«Մեր վերջին բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում: Իմ գնահատականն ամբողջապես արտացոլված է կողմերի բանակցությունների արդյունքում տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Եվ այս պահին ավելին ասելու ո՛չ հիմք կա, ո՛չ էլ դրա նպատակահարմարությունը կա: Գործընթացը շարունակվում է, շարունակվում է այն սկզբունքների հունով և սկզբունքներին համահունչ, որոնք մենք հանրահռչակել ենք բազմիցս»,- ասել է նա:
Մայիսի 10-11-ին Ալմաթի քաղաքում ընթացած բանակցությոններից հետո կողմերը տարածել են նույնաբովանդակ մամլո հաղորդագրություն հանդիպման արդյուքների մասին, ուր մասնավորապես ասված է.
«2024թ. մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:
Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:
Այցի ընթացքում նախարարներն առանձին և եռակողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։»
Ըստ կողմերի հաղորդագրությունների՝ արտգործնախարարները նաև շնորհակալությունն են հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար: