Մատչելի հղումներ

«Վրացական երազանքը» մտադիր է հաղթահարել «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի նկատմամբ կիրառված նախագահի վետոն


Ցույցեր Թբիլիսիում, Վրաստան
Ցույցեր Թբիլիսիում, Վրաստան

ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են արել վրաց խորհրդարանականներին անփոփոխ թողնել նախագահ Զուրաբիշվիլիի վետոն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն քննադատել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրինագծի նկատմամբ վետո կիրառելու համար։

«Մենք առաջարկեցինք միջազգային գործընկերներին օգտագործել վետոյի ընթացակարգը՝ համակարգելու դիրքորոշումները, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին կոպտորեն վետո կիրառեց օրինագծի նկատմամբ, որը, ցավոք, փակեց առողջ քննարկումների հնարավորությունը»,- մայիսի 20-ին հայտարարել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեի խոսքով, սոցիոլոգիական ուսումնասիրության համաձայն, իբր երկրի բնակչության ավելի քան 60%-ը կողմ է այս վիճահարույց օրինգածին, իսկ, ընդհանուր առմամբ, Վրաստանի քաղաքացիների ավելի քան 80%-ը կողմ է հասարակական կազմակերպությունների գործունեության թափանցիկությանը։

«Բնակչության մեծ մասի դիրքորոշումը պետք է անպայման գերակայի։ Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն կառավարության նիստում:

Հայտնի է, որ օրինագծի հակառակորդները ապրիլի 15-ից ամեն օր զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացնում, թեև «Վրացական երազանքը» շարունակում է պնդել, որ իր կողմնակիցների ցույցերն «բազմապատիկ ավելին են»։

Այստեղ նշենք, որ հեղինակավոր կազմակերպությունների, այդ թվում՝ NDI-ի և IRI-ի կողմից տարբեր տարիների անցկացված սոցհարցումների համաձայն, երկրի եվրաինտեգրմանը հետևողականորեն աջակցում է Վրաստանի բնակչության ավելի քան 80%-ը։ Այնինչ, ինչպես բազմիցս հայտարարել են Եվրամիության ներկայացուցիչները, վիճահարույց օրինագծի ընդունումը կարող է Թբիլիսիի համար խոչընդոտ դառնալ Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է, որ այս օրինագիծը չի կարող բարելավվել, ուստի՝ պետք է չեղարկվի։ Մայիսի 18-ին նա վետո կիրառեց օրինագծի նկատմամբ։

«Այս օրինագծը հնարավոր չէ փոխել։ Այն ամբողջությամբ հակասահմանադրական է, հետևաբար՝ ո՛չ վրացական, ո՛չ եվրոպական և ո՛չ ժողովրդավարական: Այն չի կարող բարելավվել, եթե այնտեղ փոփոխություններ կատարենք։ Այդ օրինագծի էությունը, բովանդակությունը, սկզբունքներն անընդունելի են։ Ուստի, օրինագծի չեղարկումն այլընտրանք չունի և արտահայտում է ժողովրդի կամքը։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկում ենք այն չեղարկել հնարավորինս շուտ»,- վետոն կիրառելիս՝ նշել է Վրաստանի նախագահը։

Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է, որ օրենքը «ամբողջովին կրկնում է ռուսական օրենսդրության ոգին», և նշել Վրաստանի սահմանադրության չորս հոդվածները, որոնց այն հակասում է։

Հիշեցնենք, իշխող՝ «Վրացական երազանքի» նախաձեռնությամբ այս մայիսի 14-ին ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը քննադատները համարում են ռուսաստանյան նմանատիպ օրենքի պատճեն, պարտավորեցնում է այն կազմակերպություններին, որոնք իրենց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստանում են արտերկրից, գրանցվել՝ որպես «օտարերկրյա ազդեցության գործակալ»:

Ըստ «Վրացական օրինագիծի, նպատակ ունի հասարակական կազմակերպությունների դաշտում ապահովել առավելագույն թափանցիկություն: Մինչդեռ, ընդդիմախոսները պնդում են, որ, իրականում, իշխող կուսակցությունը կփորձի օգտագործել այն՝ զսպելու լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին, ինչպես եղավ Ռուսաստանում։ Ընդդիմությունը նաև կարծում է, ընդունելով նման օրենք՝ «Վրացական երազանքը» փորձում է փոխել դեպի Եվրոպա միտված Վրաստանի արտաքին քաղաքական ուղղությունը։

Թբիլիսիի արևմտյան գործընկերները ողջունել են նախագահ Զուրաբիշվիլիի կողմից վետոյի կիրառումը և հույս հայտնել, որ «Վրացական երազանքը» չի նախաձեռնի այն հաղթահարելու գործընթաց։

«Ուրախ եմ տեսնել, որ նախագահ Զուրաբիշվիլին պաշտպանում է Վրաստանի եվրատլանտյան ապագան՝ վետո կիրառելով օտարերկրյա գործակալների մասին օրինագծի նկատմամբ։ Կոչ ենք անում խորհրդարանի անդամներին՝ ցուցաբերել նույն խիզախությունը»,- սոցցանցում գրել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ասել է, որ Վրաստանի նախագահի վետոն վերաիմաստավորման տեղիք է տալիս, քանի որ վիճահարույց օրինագիծն իր ներկայիս տեսքով չի համապատասխանում եվրոպական հանրության արժեքներին և վերջինիս հետ ինտեգրվելու ուղուն։

«Կոչ եմ անում Վրաստանի բոլոր քաղաքական գործիչներին և առաջնորդներին օգտվել այս հնարավորությունից և ապահովել, որ Վրաստանը մնա եվրոպական ուղու վրա»,- X-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Այս ամենի ֆոնին՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մայիսի 20-ին լրագրողներին փոխանցել է, թե «Վրացական երազանքը» մտադիր է հաղթահարել նախագահի վետոն։ Այդ նպատակին հասնելու համար՝ խորհրդարանում իշխող ուժն ունի բավարար թվով ձայներ։ Սպասվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 28-ին։

Ուշագրավ էր նաև Վրաստանի նախագահի կիրառած վետոյի նկատմամբ Ռուսաստանի արձագանքը, որը տրամագծորեն հակառակ էր արևմտյան երկրների դիրքորոշմանը։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, օրինակ, կոչ են արել ռուսաստանցի վերաբնակիչներին չմասնակցել Թբիլիսիում ընթացող բողոքի ակցիաներին։

Վրաստանի օմբուդսմենի ներկայացմամբ, նախորդ ավելի քան մեկ ամսվա ընթացքում Թբիլիսիում չդադարող բողոքի ցույցերը ցրելու ժամանակ բերման է ենթարկվել մոտ 180 մարդ, նաև՝ Ռուսաստանի քաղաքացիներ։

XS
SM
MD
LG