Վիկտորյա Նուլանդը, ով ԱՄՆ նախագահներ Բարաք Օբամայի և Ջո Բայդենի օրոք բարձր պաշտոններ է զբաղեցրել պետքարտուղարությունում՝ պատասխանատու լինելով հետխորհրդային երկրների ուղղությամբ, ընդգծել է, որ ուկրաինական պատերազմի սկզբից ավելի քան երկու տարի անց Պուտինն այդպես էլ չի կարողացել հասնել այն նպատակներին, որոնց ձգտում էր և որոնց մասին հայտարարել էր․ «Նա ցանկանում էր հողին հավասարեցնել Ուկրաինան։ Ցանկանում էր երաշխավորել, որ [Կիևը] զրկված լինի ինքնիշխանությունից, անկախությունից, ժողովրդավարական ապագայից, քանզի ժողովրդավարական Ուկրաինան, եվրոպական Ուկրաինան, ի թիվս այլ բաների, վտանգ է ներկայացնում Ռուսաստանին՝ [Կրեմլի պետական] մոդելի համար»:
Politico-ի զրուցակիցը հայտարարել է՝ Ուկրաինան կարող է հաղթել պատերազմում, եթե ԱՄՆ-ն ու դաշնակիցները շարունակեն օգնությունը․ «Կարո՞ղ է արդյոք Ուկրաինան հաջողության հասնել: Անկասկած. Կարո՞ղ է Ուկրաինան այս իրավիճակից դուրս գալ ավելի ինքնիշխան, տնտեսապես ավելի անկախ, ավելի ուժեղ, ավելի եվրոպական, քան հիմա է: Անկասկած. Կարծում եմ, այդպես էլ կլինի։ Բայց մենք պետք է մնանք նրա կողքին: Պետք է վստահ լինենք, որ մեր դաշնակիցները կշարունակեն աջակցել նրան»։
Նուլանդը կոչ է արել արագացնել ուկրաինական զինուժի արդիականացումը՝ Ռուսաստանին զսպելու ամուր կարողությամբ, տրամադրելով Կիևին հեռահար զենքեր՝ «ռազմավարական առաջընթացի հասնելու համար» և պաշտպանելու սեփական կարևոր ենթակառուցվածքներն ու էներգետիկ հանգույցմները:
Պետքարտուղարի նախկին տեղակալը կարծիք է հայտնել, որ Ուկրաինան կարող է հասնել մի կետի, երբ Պուտինն այլ ելք չի ունենա, քան նստել բանակցությունների սեղանի շուրջ։
Ըստ Վիկոտրյա Նուլանդի, ցանկացած պայմանավորվածություն, որն Ուկրաինան ձեռք կբերի, պետք է լինի համաձայնություն, որին Պուտինը ստիպված է լինելու հավատարիմ մնալ, և որը ներառելու է ռուսական օկուպացիոն զորքերի դուրսբերումը ուկրաինական հողերից․ «Սա պետք է լինի համաձայնագիր, որը կերաշխավորի, թե ինչ էլ որոշվի Ղրիմի վերաբերյալ, այն չի կարող դառնալ ռազմականացված գոտի՝ դաշույն ուղղված Ուկրաինայի սրտին»։
Նուլանդի խոսքով՝ 2022 թվականին, երբ քննարկվում էին Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները, Ուկրաինայի դիրքերը բավականաչափ ամուր չէին։ Այսօր էլ նույնն է։
Սա անընդունելի է՝ ընդգծել է Վիկտորյա Նուլանդը։