Մեծուփոքր կղզիներից բաղկացած և Չինաստանից հարավ՝ Խաղաղ օվկիանոսում գտնվող Ֆիլիպինների հյուսիսում տեղակայված «Camilo Osias» ռազմածովային բազայում փոփոխություններ են սպասվում։ Առաջիկայում Միացյալ Նահանգները արդիականացնելու է այն, նորոգելու է թռիչքուղին և կարող է տեղակայել իր զորքերն ու զինտեխնիկա։
Այն մեկն է ինը ռազմակայաններից, որոնք, ըստ Վաշինգտոնի և Մանիլայի միջև ստորագրված պաշտպանական համագործակցության մասին համաձայնագրի, տրամադրվել են ամերիկյան ռազմուժին։ Հենակետերի մասին հայտնի դարձավ դեռ այս ապրիլին, և դրանք համեմատաբար մոտ են Թայվանին ու Հարավչինական ծովին՝ շրջաններ, ուր Պեկինի հետ լարվածությունը միայն աճում է։
Ֆիլիպինների հյուսիսային ծայրում գտնվող «Camilo Osias»-ը մոտ է հատկապես Թայվանին, և նահանգապետ Մանուել Մամբան անհանգստացած է, որ իր հարազատ՝ ֆիլիպինյան նահանգը կարող է թիրախ դառնալ ռազմական գործողությունների ժամանակ:
«[1941 թվականին] Պերլ Հարբորի վրա հարձակվելուց տասը ժամ անց Ճապոնիան գրոհեց մեր ուղղությամբ՝ այն պատճառով, որ ԱՄՆ զորքերն այստեղ էին: Կարծում եմ, որ դա կկրկնվի, եթե այստեղ տեղակայվի օտար ռազմուժ»,- ասում է նահանգապետ Մանուել Մամբան։
Տասնամյակներ շարունակ Ֆիլիպինները Միացյալ Նահանգների կառավարման ներքո էր՝ մինչև 1946 թվականին անկախություն ձեռք բերելը: Երկրում ամերիկյան վերջին ռազմակայանը փակվել էր 1990-ականների սկզբին՝ Ֆիլիպիններում առկա դժգոհության պատճառով։
Ֆիլիպինյան կողմի պնդմամբ, Վաշինգտոնի հետ նոր պայմանավորվածությունը, սակայն, չի վերականգնում ԱՄՆ մշտական ռազմական ներկայությունը երկրում, այլ գերազանցապես վերաբերում է Ֆիլիպինների ռազմական կարողության արդիականացմանը:
«Մենք արդիականացրել ենք մեր բանակը… սակայն այն բավարար չէ՝ Չինաստանի հետ ունեցած տարածքային խնդիրների պատճառով»,- ասում է Ֆիլիպինների Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի օգնական Ջոնաթան Մալայան։
Չինաստանն աստիճանաբար կոշտացնում է իր դիրքորոշումը Հարավչինական ծովով անցնող ֆիլիպինյան նավերի նկատմամբ՝ պնդելով, թե դրանք հատում են իր տարածքային ջրերը։ Մանիլայում հույս ունեն, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը կզսպի Չինաստանի ծավալապաշտական նկրտումները:
«[Չինաստանին մոտ գտնվող] կղզիների առաջին շղթան շատ կարևոր է։ Այնպես չէ՞: Իսկ կղզիների առաջին շղթան Թայվանն ու Ֆիլիպիններն են, և երբ ամերիկյան զորքեր են առկա Ֆիլիպիններում, նրանց՝ [չինացիների] համար խնդիր է դառնում»,- շարունակում է Ջոնաթան Մալայան:
Չինաստանը քննադատել է ամերիկա-ֆիլիպինյան ռազմական փոխգործակցության մասին պայմանավորվածությունը՝ նշելով, թե այն խախտում է Ֆիլիպինների ինքնիշխանությունը: Մանիլայում համաձայն չեն։
«Ինչ նրանք անում են, քարոզչություն է։ Մեզ համար կարևոր է, որ մենք կշահենք»,- ասում է Ֆիլիպինների զինված ուժերի խոսնակ, գնդապետ Մեդել Ագիլարը։
Թեև «Camilo Osias»-ի հարակից բնակիչները, կարծես, անտեղյակ են աշխարհաքաղաքական զարգացումներից, սակայն այդ փոքրիկ ռազմակայանը շուտով կարող է լուրջ դեր խաղալ Հարավ-Արևելյան Ասիայի անվտանգության ապահովման գործում: