Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Բեթղեհեմ քաղաքի գիշերային երկինքը լուսավորվել էր Իսրայելի ուղղությամբ Իրանի արձակած անօդաչուների ու հրթիռների, և նրանց ուղղությամբ իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգի աշխատանքի պատճառով:
Իսրայելական բանակի համաձայն, Թեհրանն ավելի քան 300 անօդաչու ու հրթիռ էր արձակել հրեական պետության դեմ, որի 99%-ը խոցվել էր ԱՄՆ և այլ գործընկերների օգնությամբ:
Իրանը նախազգուշացրել էր, թե հարվածելու է Իսրայելին՝ որպես պատասխան, երբ այս ամսվա սկզբին իսրայելական ավիահարվածը ավերակների վերածեց Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրանական հյուպատոսությունը, ինչի հետևանքով զոհվեց 12 հոգի, այդ թվում՝ իրանցի երկու գեներալներ:
X հարթակում տարածված հայտարարությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է ամերիկայն ռազմուժի մասնակցությունը Իսրայելի պաշտպանության գործում և կրկնել ԱՄՆ-ի «երկաթյա» հանձնառության մասին՝ ապահովելու հրեական պետության անվտանգությունը:
Your browser doesn’t support HTML5
Գալիք նախագահական ընտրություններում Բայդենի մրցակիցը՝ հանրապետականների փստացի թեկնածու Դոնալդ Թրամփը սոցհարթակում արված գրառմամբ ընդգծել է, թե իրանական հարձակումը երբեք տեղի չէր ունենա, եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ՝ չներկայացնելով, սակայն, որևէ հիմնավորում։
Ըստ գնահատականների, Թեհրանի հարձակման հետևանքով Իսրայելին հասցված վնասը աննշան է, ինչը Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը բացատրել է իր երկրի բարի կամքով:
Թեհրանում հրավիրված ասուլիսին Աբդոլլահիանը նաև ասել էր, թե հարձակման մասին Իրանը հայտնել էր ԱՄՆ-ին ու տարածաշրջանային հարևաններին՝ որպես «իսրայելական ռեժիմի դեմ օրինական պաշտպանության և պատժիչ» գործողություն:
Ինչևէ, Վաշինգտոնը ընդգծում է իր դերն Իսրայելի պաշտպանության գործում:
«Իրոք, հաջող օր էր՝ շնորհիվ պրոֆեսիոնալիզմի և համակարգված գոծողությունների: Իսրայելին հաջողվեց պաշտպանել իրեն, և ԱՄՆ-ն, անշուշտ, կատարեց իր պարտավորությունը՝ օգնելով նրան այդ անել»,- ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին:
ԱՄՆ Կոնգրեսում, ուր Իսրայելին պաշտպանելու գաղափարին դեմ հանդես եկող չկա, միաժամանակ դեմ են իրանա-իսրայելական հակամարտության ընդլայնմանը, որը կարող է պատճառ դառնալ նոր պատերազմում ամերիկյան ռազմուժի ուղիղ ներգրավմանը։
«Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պետք է ներգրավվի Իրանի դեմ ռազմական գործողություններում: Կարծում եմ, որ [ԱՄՆ] այս վարչակազմը պետք է կարողանա հասկացնել Իրանին, որ կան կարմիր գծեր: ԱՄՆ-ն կպաշտպանի Իսրայելին և թույլ չի տա, որ Իրանը դառնա [սպառնալիք] պետություն, և այդ պարագայում՝ ավելի լայն հակամարտության մեջ կներգրավվենք, քանզի չենք ունենա այլ տարբերակներ»,- ասում է հանրապետական կոնգրեսական Մայք Թերները։
Հարձակումից հետո Իրանում նկարահանված տեսանյութերը պատկերում են, թե ինչպես են մարդիկ տոնում այն Թեհրանի փողոցներում՝ ծածանելով իսլամական հանրապետության և Պաղեստինի դրոշները։ Իրանի ղեկավարությունը շարունակում է հրապարակավ հավաստիացնել, թե շարունակելու է աջակցել պաղեստինցիներին: