Մատչելի հղումներ

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում կոշտացնել դիրքորոշումն Իրանի նկատմամբ


Իրան, Թեհրան
Իրան, Թեհրան

Հոկտեմբերի 17-ից՝ Իսրայելի դեմ «Համասի» հարձակումից 10 օր անց, իրանամետ ուժերն ավելի քան 90 գրոհ են իրականացրել Մերձավոր Արևելքում տեղակայված ԱՄՆ ստորաբաժանումների դեմ: Որոշ հանրապետական կոնգրեսականներ Բայդենի վարչակազմից պահանջում են խստացնել պատժամիջոցներն իսլամական հանրապետության նկատմամբ։

Օրեր անց, երբ Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութի ապստամբները գրոհեցին ԱՄՆ ռազմանավը Կարմիր ծովում, Իրանի արտգործնախարարը նախազգուշացրեց Վաշինգտոնին՝ Իսրայել-«Համասի» հակամարտության ուղղությամբ տարվող ամերիկյան քաղաքականության առնչությամբ։

«Ցանկացած պահի կարող է տեղի ունեալ անկառավարելի և անկանխատեսելի պայթյուն։ Սա այն է, ինչ ամերիկացիները ցայսօր չեն գիտակցել, և եթե առաջիկայում չհասկանան, հետևանքները կազդեն ԱՄՆ վրա»,- ասել է Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:

Հանրապետական օրենսդիրները վստահ են՝ Բայդենի վարչակազմի քաղաքականությունն է նպաստել, որ Իրանը նման կեցվածք ընդունի:

«Իրանը մեծացնում է իր կշիռը Մերձավոր Արևելքում՝ Եմենից մինչև Գազա, ուր Թեհրանը կամ նրան ենթակա ուժերը ուղղակի գրոհում են ԱՄՆ ռազմական օբյեկտներն ու ռազմանավերը՝ ըստ էության, առանց հետևանքների»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսական Բլեյն Լոյթքեմեյերը:

Հանրապետականները նաև քննադատել են Բայդենի վարչակազմին՝ իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվներն ապասառեցնելու շուրջ Թեհրանի հետ այս տարի ձեռք բերված համաձայնության համար, որի դիմաց Իրանը ազատ արձակեց ամերիկացի հինգ պատանդների:

«Երբ այս կառավարությունը փող է տրամադրում Իրանին կամ թուլացնում է պատժամիջոցները, արդյունքում՝ ֆինանսավորում է ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են Իրանի ժողովրդի, Իսրայելի ժողովրդի և մի օր՝ շուտով, վախենամ, Միացյալ Նահանգների ժողովրդի դեմ»,- հայտարարել է հանրապետական կոնգրեսական Թոմ ՄըքՔլինթոքը:

Ներկայացուցիչնրի տունը՝ երկու կուսակցությունների աջակցությամբ ընդունեց՝ «No Funds for Iranian Terrorism Act» օրինագիծը, որի նպատակը վերոհիշյալ 6 միլիարդի վերստին սառեցումն է:

«Իրանը կարող է կրկին առավելություն ստանալ՝ այս պատանդներին ազատ արձակելուց հետո, ամերիկացի նոր պատանդ վերցնելով: Փորձելու ենք թույլ չտալ այդ։ Սա լեգիտիմ գործարք չէ, երբ ամերիկացիները պատանդ են պահվում»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Ամերիկացի օրենսդիրները վստահ են, Իրանում ժամանակ առ ժամանակ ծագող բողոքի ցույցերը, ուր ակտիվ են հատկապես իրանցի կանայք, վկայում են, որ ռեժիմի փոփոխությունը, ի վերջո, սկիզբ կառնի երկրի ներսից:

«Անհրաժեշտ է բարձրաձայնել Իրանի կանանց խիզախության մասին, որը յուրաքանչյուր իրանցու ազատության համար է»,- նշել է դեմոկրատ կոնգրեսական Զոի Լոֆգրենը:

Ամերիկացի օրենսդիրները երեքշաբթի վերստին Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել «H.Res.100» բանաձևի նախագիծը, որը արտահայտում է ԱՄՆ աջակցությունը Իրանում ժողովրդավարական ու աշխարհիկ կարգերի հաստատամը և միջուկային զենք ստեղծելու ծրագրերից հրաժարվելուն։

XS
SM
MD
LG