ԱՄՆ զինուժը հարվածներ է հասցրել Իրաքում գործող «Քաթայբ Հեզբոլլահի» և նրան մոտ կանգնած խմբավորումների երեք օբյեկտներին՝ այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավարն ընդունել է, որ ամերիկյան ուժերի թիրախավորման հետևանքով Պենտագոնը կորուստներ է կրել։
Ամերիկյան ուժերի հարվածներն Օսթինը անվանել է «անհրաժեշտ և համաչափ», սակայն մանրամասներ չի հայտնել։
«Այս ճշգրիտ հարվածները պատասխան են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ հենակետերի նկատմամբ իրանական աջակցությունը վայելող զինյալների մի շարք գրոհների, [որոնց ժամանակ] իրանամետ «Քաթայբ Հեզբոլլահ» և [նրան մոտ կանգնած] խմբավորումների կողմից հարձակման ենթարկվեց նաև Էրբիլի ավիաբազան»,- նշել է Լլոյդ Օսթինը:
Վերջինիս խոսքով, ԱՄՆ հարվածներն ուղղված էին «խաթարելու և թուլացնելու Իրանի հետ կապված զինված խմբավորումների կարողությունները, որոնք պատասխանատու են [ամերիկյան հենակետերի դեմ իրականացված գրոհների համար]»:
Օսթինը հայտնել է, որ ավիաբազայի վրա հարձակման հետևանքով վիրավորվել են երեք ամերիկացի զինծառայողներ, մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում է:
«Աղոթում եմ խիզախ, վիրավորված ամերիկացիների համար։ [ԱՄՆ] նախագահն ու ես չենք վարանի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու Միացյալ Նահանգները, մեր զորքերը և մեր շահերը, և սրանից կարևոր առաջնահերթություն չկա»,- ասել է Պենտագոնի ղեկավարը։:
Օսթինը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները չի ձգտում սրել իրավիճակը, սակայն հավելել է. «Հաստատակամ ենք հետագայում [ևս] անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեր ժողովրդին և մեր ենթակառուցվածքները պաշտպանելու համար»:
Իր հերթին՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնն հայտարարել է, որ նախագահ Ջո Բայդենն անմիջապես տեղեկացվել է ամերիկյան զորքերին թիրախավորելու մասին, և [նա] հրամայել է պաշտպանության նախարարությանը ձեռնարկել պատասխան գործողություններ:
«Այսօր կեսօրին՝ պաշտպանության նախարար Օսթինի և նախագահի ազգային անվտանգության գծով թիմի անդամների հետ հանդիպման ժամանակ, նախագահին ներկայացվել են [իրավիճակի զարգացման] հնարավոր տարբերակներ։ Այդ քննարկմանը նախագահը հրամայել է հարվածներ հասցնել երեք թիրախներին, որոնք օգտագործվում էին «Քաթայբ Հեզբոլլահի» և նրան մոտ կանգնած խմբավորումների կողմից։ [Ամերիկյան ուժերի] գործողությունները կենտրոնացած էին անօդաչուների դեմ պայքարի ուղղությամբ։ Նախագահի համար չկա ավելի կարևոր առաջնահերթություն, քան սպառնալիքի ներքո հայտնված ամերիկյան անձնակազմերի պաշտպանությունը։ Եթե [մեր հենակետերի դեմ] հարձակումները շարունակվեն, Միացյալ Նահանգները միջոցներ կձեռնարկի՝ իր նախընտրած ժամանակ և ձևով»,- մանրամասնել է Ուոթսոնը: