Չնայած այս տարի ևս Հայաստանի տնտեսությունը կփակի բարձր աճով՝ իշխանությունների ներկայացմամբ մինչև 8,5%, սակայն տնտեսագետները մտահոգված են՝ այդ աճը ապահովվում է խիստ ժամանակավոր՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործոնով, և հայաստանյան իշխանությունների ձեռնարկած քայլերը գոհացուցիչ չեն՝ ստեղծելու այնպիսի համակարգային հիմքեր, որ երկիրը հետագայում կարողանա ապահովել համեմատաբար բարձր ու շարունակական տնտեսական աճ, երբ, ի վերջո, ռուսաստանայան գործոնը մեջտեղից դուրս գա։
«Այո, երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը աշխարհում ամենաարագ տնտեսությունների շարքում է։ Անցած տարի մենք ունենինք 12,6% ՀՆԱ աճ։ Այս տարի կլինի մոտ 8,3%-8,5%-ի միջակայքում, ինչը մեզ դասում է աշխարհի ամենաարագ աճող տաս տնտեսությունների շարքում։ Ինչը շատ լավ է։ Պետք է հիշեցնեմ նաև, որ մենք երեք տարում ԱՄՆ դոլարով արտահայտված կրկնապատկել ենք համարյա ՀՆԱ-ն՝ 12,5 միլիարդ դոլարից մոտավորապես հասցնելով մինչև 25 միլիարդ դոլարի»,- դեկտեմբերի 18-ին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Սակայն երբ աչքի ենք անցկացնում Հայաստանի վիճակագրական կոմիտեի այս տարվա առաջին տասնմեկ ամիսները ամփոփող տվյալները, տեսնում ենք, որ 9,4% տնտեսական ակտիվությունը նախևառաջ պայմանավորված է արտաքին առևտրի և շինարարության ոլորտներում գրանցված տպավորիչ աճերով՝ համապատասխանաբար, 42.4% 15,6%, բայց, ասենք, արդյունաբերությունն աճել է ընդամենը 2,1%,-ով, կամ էլեկտրաէներգիայի արտադրությունը, որը նույնպես կարևոր ցուցիչ է, թե, իրականում, ինչ վիճակում է երկրի տնտեսությունը, ընդհանրապես, անկում է ապրել է՝ 4,3%-ով։
Հետևաբար, հարց է առաջանում՝ որքանո՞վ է կառավարության գործոնեությունը արդյունավետ՝ երկրի տնտեսության տևական զարգացման համար հիմքեր ստեղծելու ուղղությամբ, երբ արևմտյան շուկաներից ներկրելու ու Ռուսաստանում վերավաճառելու միջոցով ապահովվող տնտեսական աճը կավարտվի։
«Դժվար է կառավարության գործունեությունը գոհացուցիչ գնահատել, սակայն, որ դրական միտումներ կան՝ միանշանակ է։ Հատկապես մի քանի ծրագրերի մասով։ Իհարկե, առանձին կարելի է դիտարկել, թե այդ արտոնությունների ծրագիրը ինչքանով է արդյունավետ, ինչքանով՝ ոչ, ծախս-արդյունք տեսանկյունից։ Բայց երբ որ մենք նայում ենք, օրինակ, քայլերը, որ իրականացվում են, նույն համախառն կապիտալի կուտակմանն ուղղված, կա արտադրության ոլորտի արդիականացման ծրագիր, գյուղատնտեսության ոլորտում որոշակիորեն փրձում են արտադրողականությունն ավելացնել՝ հողերի խոշորացման տեսքով․․․։ Որոշակի առաջընթաց կա, բայց ես ինքս կդժվարանամ դա բավարար գնահատել»,- «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում ասաց «ACSES» կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
Այն, որ առանց ռուսաստանյան գործոնը հաշվի առնելու՝ բուն հայաստանյան տնտեսության կարողությունն ավելի համեստ է աճ ապահովելու գործում, հրապարակավ ընդունում են անգամ տնտեսական թևի Հայաստանի բարձր իշխանավորները։
«Այս տարի ևս մենք կավարտենք շատ բարձր տնտեսական աճով՝ նախորդ տարվա 12,6%-ին այս տարի կհետևի, երևի, 8,3%, 8,2% տնտեսական աճ՝ մեր գնահատականների համաձայն, որը բավականին լավ ցուցանիշ է, որովհետև մեր տնտեսության պոտենցիալը, այսինքն՝ էն աճը, որը որ մեր արտադրողականության շնորհիվ կարող ենք մենք ունենալ, մեր գնահատականներով 5%-5,5%-ի շրջանականերում է»,- դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Կառավարությունից հակադարձում են՝ տնտեսությունը զարգացնելու, ավելի բարդ տնտեսություն կառուցելու, տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու քայլեր ձեռնարկում են, որպեսզի հետագա տարիներին ևս երկիրը կարողանա բարձր տնտեսական աճ ունենալ։
«Մեր կառավարությունը՝ կոնկրետ էկոնոմիկայի նախարարությունը մի քանի շատ խոշոր ռեֆորմ ենք արել։ Մեկը՝ հենց որակի ենթակառուցվածքների վերաբերյալ։ 2023 թվականին ընդունվել է հավատարմագրման մասին օրենքը և դրա փաթեթը, որը նպատակ ունի մեր որակի ենթակառուցվածքները բերել էնպիսի ստանդարտների, որ մեր ապրանքները կարողանան վաճառվել ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլ նաև տարբեր երկրներում, հիմնականում՝ Եվրամիության ստանդարտների հետ է սինքրոնացված»,- շարունակում է էկոնոմիկայի նախարարը։
Թե որքանով են արդյունավետ կառավարության այդ քայլերը, միգուցե, դեռ վաղ է խոսել, չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հինգուկես տարի է իշխանության ղեկին է, սակայն որպես ցուցիչ կարելի է նկատի ունենալ նույն՝ Ռուսաստանի հետ առևտուրը։ Այսինքն, որքանո՞վ են հաջող կառավարության քայլերը Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացնելու, հետևաբար՝ զարգացման ավելի լայն հիմքեր ստեղծելու ուղղությամբ, և այստեղ տեսնում ենք, որ այս տարվա ամենից թարմ՝ առաջին տասը ամիսներին վերաբերող տվյալների համաձայն, Ռուսաստանի հետ առևտուրը կազմել է Հայաստանի ողջ արտաքին առևտրի 35,1%-ը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը ավելի փոքր էր՝ 34,8%։ Այսինքն, Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից աճել է։
Հայկազ Ֆանյանն ասում է՝ վստահաբար այստեղ շոշափելի է տարանցիկ առևտուրը, սակայն այն հարցը չի հանում։
«Իրականում, մեր կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից 2022-2023 թվականներին ավելի է խորացել։ Խոսքը չի գնում ձեր նշած տարանցիկ առևտրի [մասին]։ Մեր տեղական արտադրության, կամ տեղական արտահանման դեպքում մեր արտադրողներն այսօր ավելի նախընտրում են ռուսական շուկան, քան արտաքին այլ երկրների շուկաները՝ պարզապես տնտեսական կարճաժամկետ մոտիվներից ելնելով, որովհետև կա մեծ պահանջարկ ռուսական շուկայում, ռուսական շուկան մեզ ծանոթ է»,- նշում է Հայկազ Ֆանյանը։
Տնտեսագետը ընդգծեց՝ հարկ է ակնկալել ոչ միայն կառավարության, այլև հայաստանյան գործարար հանրության քայլերը, ուր մտածելակերպի, մշակույթի, տնտեսական մոտիվացիայի փոփոխության հարց կա։ Ֆանյանի դիտարկմամբ, հայաստանյան գործարարներից շատերը դեռ պատրաստ չեն հեռուն նայել՝ հրաժարվել այսօր մեծ շահույթներ ապահովող, բայց առաջիկայում խնդիրներ խոստացող բացառապես մեկ ուղղությամբ գործունեությունից և փորձել ստեղծել ավելի որակյալ ապրանք, ծառայություն ու մուտք գործել նոր շուկաներ: