ աջակցելու համար։
ԵՄ-ն հուսով է, որ այս քայլը տարեկան կբերի մոտ 3,3 միլիարդ դոլար, որը կարող է օգտագործվել Ուկրաինային օգնելու համար:
«ԵՄ խորհուրդը հաստատել է Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված շահույթն օգտագործելու Ուկրաինայի վերականգնման և ռազմական ինքնապաշտպանությանն աջակցելու համար», - ասվում է Բելգիայի ղեկավարության գրառման մեջ։
ԵՄ-ն ակնկալում է, որ ակտիվները մինչև 2027 թվականը կկազմեն մոտ 16,30-21,70 միլիարդ դոլար: Ըստ ԵՄ դիվանագետների, Ուկրաինան առաջին անգամ այդ հասույթից կստանա հուլիս ամսին:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն այս շաբաթ կառաջարկի Մեծ յոթնյակի երկրներին համաձայնության գալ շահույթը որպես գրավ օգտագործելու ծրագրի շուրջ՝ Ուկրաինային օգնելու համար ավելի մեծ վարկ ապահովելու համար:
Վաշինգտոնի և Լոնդոնի կողմից քննարկվող պլանը Ուկրաինային կտրամադրի մոտ 50 միլիարդ դոլարի վարկ, որը կապահովվի ռուսական սառեցված ակտիվներից ստացված ապագա եկամուտներով: