Արդյո՞ք աբորտ կատարելը անձնական ազատության, թե՞ ԱՄՆ նահանգների իրավասության հարց է

ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն

Աբորտ կատարելու հարցը 2024 թ. ԱՄՆ նախագահական քարոզարշավի կենտրոնական թեմաներից է։ Նախագահ Ջո Բայդենի խոսքով, աբորտ իրականացնեու իրավունքը վերաբերում է անձնական ազատությանը։ Մինչդեռ, ԱՄՆ նախագահի հանրապետականների փաստացի թեկնածու Դոնալդ Թրամփի ներկայացմամբ, երկրի նահանգները իրենք պետք է որոշեն:

Կիրակի Արիզոնայի վարչական կենտրոնում անցնող բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհ էին անցած շաբաթ նահանգի գերագույն դատարանի որոշումից, որն իրավունք է տալիս կիրառել դեռ 19-րդ դարում ընդունված մի օրենք՝ Արիզոնայում արգելելու գրեթե բոլոր աբորտները:

Արձագանքելով՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը նշել է, թե պայքարը հանուն աբորտի իրավունքի, պայքար է ազատության համար:

«Ամերիկայում ազատությունը չի շնորհվում ինչ-որ մեկի որոշմամբ։ Այն իրավունք է, և ներառում է սեփական մարմնի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատությունը, ինչը նշանակում է թույլ չտալ, որպեսզի կառավարությունը կարգադրի մարդկանց, թե ինչ անել [սեփական մարմնի հետ]»,- ասել է փոխնախագահը:

ԱՄՆ նահանգներն իրավասու են ընդունել աբորտների վերաբերյալ իրենց օրենքները, այն բանից հետո, երբ 2022 թվականի Միացյալ Նահանգների գերագույն դատարանի որոշմամբ, փաստորեն, վերջ դրեց աբորտ կատարելու յուրաքանչյուր կնոջ սահմանադրական իրավունքին, որը ծագել էր 1973 թվականին՝ «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործի վերաբերյալ կայացված որոշումից:

Ավելորդ չէ հիշեցնել, որ Դոնալդ Թրամփն իր նախագահության օրոք նշանակել էր ԱՄՆ գերագույն դատարանի 6 դատավորներից 3-ին, ովքեր կայացրեցին 2022 թվականի որոշումը:

«Չեղարկեցինք «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործին վերաբերող որոշումը։ Արեցինք մի բան, որն անհնար էր թվում, և [աբորտների հարցով] որոշում կայացնելու իրավունքը վերադարձրեցինք նահանգներին։ Նահանգներն աշխատում են փայլուն, որոշ դեպքերում պահպանողական, որոշ դեպքերում՝ ոչ պահպանողական, բայց աշխատում են և աշխատում են այնպես, ինչպես պետք է»,- հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Your browser doesn’t support HTML5

Վերարտադրողական իրավունքի հարցը ևս կարևոր տեղ է զբաղեցնում ԱՄՆ նախագահական քարոզարշավում

Բայդենի քարոզարշավի համաձայն, քանզի Թրամփն է պատասխանատու ԱՄՆ-ում աբորտներ կատարելը երաշխավորող դաշնային իրավական նորմի չեղարկման համար, նա էլ «պատասխանատու է [բազմաթիվ մարդկանց] տառապանքների ու քաոսի համար, որին այսօր ականատես ենք լինում նաև Արիզոնայում»։

«Այժմ՝ Դոնալդ Թրամփի պատճառով մեր երկրի ավելի քան 20 նահանգներում արգելքներ կան, և վերարտադրողական տարիքի յուրաքանչյուր երրորդ կին ապրում է այնպիսի նահանգում, ուր աբորտն արգելված է»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը:

Թեև Թրամփն արձագանքել է, թե նահանգները պետք է ազատություն ունենան՝ ավելի պահպանողական օրենքներ ընդունելու, սակայն նաև նշել է, թե Արիզոնա նահանգի գերագույն դատարանի որոշումը, որն արգելում է աբորտն անգամ բռնաբարության կամ ինցեստի դեպքում, «չափազանց հեռու է գնացել»:

«Գործ ունենք գեղեցիկ ներդաշնակության հետ: Սակայն Արիզոնայի դատավորի որոշումը մեզ վերադարձնում է 1864 թվական։ Սակայն [ԱՄՆ դաշնային կառավարությունը] կփոխի այն։ Համաձայն չեմ [նման կարգի արգելքի հետ]»,- հավելել է Թրամփը:

Քամալա Հարիսի խոսքով, Արիզոնայում տեղի ունեցածը վերարտադրողական ազատությունների ուղղությամբ Թրամփի նախաձեռնած գրոհի մասն է:

«Ահա թե ինչ տեսք կունենա Թրամփի [նախագահության] երկրորդ ժամկետը: Ավելի շատ արգելքներ ու տառապանքներ, սակավ ազատություն: Ինչպես արեց Արիզոնայում, այդպես էլ ցանկանում է Ամերիկան հետ տանել 1800-ական թվականներ: Բայց չենք պատրաստվում թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:

Բայդենի նախընտարական թիմում հուսով են, որ Արիզոնայում աբորտ կատարելու իրավունքի շուրջ ստեղծված իրավիճակը կօգնի իրենց հաղթել նահանգում այս նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:

Թրամփն, ըստ երևույթին, ընդունում է, որ աբորտի իրավունքի սահմանափակման հետ կապված դժգոհությունը կարող է խնդիրներ ստեղծել ընտրությունների ժամանակ, և կոչ է արել աջակիցներին. «Այս հարցում պետք է հետևեք ձեր սրտին, բայց հիշեք՝ նաև պետք է հաղթեք ընտրություններում»: