Մատչելի հղումներ

Մարդասիրական օգնությունը Կիպրոսից ուղղություն է վերցրել Գազա


Գազայի համար նախատեսված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը
Գազայի համար նախատեսված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը

Գազայի համար նախատեսված մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը, որ շրջան է մուտք գործելու ԱՄՆ կողմից կառուցված նավամատույցով, դուրս է եկել Կիպրոսից և ուղղություն է վերցրել ռազմական գործողությունների հետևանքով ավերված պաղեստինյան հողեր։ Օգնությունը տանում է ամերիկյան բեռնակիր՝ Sagamore նավը։

Sagamore նավը հինգշաբթի բեռնում էին սննդամթերքով ու խմելու ջրով լի արկղերով, ոպեսզի այն ուղղություն վերցնի դեպի Գազայի հատված, ուր ամերիկյան ռազմուժի ջանքերով վերջերս կառուցվեց նավամատույց՝ ծովով առաքվող օգնությունը ընդունելու համար։ Sagamore-ը բեռը փոխանցելու է ամերիկյան մեկ այլ նավի՝ MV Roy Benavidez-ին, որն էլ այն կհասցնի Գազայի նորակերտ նամատույց։

«MV Roy Benavidez-ը կլինի, այսպես ասած, դեպքի վայրում այն օրը, երբ սկսենք գործողությունը։ [Փոխանցելով բեռը]՝ Sagamore-ը կազատվի և կվերադառնա Կիպրոս՝ լրացուցիչ օգնություն բեռնելու համար: Սպասում ենք, համապատասխան, անվտանգային ու եղանակային պայմաններին՝ գործն անելու համար։ Ժամանակն օգտագործելու ենք մեր օգտին»,- ասում է Պենտագոնի մամուլի խոսնակ, գեներալ-մայոր Փեթ Ռայդերը:

Հայտնի է, որ հումանիտար հրավիճակը Գազայում օրեցօր սրվում է՝ մարդկանց համար կենսական պարենամթերքի ու դեղորայքի ծայրահեղ պակասի պատճառով։

«Երկու միլիոն պաղեստինցիները, որոնք ապրում են Գազայում, սովի եզրին են, ինչը սննդի պակասի հետ կապված ամենասարսափելի իրավիճակներից է նորագույն պատմության ընթացքում»,- ասում է Brookings Institution-ի ներկայացուցիչ Մայքլ Օ'Հենլոնը:

Ամերիկացի պաշտոնյաների խոսքով, ԱՄՆ կառուցած նավամատույցը կարող է օրական տասնյակ բեռնատարների չափ օգնություն ապահովել Գազայի հատվածին, ինչն, ըստ Մայքլ Օ'Հենլոնի, խիստ անհրաժեշտ է՝ հաշվի առնելով, որ ցամաքային ու օդային ճանապարհով պաղեստինցիներին առաքվող օգնության ծավալները չեն բավականացնում։

«Այս նավամատույցը անհրաժեշտ է և, իրականում, ուշացած։ Այն թվերը, որ տեսել եմ, վկայում են, որ [ծովով առաքվող մարդասիրական օժանդակությունը] կարող է ապահովել անհրաժեշտ աջակցության զգալի մասը»,- ասում է Օ'Հենլոնը:

ԱՄՆ ներկայացուցիչների խոսքով, տեղում ձեռնարկվել են անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցները՝ երաշխավորելու նավամատույցին կից գործող ամերիկացի զինվորականների ու մարդասիրական օգնությունը ընդունող քաղաքացիական անձանց պաշտպանությունը։

«Եթե «Համասն», իրոք, հոգ է տանում պաղեստինցի ժողովրդի մասին, խնդիրներ չի ստեղծի մարդասիրական օգնության առաքմանը, իսկ մենք կշարունակենք աշխատել միջազգային հանրության հետ՝ այդ օգնությունը արագ տեղ հասցնելու համար»,- ասում է Պենտագոնի խոսնակը:

Ամերիկացի պաշտոնյաների համաձայն, արդեն հաջորդ շաբաթ կսկսվի ծովով ստացված օգնության բաշխումը պաղեստինցիներին:

XS
SM
MD
LG