ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ, դմոկրատ Չակ Շումերը հայտարարել է, թե Կոնգրեսի վերին պալատն այս շաբաթ վերստին կփորձի ընդունել երկրի սահմանային անվտանգությանը վերաբերող երկկուսակցական օրինագիծը:
Հիշեցնենք, նախկին փորձն անհաջող էր. ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հորդորով հանրապետական օրենսդիրները չաջակցեցին։
«Հուսով եմ, հանրապետականներն ու դեմոկրատները կարող են միասին աշխատել՝ սահմանային երկկուսակցական ակտն այս շաբաթ ընդունելու համար»,- գրել է Շումերը՝ սենատորներին ուղղված նամակում:
Սենատորի ներկայացմամբ, օրինագիծը բարեփոխումներ է նախատեսում ապաստան տրամադրելու մասին օրենսդրությունում, ի զորու կլինի մեծացնել սահմանապահների թիվը և կրճատել ֆենտանիլի մաքսանենգությունը:
Հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների տան առաջնորդները՝ խոսնակը Մայք Ջոնսոնը և այլոք, արդեն իսկ արձագանքել են՝ եթե օրինագիծը հասնի Կոնգրեսի ստորին պալատ, չի ընդունվի։
Սպիտակ տունն իր աջակցություն է հայտնել օրինագծին։
«Այս՝ սահմանային երկկուսակցական օրինագիծը զգալի փոփոխություններ կիրականացնի, կտրամադրի ռեսուրսներ և անձնակազմ, որոնք անհրաժեշտ են սահմանի անվտանգության ապահովման համար, և մեր երկիրն ավելի անվտանգ կդարձնի»,- կարդում ենք երկուշաբթի Սպիտակ տան տարածած հայտարարությունում:
Շումերն ընդգծել է, թեև նախորդ օրինագիծը Ուկրաինային և Իսրայելին ամերիկյան օգնության տրամադրման փաթեթի մասն էր, այս մեկը վրաբերում է բացառապես սահմանային խնդիրների։
2021 թվականի հունվարից ի վեր, ինչ Ջո Բայդենի ստանձնեց նախագահի պաշտոնը, ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ռեկորդային թվով միգրանտներ են ձերբակալվել, իսկ սահմանների անվտանգության հարցը դարձել է այս տարվա նախագահական քարոզարշավի առանցքային հարցերից մեկը:
Այս փետրվարին ներկայացված նախկին օրինագիծը հավանություն չստացավ, ինչպես ասացինք, Թրամփի պատճառով, թեև փաստաթուղթը ներառում էր սահմանային
անվտանգության ապահովման մի շարք միջոցներ, որոնց հանրապետականները համաձայն էին:
«Նախկին նախագահը հասկացրել էր, որ ինքը կնախընտրի այս հարցը կենդանի պահել՝ իր քարոզարշավի ժամանակ օգտագործելու համար, և մեր գործընկեր- հանրապետականներից շատերը կտրուկ հրաժավեցին աջակցել օրինագծի ընդունմանը, թեև նախկինում խոստացել էին»,- ասել է Շումերը։