Մատչելի հղումներ

Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային հատկացվող աջակցության «ամենակարևոր փաթեթի» համար


Զելենսկին Կիևում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։
Զելենսկին Կիևում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։

Ուկրաինայի նախագահը Կիևում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։

Երեքշաբթի Կիևում ընդունելով Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության նոր՝ «խոշոր փաթեթի» համար։

Բլինքենը ժամանել է Ուկրաինա՝ նախապես չհայտարարված այցով, որը, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, «հուսադրող հզոր ուղերձ» է՝ մինչ ուկրաինական զորքերը դիմագրավում են ռուսական օկուպացիոն ուժերի գրոհներին և սպասում արևմտյան սպառազինության նոր մատակարարումներին:

Զելենսկու խոսքով, Բլինքենի այցը տեղի է ունենում «[Ուկրաինայի] արևելքում տիրող դժվար ժամանակաշրջանում»:

Նախորդ շաբաթվա ընթացքում Ռուսաստանն ուժեղացրել է հարձակումները Խարկովի մարզի ուղղությամբ:

Ուկրաինայի նախագահը, հավելել է՝ Էնթոնի Բլինքենի հետ կքննարկի ամերիկյան նոր օգնության շուտափույթ ստացման և ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդման հարցերը՝ հույս հայտնելով, որ Խարկովի պաշտպանության համար Ուկրաինան կարող է ձեռք բերել հակաօդային պաշտպանության ամերիկյան հայտնի Patriot համալիրները:

Բլինքենն արձագանքել է, թե Միացյալ Նահանգները՝ Ուկրաինայի այլ գործընկերների հետ միասին, հանձնառու են ապահովել, որ Ուկրաինան ունենա այն, ինչ իրեն անհրաժեշտ է՝ ռուսական ներխուժման դեմ պայքարելու համար:

«Գիտենք, որ դժվար ժամանակներ են, բայց նաև գիտենք, որ օգնությունը ճանապարհին է։ Դրա մի մասն արդեն հասել է։ Ավելին է գալու: Սա փոփոխություն կբերի մարտի դաշտում՝ ռուսական շարունակվող ագրեսիայի դեմ պայքարում»,- ասել է Բլինքենը:

ԱՄՆ պետքարտուղարը բանակցություններ կվարի նաև Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ելույթ կունենա Կիևում։

XS
SM
MD
LG