Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա ընդգծել է, որ որոշումը «Ուկրաինայի կայուն, երկարաժամկետ և կանխատեսելի ֆինանսավորում» կտրամադրի։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ եվրոպացի առաջնորդների որոշումը կամրապնդի երկրի երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական կայունությունը։
Սա, նրա խոսքով, «ոչ պակաս կարևոր է, քան ռազմական օգնությունը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշումը»:
ԵՄ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Ջոզեպ Բորելը Բրյուսելում լրագրողների հետ զրույցում կոչ է արել մեծացնել Կիևին ռազմական աջակցությունը։
«Ուկրաինան ավելի շատ զինամթերքի կարիք ունի: Կողմերի միջև կրակի հզորության մեծ անհավասարակշռություն կա, և այդ բացը պետք է լրացվի»,- ասել է Բորելը: «Ահա թե ինչու խորհրդի այս նիստը շատ դրամատիկ ընթացք է ստանում»:
Դեկտեմբերին խորհրդի վերջին գագաթնաժողովում Հունգարիան վետո դրեց Ուկրաինային օգնության քառամյա փաթեթի վրա:
Բուդապեշտը հայտարարել էր, որ դաշինքը չպետք է գումար հատկացնի իր բյուջեից, քանի որ Ուկրաինան անդամ չէ: ԵՄ մնացած 26 անդամները աջակցել են օգնության փաթեթի տրամադրմանը։
Դեռ հայտնի չէ, թե ինչպես է ԵՄ-ին հաջողվել հաղթահարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի դիմադրությունը։
Փորձագետների մեկնաբանությունները
ԵՄ որոշումն, իհարկե, մեծ նշանակություն ունի Ուկրաինայի համար, «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Կիրառական քաղաքական հետազոտությունների «Պենտա» կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոն։ Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ խոսքը գնում է ռազմավարական երկարաժամկետ պլանավորման մասին՝ Ուկրաինային բյուջետային եւ ինստիտուցիոնալ աջակցության համատեքստում։
«Կիևի համար սա կայունության գործիք է»,- պարզաբանել է նա։ – Բնականաբար, սա նաև գործի մեջ եվրոպական համերաշխության գործիք է, որը ցույց է տալիս, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել մեր երկրին Ռուսաստանի հետ առճակատման հարցում, այս դեպքում՝ ֆինանսական»։
Եվս մեկ կարևոր գործոն կա, որը ի հայտ եկավ ԵՄ որոշման մեջ, նկատում է ուկրաինացի քաղաքագետը: «Եվս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ Բրյուսելը գիտի դժվարին իրավիճակներում փոխզիջումային լուծումներ գտնել՝ հաղթահարելով առանձին երկրների և կազմակերպության միջև երբեմն ծագող շահերի բախումները, ինչպես հիմա եղավ Հունգարիայի դեպքում։ Օրբանի կառավարությունը կրկին հարկադրված էր, ինչպես ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման դեպքում, գնալ զիջումների և համաձայնել մեծամասնության կարծիքին։ Սա հաստատում է Եվրամիության ինստիտուցիոնալ կայունությունն ու արդյունավետությունը»։
Վիկտոր Օրբանը փորձել է շանտաժի ենթարկել թե՛ Ուկրաինային, թե՛ ԵՄ-ին, կարծում է Վլադիմիր Ֆեսենկոն: «Ուկրաինաին՝ հունգարական փոքրամասնության կարգավիճակի, իսկ ԵՄ-ն՝ Բուդապեշտին միջոցներ հատկացնելու հարցերում, որոնք արգելափակվել են այն պատճառով, որ Օրբանի կառավարությունը մշտապես խախտում է գործող կանոնները: Բայց շատերը նաև ընդունում են, որ Հունգարիայի դիրքի վրա ազդում է նաև Օրբանի ագրեսիվ պոպուլիստական գաղափարախոսական գիծը և Պուտինի հետ նրա հատուկ կապերը»:
Միևնույն ժամանակ, քաղաքագետը կասկածում է, որ ԵՄ-ի որոշումը կարագացնի ԱՄՆ-ում նմանատիպ քայլի ընդունումը։ «Ես, իհարկե, կցանկանայի նման սցենար, բայց, ավաղ, իմ կարծիքով, ուղղակի կապ չկա»,- պնդել է «Պենտա» կենտրոնի ղեկավարը։
ԱՄՆ-ում Կիևին ավելի քան 60 միլիարդ դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի տրամադրումն արգելափակվում է Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամների կողմից։ Նրանք միջոցների տրամադրումը կապում են Սպիտակ տան ներգաղթի քաղաքականության փոփոխությունների հետ։
Սա երկար սպասված իրադարձություն է, ասում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Իվան Պրեոբրաժենսկին՝ մեկնաբանելով ԵՄ որոշումը։ Սակայն, նրա գնահատմամբ, այս որոշումից արագ արդյունքներ սպասել պետք չէ:
«Ուկրաինայի համար անհրաժեշտ միջոցների հատկացման հետ կապված իրավիճակը չափազանց երկար է ձգձգվել, և դա արդեն հանգեցրել է բացասական հետևանքների, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին ճգնաժամի, որն արտացոլվել է, մասնավորապես, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար (Վալերի) Զալուժնիի հրաժարականի մասին լուրերի մեջ»,- հավելել է նա՝ շեշտելով. «Բայց գլխավորն այն է, որ մեզ հաջողվեց հասնել ցանկալի արդյունքի։ Հունգարիան տեղի տվեց, իսկ Ուկրաինայի համար սա չափազանց դրական ազդանշան է»։
Իվան Պրեոբրաժենսկին նաև հույս է հայտնել, որ Բրյուսելի որոշումը կստիպի ԱՄՆ Կոնգրեսին հաստատել Ուկրաինային օգնության փաթեթը։ «Կարծում եմ, որ Եվրամիության որոշման ֆոնին ամերիկյան վարչակազմի համար ավելի հեշտ կլինի համաձայնել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հանրապետական ընդդիմության հետ Ուկրաինային նոր աջակցության շուրջ»,- եզրափակեց փորձագետը։