Մատչելի հղումներ

Ռուսական հետախուզության հետ կապ ունեցող բանկը տեղափոխվել է Բուդապեշտ


Ռուսական պետական վերահսկողության ներքո գտնվող Միջազգային զարգացման բանկը, որի նախագահը կապեր ունի ռուսական հատուկ ծառայությունների հետ, տեղափոխվում է Բուդապեշտ Վիկտոր Օրբանի կառավարության համաձայնությամբ:

Հունգարիայի խորհրդային շրջանի պատմության ողբերգալի էջերից է 1956 թվականի ապստամբությունը, որը ճնշվեց խորհրդային բանակի կողմից: Այսօր Բուդապեշտում կարելի է տեսնել այդ օրերին այստեղ զոհված շուրջ 700 խորհրդային զինվորների շիրիմներ: Այստեղ է այցելել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հունգարիա կատարած այցի շրջանակում:

Այսօր սակայն Հունգարիայի մայրաքաղաք է տեղափոխվել ռուսական Միջազգային զարգացման բանկը, որի հետ կապված արևմտյան վերլուծաբաններն արտահայտում են մտահոգություններ, ըստ նրանց, բանկը կարող է օգտագործվել ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Բանկի ղեկավար է նշանակվել հետախուզության հետ կապեր ունեցող անձ:

«Այս բանկը խորհրդային օրերին օգտագործվում էր անվտանգության մարմինների և հետախուզության կողմից տարբեր գործողությունների համար: Կարծում եմ այս ավանդույթները կշարունակվեն»,- նշում է Political Capital Policy Research & Consulting հաստատության տնօրեն Փիթեր Կրեկոն:

Միջազգային զարգացման բանկը, որը խորհրդային տարիներին հայտնի էր որպես Comecon հակասական տրամադրություններ է առաջացրել Հունգարիայի խորհրդարանում: Ընդդիմությունը քննադատեց բանկի տեղակայումը Բուդապեշտում՝ ընդգծելով, որ դրանով Վիկտոր Օրբանը էլ ավելի կսերտացնի իր կապերը Ռուսաստանի հետ:

«Երբ ներկայացվել էր օրինագիծ կենտրոնատեղիի պայմանագրերի վերաբերյալ, մենք քվեարկել ենք ընդդեմ դրան: Մենք մտահոգված ենք այս բանկի կապակցությամբ»,- ասում է Ժողովրդավարական կոալիցիայի պատգամավոր Ագնես Վադային:

Անկախ հետաքննող լրագրողները նշում են, որ մտահոգության առիթ կա: Ողջ անձնակազմը հրավիրված է Ռուսաստանից, իսկ բանկի ֆինանսական գործարքները չեն վերահսկվելու:

Հունգարիայի հակահետախուզության մարմինները ևս չեն ունենա լիազորություններ ստուգելու բանկի աշխատակիցներին: Դա ստիպված պետք է անեն օտարերկրյա մարմիններ:

«Արտասահմանյան հակահետախուզության մարմինները կգան Հունգարիա՝ այն վերածելով սառը պատերազմի օրերի Վիեննայի»,- ընդգծում է Index-ի լրագրող Անդրիս Դեզսոն։

Բանկն իր հերթին հերքել է, որի իր նախագահը որևէ կապ ունի հետախուզության հետ, սակայն այդ պնդումը որևէ կերպ չի փարատել եղած կասկածները:

Facebook Forum

XS
SM
MD
LG