Արտերկրում շարունակվող պատերազմների ֆոնին՝ ավելացել է այն ամերիկացիների թիվը, ովքեր կարծում են, թե 2024 թվականին արտաքին քաղաքականությունը պետք է լինի ԱՄՆ կառավարության առաջնահերթությունների շարքում։
«Associated Press»-«NORC»-ի Հանրային քաղաքականության հետազոտությունների կենտրոնի կողմից անցած ամիս անցկացված հարցման համաձայն, ամերիկացիները սկսել են ավելի մեծ տեղ տալ միջազգային խնդիրներին ու ներգաղթին վերաբերող հարցերին։
Հարցվածներից տասից չորսն արտաքին քաղաքականությունն են նշել այն հինգ ուղղություներից մեկը, որոնց շուրջ պետք է աշխատի ԱՄՆ կառավարությունը այս տարի։
Այս թիվը մոտավորապես կրկնակին է մեկ տարի առաջ անցկացված նմանատիպ հարցման արդյունքների համեմատ։
Թեև շարունակում են գերակշիռ տեղ են զբաղցենել տնտեսական խնդիրները, սակայն, օրինակ, հարցումը ցույց է տվել, որ ամերիկյան հասարակության ներսում էապես աճել է ուշադրությունը Իսրայելի և «Համասի» միջև շարուկավող հակամարտության նկատմամբ: Այս հակամարտությունը հիշատակել է հարցվածների 5%-ը, մինչդեռ մեկ տարի առաջ մերձավորարևելյան խնդրի մասին ոչ ոք չէր հիշել:
Չափահաս ամերիկացիների 4%-ը որպես խնդիր է առանձնացրել է ռուս-ուկրաինական պատերազմը, որի ուղղությամբ ԱՄՆ կառավարությունը պետք է կենտրոնանա այս տարի: 2022 թվականի ավարտին այդպես էր մտածում ամերիկացիների 6%-ը:
Ընդ որում, արտաքին քաղաքականությունը կարևոր է դարձել թե՛ հանրապետական կողմնորոշում ունեցող, թե՛ դեմոկրատներին հարող ԱՄՆ քաղաքացիների շրջանում։ Հանրապետականների օգտին հանդես եկողների 46%-ի մոտ է կարևոր դարձել արտաքին քաղաքականությունը (մեկ տարի առաջ այդ թիվը 23% էր)։ Դեմոկրատներին հարողների շրջանում այդ թիվը 34% է՝ նախորդ տարվա 16%-ի փոխարեն։
Ներգաղթին առնչվող հարցերը ևս սկսել են ավելի շատ մտահոգել ամերիկացիներին։
Հարցման արդյունքների համաձայն, ներգաղթին առնչվող խնդիրներն այլևս մտահոգում են ամերիկացիների 35%-ին։ Մեկ տարկ առաջ այդ թիվը 27% էր։
Հանրապետականների օգտին հանդես եկողների կեսից ավելին՝ 55%-ը, կարծում է, որ 2024 թվականին կառավարությունը պետք է կենտրոնանա ներգաղթի հարցերի շուրջ։ Այս կարծիքին է դեմոկրատներին հարող ամերիկացիների 22%-ը։ 2022 թվականի դեկտեմբերին այս ցուցանիշները, համապատասխանաբար, 45% և 14% էին։
69-ամյա Ջանեթ Բրյուերը ողջ կյանքն ապրել է Մեքսիկային սահմանամերձ Սան Դիեգոյում։ Նրա խոսքով, վերջին տարիներին իրավիճակը սահմանին սրվել է. «Մղձավանջ է։ Խելագարություն է»։
Լաս Վեգասում բնակվող բեռնատար մեքենաների օպերատոր 32-ամյա Թրևիս Բրաունը կարծում է, որ Միացյալ Նահանգները չափազանց մեծ ուշադրություն է դարձնում օտարերկրյա դաշնակիցներին օգնություն ցուցաբերելուն․ «Անհանգստանում եմ ուրիշների համար։ Իրոք, անհանգստանում եմ։ Բայց երբ նստում ես այստեղ և ասում, որ հենց նոր ուղարկեցի 50 միլիոն դոլար Իսրայել։ Հետո դուրս ես գալիս և տեսնում քո թաղամասի կեսը խառնշփոթ վիճակում է...։ Պետք է հոգ տանել քո տան մասին»: