Մատչելի հղումներ

ԱՄՆ Սենատն ընդունել է Ուկրաինայի, Իսրայելի ու Թայվանի համար նախատեսված 95 միլիարդ դոլարանոց օգնության փաթեթը


ԱՄՆ Կոնգրես
ԱՄՆ Կոնգրես

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի համար նախատեսված ու 95 միլիարդ դոլար պարունակող օգնության փաթեթին: Սակայն փաստաթուղթը օրենքի ուժ ձեռք բերելու համար դեռ պետք է ստանա Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների տան հավանությունը։

Ուկրաինայի, Իսրայելի ու Թայվանի համար նախատեսված 95 միլիարդ դոլարանոց աջակցության փաթեթի համար, կարծես, վճռորոշ պահ է։ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատն ընդունել է փաթեթին հավանություն տվող օրինագիծը, և այժմ հերթը ստորին պալատինն է՝ Ներկայացուցիչների տանը։ Նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Ներկայացուցիչների տանը կողմ քվեարկել, ինչը, սակայն, բարդ հարց է՝ հաշվի առնելով ստորին պալատում մեծամասնություն կազմող հանրապետականների դիրքորոշումը, որոնք արտերկրին ամերիկյան օգնությունը պայմանավորում են ԱՄՆ-Մեքսիկա սահմանի ամրապնդմամբ։

«Կոչ եմ անում [ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի] խոսնակին թույլ տալ, որ Ներկայացուցիչների տունն իր կարծիքն արտահայտի, և չհրաժարվել օրինագիծը դնել քվեարկության»,- հայտարարել է Բայդենը։

Ներկայացուցիչների տան խոսնակ Մայք Ջոնսոնն արձագանքել է, թե Կոնգրեսը չի տա իր հավանությունը՝ առանց ԱՄՆ ներգաղթի համակարգում հանրապետականների պահանջած փոփոխությունների շուրջ համաձայնության: Նախկին օրինագիծը, որը բաղկացած էր 118 միլիարդ դոլարից և ստացել էր երկու կուսակցությունների նախնական համաձայնությունը, ներառում էր նաև լուծումներ ԱՄՆ սահմանային անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Սակայն այդ օրինագիծը չանցավ Սենատում, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հորդորեց հանրապետականներին դեմ քվեարկել Ուկրաինային լրացուցիչ օգնություն հատկացնելուն:

«Ենթադրենք, այդ ամբողջ գումարը տալիս ենք, ․․․ արդեն 200 միլիարդ դոլար տվել ենք Ուկրաինային։ Նրանք կարող են գործարքի գնալ Ռուսաստանի հետ և այլևս չցանկանալ գործ ունենալ մեզ հետ»,- ասել էր Թրամփը։

Դեմոկրատները ողջունել են Սենատում օտարերկրյա օգնության օրինագծի ընդունումը՝ այն գնահատելով որպես համաշխարհային ճգնաժամերի ժամանակ ամերիկյան առաջնորդությունն ամրապնդող քայլ:

«Պատմական օրինագծերից մեկն ընդունվեց Սենատում: Օրինագիծ, որն այնքան մեծ ազդեցություն ունի ոչ միայն մեր ազգային անվտանգության, մեր դաշնակիցների անվտանգության, այլ նաև ժողովրդավարության անվտանգության ապահովման վրա»,- ասել է Սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Չակ Շումերը։

Հանրապետական օրենսդիրների շրջանում տարակարծություն է․ մի մասը շարունակում է պնդել, թե գումարն ավելի ճիշտ է ուղղել ԱՄՆ ներքին անվտանգության ամրապնդմանը:

Հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոն․ «Քանի դեռ [նախագահ Ջո Բայդենի գլխավորած] վարչակազմը ևս 60 միլիարդ չի տրամադրել Ուկրաինայի սահմանների անվտագությանը, մտածում ենք, միգուցե, կարող ենք այն օգտագործել որպես լծակ՝ ստիպելու այս վարչակազմին ապահովել մեր [երկրի] սահմանների անվտանգությունը»։

Այդուհանդերձ 22 հանրապետականներ՝ Սենատի հանրապետականների առաջնորդ Միթչ ՄըքՔոնելի գլխավորությամբ, քվեարկեցին դեմոկրատների նման՝ օրինագծին կողմ, ընդգծելով հարցը վերաբերում է ԱՄՆ ազգային անվտանգությանը:

Ներկայացուցիչների տան հանրապետական անդամ Փիթ Սեշնսը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Սենատի ընդունած օրինագիծն «այս կամ այն ձևով» կստանա Ներկայացուցիչների տան հավանությունը․ «Խորհրդային Միության փլուզումից հետո, ԱՄՆ-ն համաձայնել է, որ ապագայում աջակցելու է Ուկրաինային, և դեռ ունի այդ պարտավորությունը։ Այդ ապագան չի եկել 300 տարի հետո։ Անցել է 30 տարի։ Կարծում եմ, Միացյալ Նահանգները պետք է աջակցի Ուկրաինային»։

Ուկրաինայի համար նախատեսված նախորդ օգնությունը, հիշեցնենք, Կիևին փոխանցվել է անցած տարվա դեկտեմբերի 27-ին։ Դիտորդների խոսքով, ամերիկյան աջակցության ձգձգումը ակնհայտորեն քաջալերում է Կրեմլին:

Ամերիկայի կաթոլիկ համալսարանի պատմության պրոֆեսոր Մայքլ Քիմաժը նշում է․ «Պուտինի համար սա հաղթանակի պես մի բան է: Ռուսաստանին թվում է, թե ինքը հաղթող կողմն է: Սա թույլ է տալիս ենթադրել, թե Ուկրաինան հայտնվել է փակուղում»:

ԱՄՆ Ներկայացուցիչների տան օրենսդիրներն այս շաբաթ նիստի են երեք օր, որից հետո՝ հաջորդ նիստը մարտի սկզբին է:

XS
SM
MD
LG