Մատչելի հղումներ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Ալմաթիում 


Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուն և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը լուսանկարվել են Հայաստան-Ադրբեջան բանակցություններից առաջ Ալմաթիում, Ղազախստան, 2024 թվականի մայիսի 10-ին: REUTERS/Պավել Միխեև
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրթլեուն և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը լուսանկարվել են Հայաստան-Ադրբեջան բանակցություններից առաջ Ալմաթիում, Ղազախստան, 2024 թվականի մայիսի 10-ին: REUTERS/Պավել Միխեև

Ալմաթիում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների միիջև բանակցույունները: Առաջին հանդիպումը կայացավ մայիսի 10-ին: Այսօր մայիսի 11-ին բանակցությունները կշարունակվեն: Այս պահին այլ մանրամասներ բանակցային գործընթացի մասին հայտնի չեն:

Ալմաթիում արտգործնախարարների միջև բանակցությունների մեկնարկին Հայաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել ողջույնի խոսքերով։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ արտգործանախարար Արարատ Միրզոյանը իր խոսքում ընդգծել է, որ «Հայաստանում բարձր ենք գնահատում Ղազախստանի ցանկությունն աջակցել իր համար երկու բարեկամ երկրներին հասնել համաձայնության և Հարավային Կովկասում հաստատել երկարատև խաղաղություն։»

Միրզոյանը շատ խորհրդանշական է, որակել, որ հանդիպումն անցնում է Ալմաթիում, «որտեղ 1991թ. ստորագրվել է Ալմա-Աթայի հռչակագիրը»՝ շեշտելով, որ «դա այն փաստաթուղթն է, որը ստորագրեցին արդեն նախկին ԽՍՀՄ տանսմեկ հանրապետությունները՝ ի թիվս այլնի, ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմանները ճանաչելով որպես անկախ պետությունների միջև միջպետական սահմաններ։» «Կարևոր է, որ վերջին երկու տարվա ընթացքում և’ Հայաստանի վարչապետը, և’ Ադրբեջանի նախագահը տարբեր ձևաչափերով մի քանի անգամ վերահաստատել են Ալմա-Աթայի հռչակագրին հանձնառությունը, վերահաստատել են նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, ինչպես նաև վերահաստատել են, որ սահմանազատման գործընթացը պետք է իրականացվի հենց Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ասել է Միրզոյանը:

Նա կրկին ընդգծել է, որ Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, այլև առաջ շարժվել տրանսպորտային ուղիների ապաշրջափակման համար։

Իր հերթին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ղազախստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը հույս էր հայտնել, որ Ալմաթիում ընթացող բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության պայմաններում։ Եռակողմ հանդիպման էլ նա կարևորել է ապրիլի 19-ին ստորագրված արձանագրությունը, որով հայ - ադրբեջանական պետական սահմանի որոշակի հատվածներ սահմանազատման ենթարկվեցին:

«Ուրախալի է, որ սույն արձանագրության դրույթները կատարվել են սահմանված ժամկետներում։ Կատարվել են մեծ ծավալի աշխատանքներ, պետական սահմանի համապատասխան հատվածների ականազերծումն իրականացվել է համատեղ ջանքերով, ճշտվել են աշխարհագրական կոորդինատները և ավարտվում է այս տարածքում սահմանային սյուների տեղադրումը», - ընդգծել է Բայրամովը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նաև առանձին հանդիպումներ են ունեցել Ղազախստանի արտգործնախարար Մուրատ Նուրտլաունի հետ: Իրենց խոսքում հայկական և ադրբեջանական կողմերը շնորհակալություն են հայտնել ղազախական կողմին այս բանակցություները հյուրընկալելու ու կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ Ղազախստանն այս գործընթացում հանդես չի գալիս որպես միջնորդ, այլ հարթակ է տրամադրում Երևանին ու Բաքվին խաղաղ բանակցային գործընթացի համար:

X հարթակում կատարած իր գրառման մեջ Ջեյհուն Բայրամովը նշել է. «Շնորհակալություն Ղազախստանին և փոխվարչապետին՝ ԱԳ նախարար Մուրատ Նուրթլեուին՝ Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ բանակցություններ հյուրընկալելու անգնահատելի ջանքերի համար։ Ադրբեջանը կշարունակի ջանքեր գործադրել՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու համար մեր տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատելու նպատակով։»

Իր հերթին, ՀՀ արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը X հարթակում կատարած գրառմամբ մեջբերել է ՀՀ. արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթից դրույթներ՝ նշելով. «Հայաստանի ջանքերն ուղղված են խաղաղությանը, խաղաղ պայմանագրի կնքմանը: Մենք կառուցողականորեն ներգրավված ենք խաղաղության գործընթացում, և պետք է անենք ավելին, քան տարածաշրջանում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ բացելով տրանսպորտային հաղորդակցությունները:

Մենք պետք է, մենք կարող ենք դա անել՝ այն գիտակցությամբ, որ.

- բոլոր ենթակառուցվածքները պետք է մնան և գործեն պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնց տարածքով նրանք կանցնեն

- սահմանի հատման բոլոր ընթացակարգերը պետք է համաձայնեցվեն փոխադարձության սկզբունքով», նշված է ՀՀ արտգործնախարարի խոսնակի գրառման մեջ:

Մայիսի 11-ին Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգոծնախարարների միջև բանակցությունները կշարունակվեն:

XS
SM
MD
LG