Իսրայելական զինուժի հրապարակած կադրերում Գազայի հատվածի հյուսիսում և հարավում՝ Խան Յունիսում տեղի ունեցած «ինտենսիվ» մարտերն են։ Իսրայելական կողմի պնդմամբ, թիրախավորվել են բացառապես «Համասի» ենթակառուցվածքները:
Այլ պատկեր է պաղեստինյան կողմից․ գիշերը Խան Յունիսին իսրայելական օդուժի հասցրած հարվածներից հետո, տեղի պաղեստինցիները մեկտեղել են մահացածների մարմինները՝ հողին հանձնելուց առաջ։ Շաբաթներ շարունակ աշխարհի մեծ մասը կոչ է անում հրադարար հաստատել, ինչը թույլ կտա մարդասիրական օգնություն հասցնել պաղեստինյան տարածքներում գտնվող մարդկանց։
Շնորհավորելով լրագրողներին Սուրբծննդյան տոնի առթիվ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացրել է, որ տևական զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Հրաժարվելով մանրամասներ հայտնել՝ Բայդենը ասել է, որ հրեական պետության ղեկավարին չի խնդրել դադարեցնել կրակը։
Սպիտակ տան ղեկավարի հետ զրույցին անդրադարձել է նաև Իսրայելի վարչապետը։ Կառավարության նիստում Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելը պատերազմ վարող «ինքնիշխան պետություն» է և չի ենթարկվի արտաքին ճնշումներին։
ԱՄՆ պաշտոնյաներն այլևս բարձրաձայնում են իրենց մտահոգության մասին, թե մերձավորաևելյան հակամարտությունը կարող է ընդլայնվել՝ վերածվելով աշխարհի այլ հատվածներում սկիզբ առած հակաամերիկյան տրամադրությունների, և պատճառը՝ Վաշինգտոնի աջակցությունն է հրեական պետությանը։
«Մենք օգնում ենք Իսրայելին՝ հասնելու «Համասի» ոչնչացմանը, [և] պաշտպանվելու՝ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցածից հետո: Ի պատասխան՝ ողջ աշխարհում ջիհադիստական խմբերը կոչ են անում իրենց անդամներին հարձակվել Ամերիկայի վրա, քանի որ [ԱՄՆ-ն] աջակցում է Իսրայելին: Ուստի, [ԱՄՆ առջև ծառացած] սպառնալիքի մակարդակը աճել է: Հոկտեմբերի 7-ը կրակի վրա յուղ լցրեց, և մենք պետք է ամրացնենք մեր սահմանները ու լրացուցիչ ջանք գործադրենք [մեր անվտանգության ապահովման ուղղությամբ]»,- «ABC»-ի հետ զրույցում ասել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը:
Հիշեցնենք, ԱՄՆ կառավարությունը ճանաչել է «Համասը» ահաբեկչական կազմակերպություն։
«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով, հոկտեմբերի 7-ից՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, զոհվել է առնվազն 20 հազար պաղեստինցի։ Հոկտեմբերի 7-ին՝ Իսրայելի դեմ «Համասի» հարձակման հետևանքով սպանվել էր մոտ 1 200 մարդ։
ԱՄՆ պաշտոնյաները չեն թաքցնում իրենց մտահոգությունը, որ Իսրայելին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը թիրախ է դարձնում Միացյալ Նահանգների տարածքը։
«[Մերձավորարևելյան] հակամարտությունը նպաստում է սպառնալիքի աճին: Տեսնում ենք, որ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունները օգտվում են իրավիճակից և կոչ անում իրենց հետևորդներին գործել: Այնուհետև, նկատում ենք անհատների, փոքր խմբերի, որոնք ոգևորված են արտերկրում ընթացող հակամարտությունից ու սահմռկեցուցիչ պատկերներից, որոնք հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած ահաբեկչական դաժան հարձակումների հետևանք են»,- «ABC»-ին փոխանցել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մենեքոն։
Այս ամենի ֆոնին՝ մինչ աշխարհի քրիստոնյաները տոնում են Սուրբ Ծնունդը՝ լուռ է քրիստոնեության համար խորհրդանշական Բեթղեհեմ քաղաքում՝ Հիսուսի ծննդավայրում։
«Այս տարի՝ ողջ աշխարհն է նշում է Սուրբ Ծնունդը, բայց ոչ Բեթղեհեմը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդավայրում տոն չէ։ Բեթղեհեմը նշում է Սուրբ Ծնունդը տխրությամբ ու վշտով, և պատճառն այն, ինչ կատարվում է Գազայում ու Հորդանան գետի արևմտյան ափին՝ պաղեստինյան տարածքներում»,- նշում է Պաղեստինի զբոսաշրջության նախարար Ռուլա Մայահը։
Այս տարի Բեթղեհեմում եկեղեցիներն անդրադառնում են Սուրբծննդյան խորհրդին՝ պատկերելով Հիսուս Քրիստոսին փշալարերի ու փլատակների ներքո՝ ի նշան համերաշխության Գազայի ժողովրդի հետ: Տեղի պաշտոնյաների խոսքով, այս տարի զբոսաշրջիկների թիվը հասել է 2,3 միլիոնի, որից հետո՝ հակամարտության մեկնարկից ի վեր, հյուրերի հոսքը դադարել է։