Երկրորդ աշխարհամարտում հաղթանակին նվիրված տոնակատարությունները, թերևս, վերջինն էին, երբ Սերգեյ Շոյգուն հանրության առջև էր որպես Ռուսաստանի պաշտպանության նախարար: Երեք օր անց, Վլադիմիր Պուտինը հեռացրեց նրան այդ պաշտոնից` ռազմական գերատեսչության ղեկավար նշանակելով տնտեսագետ Անդրեյ Բելոուսովին, ում շատերը վերագրում են այն գործողությունների մշակումը, որ ձեռնարկում է Կրեմլը՝ արևմտյան պատժամիջոցների դեմ։
Նման նշանակումը, ըստ վերլուծաբանների, վկայում է, որ Պուտինը պատրաստվում է ծախսատար ու երկարատև պատերազմի, և Բելոուսովը կոչված է ապահովել Ռուսաստանի ռեսուրների արդյունավետ օգտագործումը:
«Այժմ, երբ Ռուսաստանը պատրաստվում է երկարատև պատերազմի, [ռուսները] ցանկանում են համոզվել, որ այն կարող են տանել։ Հետևաբար, տնտեսագետը լավագույնն է, ով կարող է այդ անել»,- ասում է բրիտանական վերլուծական կենտրոններից՝ Chatham House-ի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ավագ խորհրդատու Քեյր Ջայլսը։
Your browser doesn’t support HTML5
Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ, Ուկրաինայի պատերազմն արդեն իսկ Ռուսաստանին արժեցել է ավելի քան 200 միլիարդ դոլար։
Հատկանշական է, որ Մոսկվայում կադրային փոփոխությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ռուսական ուժերը նոր՝ լայնածավալ գրոհ են ձեռնարկել Ուկրաինայի հյուսիս-արևելյան՝ Խարկովի մարզի ուղղությամբ:
Այս հարձակումը լրացուցիչ վկայություն է, որ Կրեմլը չի պատրաստվում խաղաղության։
«Պուտինը ձգտում է ավելի արդյունավետ օգտագործել [երկրի] պաշտպանական բյուջեն։ Այնպես որ, չեմ կարծում, թե այն նշան է, որ ինչ-որ փոփոխություններ կլինեն Ուկրաինայում Պուտինի ռազմավարության հետ կապված»,- ասում է Անվտանգային հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր Նատիա Սեսկուրիան։
Այս մարտին կայացած «ընտրություններից» հետո՝ 71-ամյա Պուտինը, փաստորեն մտադիր է ևս վեց տարի մնալ Կրեմլում։