Կիևը հրապարակել է ուկրաինական հեռակառավարվող վեց սարքերի միջոցով ռուսական ռազմանավի ոչնչացման տեսանյութը։ Մոսկվան դեռ չի արձագանքել։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ԱՄՆ պաշտոնաթող դերծովակալ Ջոզեֆ ԴիԳուարդոն կարծիք է հայտնել՝ տեղի ունեցածը համընկնում է ուկրաինական զինուժի կողմից ռուսաստանյան ռազմավարական թիրախները, ռազմանավերն ու մատակարարման ուղիները ոչնչացնելու գործելաոճին․ «[Ռազմաճակատի] ընդարձակման դեպքում մատակարարման ուղիները [ձգվելով] դառնում են փխրուն ու խոցելի: Փաստորեն, բավականին էժան միջոցներով, փոքր ներդրումներով կարելի է արդյունավետ գործել ռազմավարական նման թիրախների դեմ»:
Ուկրաինական նոր հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կիևի դաշնակիցները հանդիպել են՝ քննարկելու Ուկրաինային աջակցելու հետագա քայլերը: Հանդիպումը հեռավար էր․ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նոր է դուրս գրվել հիվանդանոցից:
«Մի կողմ քաշվելը, երբ Ուկրաինան պայքարում է իր գոյության համար, չի կարող հնարավոր տարբերակ լինել: Ուկրաինան չի հանձնվի։ Մենք նույնպես չենք հանձնվի»,- հայտարարել է Օսթինը։
Հայտնի է, որ Կիևին ամերիկյան աջակցության նախորդ փաթեթը առաքվել է անցած տարվա դեկտեմբերի վերջին։
Օրերս ԱՄՆ Սենատն ընդունեց նոր օրինագիծ, որը պարունակում է մոտ 60 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, սակայն փաստաթղթի ուժ ստանալու ճանապարհին առկա է Ներկայացուցիչների տան հանրապետակաների ընդդիմությունը, որոնք արտերկրին ցուցաբերվող ամերիկյան օգնությունը պայմանավորում են ամերիկա-մեքսիկական սահմանի ամրպնդմամբ։
«Ամեն անցնող օր, շաբաթ բարձրացնում է այն գինը, որ անգործության պատճառով վճարում են խիզախ ուկրաինացիներն առաջնագծում: Այս պատճառով պետք է շտապ ընդունենք այս օրինագիծը»,- ասում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հինգշաբթի կրկին կհանդիպեն Բրյուսելում՝ քննարկելու ուկրաինական հարցը։