«Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- օրերս Թայվանում կայացած համապետական ընտրություններից հետո, Հայաստանի արտգործնախարարությունն այսպես ներկայացրեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը տեղի ունեցածին։
«Արմենպրեսին» փոխանցված արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանի խոսքերը ուշագրավ են այն առումով, որ Հայաստանի իշխանությունները հարկ համարեցին անդրադառնալ Հեռավոր Արևելքում տեղի ունեցած զարգացումներին։ Սակայն Արևմուտքի հետ կապերը խորացնելու պաշտոնական Երևանի հայտարարած նպատակների և ուկրաինական պատերազմին զուգահեռ աշխարհում սրված աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին՝ հարց է առաջանում` ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Պեկինի հետ գործակցութունը կամ մեր տարածաշրջանում Պիկինի քաղաքականությունը Հայաստան-Արևմուտք հարաբերությունների զարգացման վրա։
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ուշադրություն հրավիրեց՝ օրինակ, Հարավային Կովկասում Չինաստանը փորձում է Ռուսաստանի շահերին համահունչ քաղաքականություն վարել։
«Առայժմ, իրենց համար առաջնահերթությունը Կենտրոնական Ասիան է, բայց ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում նաև հարավկովկասյան տրածաշրջանում Չինաստանը փորձելու է իր ազդեցությունը մեծացնել։ Եվ առայժմ նրանք, իհարկե, Ռուսաստանի հետ փորձում են համագործակցել տարբեր հարցերում և չեն ուզում Ռուսաստանի հետ այս տարածաշրջանում էլ հակամարտության մեջ մտնել, և դրանով է, իմ կարծիքով, պայմանավորված Չինաստանի՝ ռուսական դիրքորոշմանը համահունչ դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրում։ Նրանք գրեթե տառ առ տառ կրկնեցին ռուսական պատվիրակության, ռուսական կողմի դիրքորոշումը, տեսակետները, [երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2023 թվականի սեպտեմբերի 22-ին քննարկվում էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը]»,- «Ամերիկայի ձայնին» փոխանցեց Վարդանյանը։
Your browser doesn’t support HTML5
Մյուս կողմից, Ուկրաինայի դեմ Մոսկվայի սանձազերծած լայնածավալ ագրեսիային զուգահեռ, բազմաթիվ դիտորդների աչքից չվրիպեց Չինաստանի՝ թեև դանդաղ, բայց սկիզբ առած աճող ներկայությունը հետխորհրդային տարածքում։ Նման շարժը, նախևառաջ, բացատրվում է Կրեմլի թուլացմամբ, բայց նաև Պեկինի մտահոգությամբ, թե վակուումը կարող է լցնել Արևմուտքը։
Սակայն էլ ավելի կարևոր դիտարկում է, որ ավտորիտար քաղաքական համակարգ ունեցող Չինաստանն այլևս նոր նպատակներ է դրել հետխորհրդային տարածքում։ Առայժմ այդ ավելի ցայտուն է Պեկինին սահմանակից Կենտրոնական Ասիայում, սակայն դրա նշանները նկատվեցին նաև Հարավային Կովկասում, որը, ինչպես հայտնի է Չինաստանը Եվրոպային կապող չինական հսկայածավալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի մաս է, և ուր Բաքվի հետ հարաբերությունները, կարծես, առանձնանում են Պակինի համար։
Օրինակ, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների ու շրջանի հայ բնակչության տեղահանության ֆոնին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցած տարվա սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած լսումների ժամանակ, ի տարբերություն, արևմտյան երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, որոնք խստորեն դատապարտեցին տեղի ունեցածը, Չինաստանի ներկայացուցիչը սոսկ հայտարարեց, որ ի գիտություն է ընդունում Ռուսաստանի միջնորդած կրակի հերթական դադարը, ու թեև ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը տվել էր բազմաթիվ զոհեր, այդ թվում քաղաքացիական բնակչության շրջանում, ադրբեջանական զինուժը ներխուժել էր Լեռնային Ղարաբաղ, սակայն Չինաստանի ներկայացուցիչը հարկ համարեց միայն անդրադառնալ մեկօրյա ռազմական գործողությունների ժամանակ սպանված ռուսաստանցի խաղաղապահներին։
«Մենք ցավակցություն ենք հայտնում զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին։ Պահպանվող բարդ հանգամանքներում նրանց անձնական անվտանգությունը պետք է երաշխավորված լիներ»,- 2023 թվականի սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երբ քննարկվում էր էր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, հայտարարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանը։
Հայաստանում նկատեցին Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներում Չինաստանի մոտեցումը, որն, ըստ էության, աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Պատահական չէ, որ նույն՝ թայվանական ընտրությունների առնչությամբ, ի տարբերություն հայաստանյան հայտարարության, Բաքուն ոչ միայն ընդգծեց, թե չի ճանաչում Թայվանի անկախությունը, այլև դատապարտեց այնտեղ կայացած ընտրությունները։
«Ամերիկայի ձայնի» հետ զրուցում վերլուծաբան Հակոբ Բադալյանը կարծիք հայտնեց՝ Ադրբեջանն, անշուշտ, կարևոր տեղ է զբաղեցնում տարածաշրջանում Չինաստանի ռազմավարությունում և պատճառն առաջին հերթին Բաքվի աշխարհագրական դիրքն է՝ կապող օղակ Սև ծովի ու Կենտրոնական Ասիայի միջև։
«Առավել ևս, որ Ադրբեջանը էս տեսանկյունից ունի մեկ այլ առանցքային նշանակություն՝ մի տեղ է, մի դիրքում է, որը, էսպես, դարպաս է դեպի Կասպիցի ռեգիոն, դեպի Կենտրոնական Ասիա, և սա Չինաստանի համար էլ ավելի նշանակալի ուղղություն է դառնում՝ հենց նույն աշխարահաքաղաքական մրցակցային համատեքստում՝ արևմտյան հավակնությունները և այլն զսպելու կամ կանխարգելելու համար»,- ասում է Բադալյանը։
Այսօրվա սրված միջազգային քաղաքականությունում աշխարհաքաղաքական մրցակցությունն, անշուշտ, առաջնային է, բայց կա նաև, այսպես կոչված, գաղափարական կողմը (ինչպես միշտ), և այսօր այն՝ ավտորիտար որոշ պետությունների կողմից հայտարարված պայքարն է ժողովրդավարական գաղափարների, կարգի դեմ, որը ներկայացվում է որպես բացառապես արևմտյան արժեք և Արևմուտքի ազդեցությունը հաստատող գործիքակազմ։
Ե՛վ՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը այդ պայքարի հայտնի առաջամարտիկներն են, և երկուսն էլ չեն սահմանափակվում այդ «պայքարը» միայն ազգային սահմաններում առաջ տանելով։ Այստեղ է, որ փոքր, զարգացման ժողովրդավարական ուղին վերջերս բռնած երկրների, այդ թվում՝ Հայաստանի, առջև կարող է կանգնել լուրջ մարտահրավերն, երբ Մոսկվայից, Պեկինից կսկսեն պահանջել «գաղափարական հավատարմություն»։