Մատչելի հղումներ

ԱՄՆ կառավարությունը ընդգծում է՝ պարզապես անհրաժեշտ է շտապ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային


Ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում Կոնգրեսի մոտ ի աջակցություն Ուկրաինային, Վաշինգտոն, 2024 թվականի հունվար
Ակտիվիստները բողոքի ցույց են անցկացնում Կոնգրեսի մոտ ի աջակցություն Ուկրաինային, Վաշինգտոն, 2024 թվականի հունվար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զգուշացրել է, որ առանց ամերիկյան աջակցության՝ Ռուսաստանի դեմ ծանր պատերազմը շարունակող Ուկրաինայի կարողությունները վտանգի տակ են։ Հիշեցնենք, ԱՄՆ Կոնգրեսում դեռ համաձայնության չեն եկել Կիևին ցուցաբերվող հերթական օգնության հարցում։

Ուկրաինայի շարունակվող հրթիռակոծության ֆոնին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել աչք ծակող նախազգուշացմամբ, թե Կոնգրեսն ուղղակի պետք է ընդունի Միացյալ Նահանգների պետբյուջեն, ուր Կիևի համար նախատեսված օգնություն կա․ «Կարևոր է, որ Կոնգրեսն ընդունի նախագահի կողմից ներկայացված հավելյալ բյուջեի դիմումը: Առանց դրա, պարզ ասած, այն ամենը, ինչին հասել են ուկրաինացիները՝ մեր օգնությամբ, վտանգված է»:

Դիտորդները հանրապետական կոնգրեսականների նման դիրքորոշումը շարունակում են բացատրել նաև Դոնալդ Թրամփի ազդեցությամբ: Հայտնի է, որ Կիևի համար նախատեսված աջակցության ցուցաբերումը հանրապետական օրենսդիրները պայմանավորում են ներգաղթի օրենսդրության խստացմամբ և ամերիկա-մեքսիկական սահմանի ամրապնդմամբ:

«Նախկին նախագահ Թրամփը Հանրապետական կուսակցության թեկնածու դառնալու ճանապարհին է: Նրա խոսքը ուկրաինական ճգնաժամի մասին սկսում է ավելի մեծ կշիռ ստանալ, իսկ ուկրաինական ճգնաժամի մասին նրա [նպատակը] ոչ թե առաջ գնալն է, այլ պարզապես խոչընդոտներ ստեղծելը Բայդենի վարչակազմի համար»,- ասում է Ամերիկայի կաթոլիկ համալսարանի պատմության պրոֆեսոր Մայքլ Քիմաժը։

Շաբաթ օրը Նևադա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքին Թրամփը դեմ արտահայտվեց ԱՄՆ Կոնգրեսում Կիևի համար նախատեսված ռազմական օգնության փաթեթի ընդունմանը․ «[Մեր երկրի] սահմանային անվտանգության վերաբերյալ Բայդենի առաջարկած գործարքը նախատեսված չէ անօրինական ներգաղթը կասեցնելու համար: [Այդ գործարքի] նպատակն է ապահովել, որ շարունակվի ներխուժումը Ամերիկա, իսկ մենք, միաժամանակ, միլիարդավոր դոլարներ ուղարկենք Ուկրաինա և այլ երկրներ»:

Երեքշաբթի Կապիտոլիումում ԱՄՆ Կոնգրեսի ուկրաինական հանձնախմբի անդամները մասնակցել են «ուկրաինական շաբաթ» նախաձեռնությանը՝ հանդիպելով ուկրաինացի զինվորականների, օրենսդիրների և պաշտոնյաների: Կոնգրեսականները, այդ թվում՝ Մերիլենդ նահանգը ներկայացնող հանրապետական օրենսդիր Էնդի Հարիսը, աջակցություն են հայտնել Կիևին։

«Սա կարմիր գիծն է, և չպետք է լինի խաղ դեմոկրատների ու հանրապետականների միջև: Չպետք է լինի խնդիր ծայրահեղ աջերի ու ծայրահեղ ձախերի միջև: Սա մի հարց է, որի հետ պետք է համաձայնեն բոլոր ամերիկացիները։ Ողջունում եմ ձեզ այստեղ՝ Վաշինգտոնում, գործն առաջ տանելու համար»,- ասել է Հարիսը:

Իր հերթին՝ դեմոկրատ կոնգրեսական Մարսի Կապթուրն ասել է, որ այժմ ԱՄՆ ռազմական օգնությունն ուղղակի անհրաժեշտ է․ «Հիմա այն պահն է, երբ մեր ժողովուրդը և այս Կոնգրեսը պետք է վերահաստատեն մեր հանձնառությունը արտաքին քաղաքականությանը, որը [նպատակը] ազատությունն է ու ազատ աշխարհը»:

Այս ամենի ֆոնին՝ մտահոգություններ են հնչում նաև Եվրոպայից։

«Ռուսական հաղթանակի պարագայում բոլորս չափազանց բարձր գին ենք վճարելու: Ահա թե ինչու, այս և գալիք տարիներին պետք է աջակցենք Ուկրաինային՝ անկախ, թե որքան կծախսենք»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։

Որոշ դիտորդներ ակնհայտ են համարում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին՝ նախքան Ուկրաինայի հարցում նոր որոշման հանգելը, և հույս ունի, որ Սպիտակ տուն Թրամփի վերադառնալու դեպքում Կիևին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունն ի չիք կդառնա:

XS
SM
MD
LG