Չորեքշաբթի Փենսիլվանիայում՝ աբորտ կատարելու իրավունքի պաշտպանության վերաբերյալ քարոզարշավի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ում դեմոկրատները առաջադրել են երկրի փոխնախագահի թեկնածու՝ գալիք ընտրությունների համար, դատապարտել է մի շարք նահանգներում հղիության արհեստական ընդհատման առջև ստեղծված սահմանափակումները, ներառյալ՝ Ֆլորիդայում ուժի մեջ մտածը, ըստ որի հղիության վեց շաբաթից հետո աբորտ կատարելն այլևս արգելվում է՝ բացառությամբ խիստ սահմանփակ դեպքերի։
«Եկեք անկեղծ լինենք։ Մի՞թե չեք վստահում կանանց իրենց իսկ շահերին վերաբերող հարցերում։ Մի՞թե որոշ նահանգների որոշ օրենսդիրներ, որոնց մեծ մասը կանայք չեն, ավելի լավ գիտեն, թե ինչ պետք է անի կինը։ Սակայն, մի մոռացեք, որ կանայք մասնակցելու են ընտրություններին»։
Your browser doesn’t support HTML5
Հայտնի է, որ նախագահ Ջո Բայդենը խոստանում է վերընտրվելու դեպքում վերականգնել «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով ԱՄՆ գերագույն դատարանի շրջադարձային վճիռը, որը հինգ տասնամյակ Միացյալ Նահանգներում երաշխավորել է կնոջ՝ աբորտ կատարելու իրավունքը։
Իրեն պատկանող Truth Social սոցհարթակի միջոցով հարցի վերաբերյալ մայիսի 5-ին արտահայտվեց ԱՄՆ նախագահի հանրապետականների թեկնածու Դոնալդ Թրամփը։
ԱՄՆ նախկին նախագահի խոսքով, աբորտ կատարելու հարցը պետք է թողնել նահանգային իշխանությունների հայեցողությանը և այն չպետք է վերադառնա դաշնային մակարդակ, իսկ երկիրը շուտով կհաղթահարի այս հարցի շուրջ տարաձայնությունը։
Ի դեպ, ԱՄՆ գերագույն դատարանի հինգ դատավորներից երեքը, որոնք 2022 թվականին քվեարկել էին «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով որոշումը չեղարկելու օգտին, նշանակվել էին Թրամփի կողմից։
Ըստ Գութմախերի ինստիտուտի, ներկայում ԱՄՆ 41 նահանգներում աբորտները արգելված են հղիության 6-ից 24 շաբաթների միջակայքում՝ որոշակի բացառություններով։
Այդ սահմանափակումները շատերին են դրդել մասնակցել ընտրություններին՝ ասում է Human Rights Watch կազմակերպության ներկայացուցիչ Ջո Բեքերը։
«Նահանգներում կիրառված միջոցները դրդեցին կին-ընտրողներին՝ փորձել ամրապնդել աբորտ կատարելու իրավունքը հարազատ նահանգում»։
Թրամփն ու Բայդենն իրենց նախընտրական արշավներում տարբերակված մոտեցումներ են ցուցաբերում նահանգերի նկատմամբ՝ հասկանալու, թե արդյոք աբորտների խնդիրը որոշիչ գործոն կլինի 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ՝ ասում է Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր Հելեն Ալվարեն, ով իրեն համարում է աբորտների դեմ հանդես եկող դեմոկրատ գործիչ։
«The New York Times-ի և այլ պարբերականների գնահատմամբ, աբորտի [իրավունքի հարցը] Բայդենի քարոզարշավի թիվ մեկ կետն է։ Այն ռազմավարական որոշումը, որ նրանք կայացրել են, կարող է նրանց մի քանի տոկոս առավելություն տալ։ Այն [նրանց համար] այնպիսի առաջնային հարցերի շարքին է, ինչպիսիք են տնտեսությունը, գնաճը և ներգաղթի հետ կապված խնդիրները»։
Դյուքի համալսարանի ուսանող Ամայա Քլեյթոնի ներկայացմամբ, իր սերունդը վերարտադրողական իրավունքների պահպանումը լուրջ խնդիր է համարում։
«Սա դարձել է ԱՄՆ-ում մշտական քննարկման թեմա այն բանից հետո, երբ «Դոբսն ընդդեմ Ջեքսոնի» գործի վերաբերյալ կայացված վճռով «Ռոուի» որոշումը չեղարկվեց։ Կարծում եմ, այս հարցը բազմաթիվ ուսանողների է հուզում»։
Նյու Հեմփշիր նահանգից ԱՄՆ Ներկայացուցիչների տուն ընտրված հանրապետական Ջիմ Քոֆալթն ասում է, որ ընտրողներից մտահոգություններ է լսել։
«Մարդիկ անհանգստանում են, որ նահանգային մակարդակով պատրաստվում ենք աբորտների համատարած սահմանափակումներ մտցնել։ Սակայն նման բան տեղի չի ունեցել։ Կարծում եմ, հարցի շուրջ դեռ հանրային բազմաթիվ քննարկումներ պետք է լինեն՝ հասկանալու, թե ինչ ենք մտածում այս կապակցությամբ և որոնք են ընդունելի սահմանափակումները»։
Արիզոնայի նման նահանգներում, ուր վերջերս վերացվել է աբորտների գրեթե ամբողջական արգելքը, բանավեճը վերածվել է օրենսդրական մարտերի։
Դիտորնդերն սպասում են, որ աբորտ կատարելու իրավունքի վերաբերյալ նահանգային մակարդակով դատական գործերը կշարունակվեն, և հավելում են՝ դեռ վաղ է ասել, թե արդյոք հղիության արհեստական ընդհատումը ընտրողների համար կդառնա վճռորոշ հարց՝ նոյեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ։