Երեքշաբթի Բեյրութում «Համասի» ազդեցիկ ղեկավարներից մեկի սպանությունից հետո, աճել է լարվածությունը Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման միջև:
Իսրայելի և «Համասի» միջև գրեթե երեք ամիս շարունակվող ռազմական բախումների և տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին՝ հինգշաբթի ուշ երեկոյան վերստին Մերձավոր Արևելք ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Անցած տարվա հոկտեմբերի 7-ին հրեական պետության դեմ «Համասի» արյունալի գրոհից հետո, սա Բլինքենի չորրորդ այցն է տարածաշրջան:
Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով, Բլինքենն այցելելու է մի քանի երկրներ․ «Հաջորդ շաբաթվա ընթացքում պետքարտուղարը կայցելի Թուրքիա, Հունաստան, Հորդանան, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Իսրայել, Արևմտյան ափ և Եգիպտոս՝ հանդիպելու գործընկերներին և այլոց»:
Your browser doesn’t support HTML5
Մտավախությունը, թե Իսրայել-«Համասի» միջև չդադարող հակամարտությունը կարող է ընդլայնվել, ամրապնդվեց, երբ երեքշաբթի Լիբանանի մայրաքաղաքում անօդաչուի հարվածից սպանվեց «Համասի» ազդեցիկ ղեկավարներից մեկը՝ Սալեհ ալ-Արուրին։ Իսրայելը ո՛չ հաստատել, ոչ էլ հերքել է իր առնչությունը տեղի ունեցածին:
Միլլերի խոսքով, պետքարտուղար Բլինքենի նպատակն է նվազեցնել լարվածությունը․ «Նա կկենտրոնանա հակամարտության ընդլայնումը կանխելու ուղղության վրա, ինչն արել է հոկտեմբերի 7-ից ի վեր: Կփորձի մատնացույց անել կոնկրետ քայլեր, որոնք կարող են ձեռնարկել կողմերը, ներառյալ, թե ինչպես կարող են օգտագործել իրենց ազդեցությունը տարածաշրջանում՝ մյուսների վրա, լարվածության աճից խուսափելու համար: Հակամարտության տարածումը Գազայի սահմաններից դուրս ոչ մեկի շահերից չի բխում՝ ո՛չ Իսրայելի, ո՛չ տարածաշրջանի, ո՛չ աշխարհի»:
Հայտնի է, որ Իսրայելը հրապարակավ խոստացել է չեզոքացնել «Համասի» առաջնորդներին՝ հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո։ Միևնույն ժամանակ, Լիբանանի հետ սահմանին իսրայելական ուժերը բերվել են բարձր պատրաստության:
Մերձավոարևելյան հակամարտությունը շարունակում է նաև իր արձագանքները գտնել ԱՄՆ-ում։ Նախագահ Ջո Բայդենը քննադատության է ենթարկվում՝ Իսրայելին աջակցելու համար։ Գազայի իշխանությունների տվյալներով, հոկտեմբերի 7-ից ի վեր սպանվել են ավելի քան 22 հազար պաղեստինցիներ:
Այս ամենին զուգահեռ՝ փորձագետներն նշում են, թե իրականում շատերը գերագնահատում են Վաշինգտոնի ազդեցությունը պատերազմ վարող իսրայելական կառավարության նկատմամբ։
«Կարծում եմ, գոյություն ունի առասպել այն մասին, որ Միացյալ Նահանգներն ունի [իրավիճակի վրա ազդելու] ինչ-որ կախարդական կոճակ կամ լծակ, որ եթե մենք պարզապես դադարեցնենք որոշակի զենքի առաքումը, կամ եթե մենք, ինչպես որոշ սենատորներ են ասում, պարզապես դադարեցնեք ֆինանսավորումը, ապա այն կստիպի Իսրայելին այլ կերպ մտածել այն սպառնալից միջավայրի վերաբերյալ, որն իր սահմաններին է»,- ասում է Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Բրայան Քաթուլիսը:
Պետքարտուղարության համաձայն, Իսրայելի, Գազայի և Հորդանան գետի Արևմտյան ափի խաղաղ բնակիչների պաշտպանությունը լինելու է Բլինքենի մերձավորարեևլյան շրջագայության օրակարգի առաջնային թեման: