Ուկրաինայի շարունակվող հրթիռակոծության ֆոնին՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդես է եկել աչք ծակող նախազգուշացմամբ, թե Կոնգրեսն ուղղակի պետք է ընդունի Միացյալ Նահանգների պետբյուջեն, ուր Կիևի համար նախատեսված օգնություն կա․ «Կարևոր է, որ Կոնգրեսն ընդունի նախագահի կողմից ներկայացված հավելյալ բյուջեի դիմումը: Առանց դրա, պարզ ասած, այն ամենը, ինչին հասել են ուկրաինացիները՝ մեր օգնությամբ, վտանգված է»:
Դիտորդները հանրապետական կոնգրեսականների նման դիրքորոշումը շարունակում են բացատրել նաև Դոնալդ Թրամփի ազդեցությամբ: Հայտնի է, որ Կիևի համար նախատեսված աջակցության ցուցաբերումը հանրապետական օրենսդիրները պայմանավորում են ներգաղթի օրենսդրության խստացմամբ և ամերիկա-մեքսիկական սահմանի ամրապնդմամբ:
Your browser doesn’t support HTML5
«Նախկին նախագահ Թրամփը Հանրապետական կուսակցության թեկնածու դառնալու ճանապարհին է: Նրա խոսքը ուկրաինական ճգնաժամի մասին սկսում է ավելի մեծ կշիռ ստանալ, իսկ ուկրաինական ճգնաժամի մասին նրա [նպատակը] ոչ թե առաջ գնալն է, այլ պարզապես խոչընդոտներ ստեղծելը Բայդենի վարչակազմի համար»,- ասում է Ամերիկայի կաթոլիկ համալսարանի պատմության պրոֆեսոր Մայքլ Քիմաժը։
Շաբաթ օրը Նևադա նահանգում կայացած նախընտրական հանրահավաքին Թրամփը դեմ արտահայտվեց ԱՄՆ Կոնգրեսում Կիևի համար նախատեսված ռազմական օգնության փաթեթի ընդունմանը․ «[Մեր երկրի] սահմանային անվտանգության վերաբերյալ Բայդենի առաջարկած գործարքը նախատեսված չէ անօրինական ներգաղթը կասեցնելու համար: [Այդ գործարքի] նպատակն է ապահովել, որ շարունակվի ներխուժումը Ամերիկա, իսկ մենք, միաժամանակ, միլիարդավոր դոլարներ ուղարկենք Ուկրաինա և այլ երկրներ»:
Երեքշաբթի Կապիտոլիումում ԱՄՆ Կոնգրեսի ուկրաինական հանձնախմբի անդամները մասնակցել են «ուկրաինական շաբաթ» նախաձեռնությանը՝ հանդիպելով ուկրաինացի զինվորականների, օրենսդիրների և պաշտոնյաների: Կոնգրեսականները, այդ թվում՝ Մերիլենդ նահանգը ներկայացնող հանրապետական օրենսդիր Էնդի Հարիսը, աջակցություն են հայտնել Կիևին։
«Սա կարմիր գիծն է, և չպետք է լինի խաղ դեմոկրատների ու հանրապետականների միջև: Չպետք է լինի խնդիր ծայրահեղ աջերի ու ծայրահեղ ձախերի միջև: Սա մի հարց է, որի հետ պետք է համաձայնեն բոլոր ամերիկացիները։ Ողջունում եմ ձեզ այստեղ՝ Վաշինգտոնում, գործն առաջ տանելու համար»,- ասել է Հարիսը:
Իր հերթին՝ դեմոկրատ կոնգրեսական Մարսի Կապթուրն ասել է, որ այժմ ԱՄՆ ռազմական օգնությունն ուղղակի անհրաժեշտ է․ «Հիմա այն պահն է, երբ մեր ժողովուրդը և այս Կոնգրեսը պետք է վերահաստատեն մեր հանձնառությունը արտաքին քաղաքականությանը, որը [նպատակը] ազատությունն է ու ազատ աշխարհը»:
Այս ամենի ֆոնին՝ մտահոգություններ են հնչում նաև Եվրոպայից։
«Ռուսական հաղթանակի պարագայում բոլորս չափազանց բարձր գին ենք վճարելու: Ահա թե ինչու, այս և գալիք տարիներին պետք է աջակցենք Ուկրաինային՝ անկախ, թե որքան կծախսենք»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը։
Որոշ դիտորդներ ակնհայտ են համարում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպասում է նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին՝ նախքան Ուկրաինայի հարցում նոր որոշման հանգելը, և հույս ունի, որ Սպիտակ տուն Թրամփի վերադառնալու դեպքում Կիևին ցուցաբերվող ԱՄՆ աջակցությունն ի չիք կդառնա: