Մատչելի հղումներ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել է Կիև


Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չնախատեսված այցով ժամանել է Ուկրաինա
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չնախատեսված այցով ժամանել է Ուկրաինա

«Ազատ աշխարհը ձեզ հետ է». Բլինքենը դիմել է ուկրաինացիներին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չնախատեսված այցով ժամանել է Ուկրաինա: Սա նրա առաջին այցն է Ուկրաինա՝ ԱՄՆ Կոնգրեսի կողմից երկար սպասված օգնության փաթեթի հաստատումից հետո: Բլինքենն ասել է, որ իր այցը Կիև կոչված է ի ցույց դնել ԱՄՆ աջակցությունն Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում:

Այցի ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է ունեցել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ քննարկելով Ուկրաինայի պաշտպանության և խաղաղության վերաբերյալ նախատեսված գագաթնաժողովը, որը պետք է տեղի ունենա հաջորդ ամիս։ Զելենսկու խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասնակցությունը գագաթնաժողովին վճռորոշ դեր կունենա։

«Ազատ աշխարհը ձեզ հետ է». Բլինքենը դիմել է ուկրաինացիներին. ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Կիև
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում ելույթի ժամանակ Բլինքենը խոսել է Եվրոպային և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի լիարժեք ինտեգրման հեռանկարի մասին՝ ասելով, որ երբ ժամանակը գա, Կիևի անդամակցությունը կընթանա արագ ու հարթ։ ԱՄՆ պետքարտուղարը վստահեցրել է, որ Վաշինգտոնը երկարաժամկետ ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային ու կնպաստի երկրի տնտեսական աճին:

Էնթոնի Բլինքենի խոսքով, ԱՄՆ-ն ու դաշնակիցները Ռուսաստանին կստիպեն վճարել Ուկրաինան ավերելու համար և կօգնեն ուկրաինացի ժողովրդին՝ կառուցել ամուր, ժողովրդավարական պետություն:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այցը՝ Խարկովի մարզի ուղղությամբ ռուսական շարունակվող գրոհների ֆոնին է։ Դիտորդների գնահատմամբ, ռուսական ուժերը փորձում են նոր տարածքներ գրավել Ուկրաինայի հյուսիս-արևելքում՝ երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի դեմ հետագա գործողությունների համար:

Հավանական է համարվում, որ ռուսական կողմը կպահպանի գրոհների ինտենսիվությունը արևելյան Ուկրաինայում, որպեսզի փորձի նորանոր տարածքներ զավթել՝ մինչև արևմտյան օգնության հասնելը:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Ուկրաինայի դեմ հարձակման հերթական ալիքը նախաձեռնելով՝ Պուտինն ալիք առ ալիքն առաջնագիծ է ուղարկում ռուսաստանցի զինվորներին, իրանական անօդաչուներ, հյուսիսկորեական արկեր, ինչպես նաև տանկեր, հրթիռներ ու կործանիչներ, որոնք արտադրված են Չինաստանից ներմուծած մասերով․ «Ձեզ հետ ենք։ Ձեր կողքին կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ երաշխավորված չեն Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը, սեփական ուղին ընտրելու կարողությունը»։

Էնթոնի Բլինքենը ընդգծել է, որ Կիևին ամերիկյան սպառազինության մատակարարումները սկսվել են Կոնգրեսի կողմից Ուկրաինայի համար նախատեսված օգնության փաթեթի հաստատումից անմիջապես հետո․ «Առաջիկա շաբաթներին շատ ավելին կմատակարարվի»։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի հետ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ուկրաինան, չնայած ռազմական գործողություններին, իրականացնում է անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ և ներգրավվում ներդրումներ մասնավոր հատված, ինչը կարևոր է Եվրամիությանն անդամակցության ճանապարհին։

Հանդես գալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսում՝ Բլինքենն ասել է, որ ամերիկյան աջակցությունը ուղղված է լինելու նաև Ուկրաինայի արդյունաբերությանը։

ԱՄՆ պետքարտուղարը տեղեկացրել է, որ նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ ընդգծելով, թե Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Ուկրաինայի հարցով հաջորդ ամիս Շվեյցարիայում նախատեսված խաղաղության գագաթնաժողովի անցկացմանը և «ակտիվորեն ներկայացված կլինի» այնտեղ։

Իր հերթին՝ Դմիտրի Կուլեբան նշել է, թե Ուկրաինային շտապ անհրաժեշտ են հակաօդային պաշտպանության առնվազն 7 միավոր համալիրներ՝ մանրամասնելով, որ միայն Խարկովի մարզում հարկավոր են երկուսը։

Կուլեբան նաև անդրադարձել է արևմտյան դաշնակիցների խոստացած զենքի մատակարարման արագացմանը։

Բլինքենի խոսքով, Միացյալ Նահանգներն, իրականում, շտապում է Ուկրաինային զինամթերք, զրահատեխնիկա, հրթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու գործում՝ հավելելով, թե Վաշինգտոնը մտադիր է Ուկրաինա ուղարկել հակաօդային պաշտպանության Patriot համալիրներ և այլ միջոցներ։

ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է՝ Ուկրաինան ինքն է որոշումներ կայացնում, թե արդյոք անհրաժեշտ է ամերիկյան զենքով հարվածել ռուսաստանյան տարածքին, սակայն Վաշինգտոնը չի խրախուսում այն։

Բլինքենը Կիևում չի սահմանափակվել պաշտոնական օրակարգով․ կիթառ է նվագել Կիևի բարերից մեկում՝ կատարելով Նիլ Յանգի Rockin' in the Free World ստեղծագործությունը, որը թողարկվել էր 1989 թվականին՝ Բեռլինի պատի փլուզումից առաջ։

«Միացյալ Նահանգները ձեզ հետ է, աշխարհի մեծ մասը ձեզ հետ է, և նրանք պայքարում են ոչ միայն ազատ Ուկրաինայի, այլև ազատ աշխարհի համար: Եվ ազատ աշխարհը նույնպես ձեզ հետ է»,- կատարումից առաջ հայտարարել է Բլինքենը։

XS
SM
MD
LG