Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալության ֆինանսավորման դադարեցումը կարող է սովի մատնել Գազայի բնակչությանը


Գազա
Գազա

«Համասի» ձեռքին գտնվող պատանդներին ազատ արձակելու կոչով իսրայելցի ցուցարարները կիրակի վերստին հավաքվել էին «Քերեմ Շալոմ» սահմանային անցակետի մոտ և ժամանակավորապես արգելափակել մարդասիրական օգնության ընթացքը դեպի Գազայի հատված:

Մինչդեռ, Գազայի հատվածում պաղեստինցիները ջանում են պարկերով ալյուր ձեռք բերել, քանի որ ՄԱԿ-ը նախազգուշացրել է պարենի հնարավոր պակասի մասին:

«Իմ ստացած գումարը յոթ հոգու համար է։ 50 շեքել է»,- «Reuters»-ին ասել է մի պաղեստինցի։ Նշվածը շուրջ 13 դոլար է:

ՄԱԿ-ի օգնության և հանրային աշխատանքների գործակալությունը (UNRWA), որը ներգևավված է Գազայի մոտ 2,3 միլիոն բնակչության շուրջ երկու երրորդին ցուցաբերվող աջակցության ծրագրերում, այժմ լուրջ խնդրի առջև է: Գործակալության անձնակազմից 12 հոգի մեղադրվում է անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելում դեմ «Համասի» ահաբեկչական հարձակմանը մասնակցություն ունենալու մեջ, որի ժամանակ սպանվեց մոտ 1 200 իսրայելցի, շուրջ 240-ը պատանդառվեցին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հաստատել է, որ մեղադրյալներից շատերն ազատվել են աշխատանքից, և որ հետաքննությունը շարունակվում է: Այդուհանդերձ, կոչ է արել 9 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ին, վերանայել գործակալության ֆինանսավորումը դադարեցնելու իրենց որոշումները:

Արաբական լիգայի մշտական ներկայացուցիչները Կահիրեում արտակարգ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու հարցը:

«Երկրները պատասխանատու են գործակալության ֆինանսավորման շարունակման համար: Նրանք չպետք է առաջ տանեն երկակի չափանիշներ և հապճեպ որոշումներ կայացնեն»,- հայտարարել է Արաբական լիգայում Պաղեստինի մշտական ներկայացուցիչ Մոհաննադ Աքլուկը։

ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը նախազգուշացրել է, որ այն երկրները, որոնք շարունակում են ֆինանսավորել գործակալությանը մինչև համապարփակ հետաքննության ավարտը, «պետք է իմանան, որ իրենց գումարները կարող են օգտագործվել ահաբեկչության համար»:

Վերադառնանք Իսրայել, ուր վարչապետ Բենիամին Նեթանյահուն արձագանքել է ցուցարարների պահանջներին՝ ավելին անել պատանդների վերադարձն ապահովելու համար, այլապես՝ հրաժարական տալ․ «Սա միայն ամրապնդում է «Համասի» դիրքերը, իսկ մեզ հեռացնում պատանդներին վերադարձնելու մեր նպատակից»։

Այս ամենին զուգահեռ՝ Կատարի, Իսրայելի, Միացյալ Նահանգների և Եգիպտոսի ներկայացուցիչները վերստին կհանդիպեն՝ բանակցելու հնարավոր նոր զինադադարի և մնացած պատանդներին ազատելու հարցերի շուրջ:

«Համասի» վերհսկողության ներքո գործող Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ շրջանում խաղաղ պաղեստինցիների զոհերի թիվն անցել է 26 հազարը:

Հիշեցնենք, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան ու այլ երկրներ «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։

XS
SM
MD
LG