Մատչելի հղումներ

Ուկրաինային ամերիկյան օգնության դադարեցման և ՆԱՏՕ-ի մասին Թրամփի հայտարարության ֆոնին՝ Բլինքենը մեկնում է Մյունխենի համաժողով


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Բլինքենն այս շաբաթ մեկնում է Ալբանիա, այնուհետև՝ Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի համաժողովին։ Սակայն միջազգային քաղաքակակնության շուրջ այս տարվա քննարկումները, ինչպես հայտնի է, անցնելու են Ուկրաինային ամերիկյան օգնության ձգձգման և ՆԱՏՕ-ի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց հայտարարությունների ֆոնին։

Խարկովի և ուկրաինական այլ բնակավայրերի ուղղությամբ ռուսական ուժերի չդադարող գրոհների ֆոնին՝ դիտորդները զգուշացնում են՝ ԱՄՆ Ներկայացուցիչների տան նախագահ Մայք Ջոնսոնի հրաժարվելը քվեարկության դնել Ուկրաինայի, Իսրայելի և Թայվանի համար նախատեսված ամերիկյան օգնության փաթեթի հարցը, նորանոր զոհերի ու կորուստենրի ճանապարհ է բացում Ուկրաինայում։ Մյուս կողմից, գաղտնիք չէ, որ Կիևի համար աստիճանաբար սուր է դառնում հատկապես սպառազինության հարցը։

Նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի վերստին անդրադարձավ իրավիճակին, թե օրինագծի ընդունմանը աջակցելը կարևոր ուղերձ կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Եթե չզսպենք Պուտինի ախորժակը՝ Ուկրաինան վերահսկելու առումով, նա չի սահմանափակվի միայն Ուկրաինայով։ [Այդ պարագայում] Ամերիկայի, մեր դաշնակիցների ու գործընկերների համար ծախսերը կաճեն։ Պատմությունը չի ների Կոնգրեսի այն հանրապետականներին, որոնք կարծում են, թե կարող են դեմ լինել Ուկրաինայի ֆինանսավորմանը և պատասխանատվության չենթարկվել»,- հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։

Ի՞նչ բանակցություններ է վարելու ԱՄՆ պետքարտուղարը Մյունխենում
please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00

Դեմոկրատ օրենսդիրները կիսում են ԱՄՆ նախագահի մոտեցումը:

«[Ուկրաինային օգնություն նախատեսող] փաթեթին հանրապետականների աջակցության բացակայությունը, կամ [Ներկայացուցիչների տան] խոսնակի խոսքերը, թե չի պատրաստվում [Կոնգրեսի ստորին պալատի] օրակարգում ընդգրկել Սենատի [ընդունած] օրինագիծը, ակնհայտ սխալ ուղերձ են մեր դաշնակիցներին, թե այլևս ձեր կողքին չենք: Իսկ Ուկրաինայի պարագայում իրադրությունն ավելի հուսահատ է, քանի որ նրանց, իրականում, այդ զենքն անհրաժեշտ է հենց հիմա, որպեսզի պաշտպանվեն: Հուսով եմ, որ կարող ենք շրջել այս էջը»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասել է ԱՄՆ դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը:

Նման իրավիճակում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր առաջին այցն է կատարում Ալբանիա։ Այնուհետև, մեկնելու է Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Երկկողմ հանդիպումներ են նախատեսված Գերմանիայի, Ուկրաինայի, Հնդկաստանի և մի շարք այլ երկրների, այդ թվում, հնարավոր է, Չինաստանի գործընկերների հետ։

Սակայն խնդիրը միայն Կիևին հատկացվելիք ամերիկյան աջակցության հարցը չէ։ Մյունխենյան բանակցություններին ընդառաջ հնչած Դոնալդ Թրամփի խոսքերը ՆԱՏՕ- մասին՝ ի վիճակի են բացառապես բարդացնել ամերիկյան դիվանագիտության ղեկավարի աշխատանքը։

Անցած շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրներից մեկի ղեկավարին հայտնել է, որ դաշնակիցներին չի պաշտպանի Ռուսաստանից, եթե ալյանսի անդամ-պետությունները պայմանավորված չափով չհոգան ռազմական ծախսերը։ Նորություն չէ, որ ԱՄՆ նախագահի՝ հանրապետականների հավանական թեկնածուն շարունակաբար ճնշում է գործադրում Կոնգրեսում իր կուսակիցների նկատմամբ՝ պահանջելով չհաստատել Ուկրաինային հասնող օգնության փաթեթը։

Չորեքշաբթի արձագանքելով «Ամերիկայի ձայնին», թե արդյոք ամերիկյան ներքաղաքական զարգացումները կարող են բարդացնել Բլինքենի առաքելությունը Մյունխենում, պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերն ասաց․ «Վստահ եմ, որ Մյունխենում մենք կլսենք օտարերկրյա առաջնորդներին, որ նրանք [ուշադրությամբ] հետևում են, թե ինչ է անում Կոնգրեսը։ Գիտենք, որ հետևում է [նաև] ուկրաինացի ժողովուրդը, և ինչպես [ԱՄՆ] նախագահն ասաց՝ պատմությունը նույնպես հետևում է»։

Մյուս կողմից, անթաքույց է հանրապետական օրենսդիրների շրջանում առկա տարակարծությունը՝ Ուկրաինային ամերիկյան աջակցության հարցում։

Հանրապետական Փիթ Սեշնսը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում հիշեցրել է՝ ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Ուկրաինային․ «Սենատում դեմոկրատներն ընդունել են այն, ինչը ես համարում եմ լավ օրինագիծ՝ Ուկրաինայի կարիքները հոգալու համար։ Հիմնական հարցը [վերաբերում է] Ուկրաինային․ նրանք օգնության կարիք ունեն հրետանու և սպառազինության գծով, որը մատակարարում է Միացյալ Նահանգները»։

Երեքշաբթի դեմոկրատների գլխավորած Սենատը երկկուսակցական աջակցությամբ ընդունեց 95 միլիարդ դոլար պարունակող արտաքին օգնության մասին օրինագիծը, որը ներառում է 60 միլիարդ դոլար Ուկրաինային։ Սեշնսի կարծիքով, ԱՄՆ Կոնգրեսը, այսինքն՝ նաև Ներկայացուցիչների տունը, «այսպես թե այնպես» կընդունի օրինագիծը։

XS
SM
MD
LG