Մատչելի հղումներ

Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային` «Համասի» բարձրաստիճան ղեկավարի սպանությունից հետո


Իսրայելի հարվածները տեսանելի են Ռաֆահից
Իսրայելի հարվածները տեսանելի են Ռաֆահից

Իսրայելը չորեքշաբթի նոր ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին։ Միաժամնակ, իսրայելական բանակը հայտարարել է, որ բարձրացրել է զգոնությունը՝ չբացառելով, որ Բեյրութում «Համասի» բարձրաստիճան պաշտոնյայի սպանությանը կարող են հետևել Իսրայելի հյուսիսային ուղղությամբ «Հեզբոլլահ» խմբավորման հարձակումները:

«Համասը» մեղադրել է Իսրայելին՝ Սալեհ ալ-Արուրիի սպանության համար:

Հայտնի է, որ անցած տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր «Հեզբոլլահը» չի դադարում հրթիռային գրոհները Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ, ինչ սկսվել է ռազմական հակամարտությունը հրեական պետության ու Իրանի աջակցությունը վայելող մեկ այլ խմբավորման՝ «Համասի» միջև;

ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան «Համասը» ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն։

Սպասվում էր, որ «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան պետք է ելույթ ունենա չորեքշաբթի կեսօրին:

Սպանված Սալեհ ալ-Արուրին «Համասի» ղեկավար մարմնի ՝ քաղաքական բյուրոյի անդամ էր, կազմակերպության ռազմական թևի՝ «Քասամ» բրիգադների հիմնադիրներից, որը հոկտեմբերի 7-ին գրոհեց Իսրայելը։ Միացյալ Նահանգները 5 միլիոն դոլար էր խոստացել նրա գտնվելու վայրի մասին տեղեկության դիմաց։

Թեև իսրայելական կողմը տակավին պաշտոնապես չի ընդունել, թե ինքն է պատասխանատու ալ-Արուրիին սպանելու համար, սակայն «Համասի» բարձրաստիճան ներկայացուցչի թիրախավորումը համընկնում է Երուսաղեմի հայտարարած նպատակների հետ:

«Այսօր երեկոյան ամենից կարևոր բանը, որ կարելի է ասել, հետևյալն է՝ կենտրոնացած ենք «Համասի» դեմ պայքարի ուղղությամբ»,- հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակ, փոխծովակալ Դենիել Հագարին՝ արձագանքելով ալ-Արուրիի սպանության մասին հարցին:

Սալեհ ալ-Արուրին ղեկավարում էր «Համասը» Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել էր սպանել նրան՝ նախքան հրեական պետըության դեմ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումը։

Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ չորս մարդ է զոհվել մայրաքաղաք Բեյրութի հարավային, մարդաշատ արվարձանում տեղակայված «Համասի» գրասենյակի դեմ հարձակման հետևանքով։

Ալ-Արուրիի սպանությանը հաջորդած հայտարարությամբ «Հեզբոլլահը» խոստացել է, որ «հանցագործությունը չի մնա անպատիժ»:

Իր հերթին՝ Իսրայելը նախազգուշացրել է, որ եթե «Հեզբոլլահը» ձեռնպահ չմնա գործողություններից, ապա Լիբանանին պատերազմ է սպասվում: Թե՛ «Համասը», թե՛ «Հեզբոլլահը» վայելում են Իրանի աջակցությունը, որի ազդեցության ներքո գործող ուժերը Սիրիայում, Իրաքում և Եմենում նույնպես գործում են Իսրայելի դեմ:

Ո՞վ է կառավարելու Գազան պատերազմից հետո

«Համասի» ղեկավար Իսմայիլ Հանիան երեքշաբթի հեռարձակված տեսաուղերձում ասել է, որ բաց է պաղեստինյան միասնական վարչակազմի գործունեության առաջարկը քննարկելու համար, որը ռազմական գործողություններից հետո կկառավարի Գազայի հատվածը և Հորդանան գետի արևմտյան ափը:

Ինչ-որ առումով Հանիայի դիրքորոշումը նման է Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, որը կողմ է Պաղեստինի ինքնավարության կողմից Գազայի և Արևմտյան ափի կառավարմանը։ Այս գաղափարին, սակայն, դեմ է Նեթանյահուն: Իսրայելի առաջնորդի խոսքով, հրեական պետությունը պետք է վերահսկի Գազայի «ընդհանուր անվտանգությունը», սակայն հստակ չէ, թե այն ինչ է նշանակում:

ԱՄՆ պատկերացմամբ, պաղեստինցիները պետք է լինեն հետպատերազմական Գազայի ցանկացած վարչակազմի մաս, սակայն անհասկանալի է մնում միջազգայնորեն ճանաչված Պաղեստինի ինքնավարության իշխանությունների ապագա դերակատարությունը:

«Համասի» դեմ իսրայելական բանակի շարունակվող գործողությունները Գազայի հսկայական հատվածներ վերածել է ավերակների: «Համասի» վերահսկողությկան ներքո գտնվող Գազայի առողջապահության նախարարության համաձայն, ռազմական գործողությունների հետևանքով պաղեստինյան կողմում զոհվել է ավելի քան 22 հազար մարդ: Թեև նախարարությունը տարբերություն չի դնում զինյալների և խաղաղ բնակչության միջև, սակայն նշում է, որ սպանվածների 70%-ը կանայք են ու երեխաներ:

Իսրայելական բանակը սկսեց իր գործողությունները Գազայի հատվածում՝ հրեական պետության դեմ հոկտեմբերի 7-ին «Համասի» ձեռնարկած հարձակումից հետո, ինչի հետևանքով, ըստ իսրայելական կողմի, սպանվեց շուրջ 1 200 հոգի, մոտ 240-ը պատանդ տարվեցին և 129-ը դեռ գտնվում են «Համասի» զինյալների ձեռքին: Իսրայելական բանակի ներկայացմամբ, հոկտեմբերի 7-ից ի վեր՝ մարտերի ընթացքում կորցրել է 174 զինվորական:

Ըստ ՄԱԿ-ի տվյալների, Գազայի մոտ 2,3 միլիոն բնակչության շուրջ 85%-ը տեղահանվել է: Կազմակարպությունը նախազգուշացրել է վերահաս սովի և հիվանդությունների ալիքի մասին:

ՄԱԿ-ի ներկայացմամբ, Գազայի հատվածին ու Եգիպտոսին սահմանակից պաղեստինյան Ռաֆահի շրջանում են կենտրոնացել մոտ մեկ միլիոն փախստականներ՝ «ծայրահեղ ծանր պայմաններում»:

Նյութում օգտագործվել են «Associated Press», «Agence France-Presse» և «Reuters»
լրատվական գործակալությունների հրապարակումները։

XS
SM
MD
LG