Բայդենը պատրաստ է Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ քննարկել Ուկրաինայի օգնության օրինագիծը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Առաջին տիկին Ջիլ Բայդենը

Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նախագահն ընդգծել է, որ հանրապետականները մեծ սխալ են թույլ տալիս՝ ընդդիմանալով Ուկրաինային տրամադրվող օգնությանը։

Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ՝ քննարկելու Ուկրաինային ռազմական օգնության օրինագիծը, որին դեմ է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը:

Դելավեեր նահանգից Սպիտակ տուն վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում նախագահը նշել է, որ հանրապետականները մեծ սխալ են թույլ տվել՝ դեմ արտահայտվելով Ուկրաինային տրամադրվող օգնությանը։

Հիշեցնենք, որ Ջոնսոնը պնդում է Բայդենի հետ հանդիպման անհրաժեշտության մասին: Անցյալ շաբաթ նա ասաց, որ անմիջական պլաններ չունի Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի համար 95 միլիարդ դոլարի միջազգային օգնության փաթեթը ներկայացնելու Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը:

Հիշեցնենք, որ Սենատի կողմից ընդունված և Ներկայացուցիչների պալատի քննարկմանն ուղարկված օրինագիծը ներառում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, 14 միլիարդ դոլար՝ Իսրայելին և 4,83 միլիարդ դոլար՝ հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, այդ թվում՝ Թայվանին՝ ԱՄՆ գործընկերներին աջակցելու և ագրեսիան զսպելու համար։

Բացի այդ, ծրագիրը նախատեսում է 9,15 միլիարդ դոլար մարդասիրական օգնություն Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի և աշխարհի այլ հակամարտությունների գոտիների խաղաղ բնակիչներին: