Մատչելի հղումներ

ԵՄ-ն շարունակում է ճնշումները Հունգարիայի նկատմամբ` Ուկրաինայի օգնության արգելափակման հարցում


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան

Եվրամիության առաջնորդները հինգշաբթի Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում փորձելու են համոզել Հունգարիային՝ չարգելափակել Ուկրաինայի համար նախատեսված աջակցության հատկացումը։ Կիևը նախազգուշացրել է՝ ուկրաինական զինուժի տրամադրության ներքո եղած զինամթերքը սպառվում է:

Եվրամիության փորձագետների հաշվարկով, անցած տարի՝ հակահարձակման ակտիվ փուլի ժամանակ, ուկրաինական ուժերն օրական արձակում էին մինչև 7 հազար արկ, ռուսական ուժերը՝ մինչև 20 հազար։

Եվրամիության երկրների ղեկավարների հինգշաբթի Բրյուսելում մեկնարկող գագաթնաժողովին ընդառաջ՝ միության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը կոչ է արել ընդլայնել Կիևին հատկացվող ռազմական աջակցությունը․ «Ուկրաինան ավելի շատ զինամթերքի կարիք ունի: [Հակամարտ] կողմերի ունեցած կրակային հզորությունը անհամաչափ է, և այդ բացը պետք է լրացվի։ Սա է պատճառը, որ այս հավաքը բավականին կարևոր ընթացք կունենա»։

Սակայն որևէ որոշումից առաջ՝ Եվրամիությունը պետք է հաղթահարի ներքին հակասությունները: Անցած տարվա դեկտեմբերին կայացած Եվրամիության գագաթնաժողովում Հունգարիան արգելափակեց Ուկրաինայի համար նածատեսված 54 միլիարդ դոլարի հատկացումը՝ պնդելով, թե այդ գումարը չպետք է տրամադրվի միության բյուջեից:

«Այն, ըստ էության, բյուջետային աջակցություն է, որն Ուկրաինային անհրաժեշտ է պատերազմը շարունակելու և վճարունակ մնալու համար: Այն նպատակ չունի մեծացնել [Կիևի] ռազմական կարողությունները։ Այդ նպատակով կա բյուջեի առանձին տող, որը նույնպես արգելափակել է Հունգարիան, և այդ [հարցը] նույնպես կքննարկվի: Խոսքը 5 միլիարդ եվրոյի մասին է՝ ընդհանուր ֆոնդից, որի օգնությամբ Եվրամիությունը պետք է զենք մատակարարի Ուկրաինային»,- ասում է Եվրոպական բարեփոխումների կենտրոնի վերլուծաբան Լուիջի Սկազիերին:

Գաղտնիք չէ, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վաղուց է, ինչ ուրույն դիրքորոշում ունի Ռուսաստանի հարցում՝ հաճախ խոչընդոտելով, որպեսզի Եվրամիությունը միասնական որոշումներ կայացնի Կրեմլի վերաբերյալ։ Հայտնի են նաև նրա ջերմ հարաբերությունները նախագահ Պուտինի հետ:

«Հունգարիան ի սկզբանե հրաժարվել է միանալ [Ռուսաստանի դեմ հաստատված] պատժամիջոցներին։ Հունգարիան հրաժարվել է սպառազինություն տրամադրել Ուկրաինային: Հունգարիան հրաժարվեց նաև Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային, քանի դեռ չի ստացել իր ուզածը»,- ասում է Արտաքին հարաբերությունների խորհուրդի վերլուծաբան Լիանա Ֆիքսը:

Բուդապեշտը ցանկանում է, որ Բրյուսելը տա իր համաձայնությունը 11 միլիարդ դոլարի հասնող գումարի ստացման հարցում։ Այն սառեցվել էր մտահոգությունների պատճառով, թե Հունգարիայում ժողովրդավարության հետընթաց է: Եվրամիությունը նաև չի շտապում Բուդապեշտին տրամադրել խոստացված 24 միլիարդ դոլարը, և Օրբանը, հավանաբար, կպահանջի այդ միջոցների մի մասը ևս:

Մյուս կողմից, Բրյուսելը սպառնացել է «սաբոտաժի ենթարկել» Հունգարիայի տնտեսությունը, եթե Բուդապեշտը հետ չկանգնի Ուկրաինայի համար նախատեսված օգնության արգելափակումից՝ հաղորդում է հեղինակավոր «The Financial Times»-ը: Իր հերթին՝ Բուդապեշտը մեղադրել է Եվրամիությանը «շանտաժի» դիմելու մեջ։

Եվրոպացի առաջնորդները պատրաստվում են նաև քննարկել Եվրամիության ծովային առաքելությունը Կարմիր ծովում՝ Եմենում գործող հութի ապստամբների դեմ հայտնի պայքարի շրջանակում:

Բացի այդ, գագաթնաժողովի օրակարգում է գյուղատնտեսությունը՝ եվրոպական մի քանի երկներում ծավալվող ֆերմերների բողոքի ֆոնին, որոնք դժգոհում են, թե էժան գյուղմթերքի ներմուծումը հարվածում է իրենց եկամուտներին:

XS
SM
MD
LG