Մատչելի հղումներ

Իրանը ներկայացրել է «օդ-օդ» տեսակի հրթիռներով զինված անօդաչուներ


Իրանական դրոններ
Իրանական դրոններ

«Երկրի սահմանամերձ բոլոր շրջաններում հակաօդային պաշտպանության [ուժեղացման] համար հատկացվել են «Karrar» անօդաչուներ՝ զինված «օդ-օդ» տեսակի հրթիռներով»,- հաղորդել է պետական «IRNA» լրատվական գործակալությունը։

Ըստ հաղորդագրության, մոտ հազար կիլոմետր շառավղով գործող անօդաչուները ցուցադրվել են կիրակի՝ Թեհրանի ռազմական ակադեմիայում:

«Թշնամիները պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը, քանզի իրանական ուժերն ավելի են հզորացել»,- հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Աբդոլրահիմ Մուսավին:

«IRNA»-ի փոխանցմամբ, «Karrar» անօդաչուն, որի առաջին տարբերակը ներկայացվել էր դեռ 2010 թվականին, համալրվել է «Majid» հրթիռով` 8 կիլոմետր հեռահարությամբ, որն «ամբողջությամբ պատրաստված է Իրանում»:

Այս հոկտեմբերին անցկացված զորավարժությունների ժամանակ Մուսավին հայտարարել էր, թե հրթիռն «հաջողությամբ է անցել փորձարկումները»։

Իրանական զինանոցի համալրումը մտահոգություն է առաջացրել հատկապես ԱՄՆ-ում և Իսրայելում, որոնք Թեհրանին մեղադրում են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանն ու Եմենի ապստամբ հութիներին անօդաչուներ մատակարարելու մեջ։

Գաղտնիք չէ, որ Իրանը աջակցում է նաև պաղեստինյան «Համաս» խմբավորմանը, որը ԱՄՆ ու բազմաթիվ արևմտյան երկրների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և ներկայում հակամարտության մեջ է հրեական պետութան հետ։

Թեհրանին նաև մեղադրում են Ռուսաստանին զինելու, մասնավորապես՝ անօդաչուներ տրամադրելու մեջ, որոնք լայնորեն կիրառվում են ուկրաինական ուժերի դեմ։ Թեհրանը, սակայն, հերքում է:

Արևմտյան կառավարությունները, այնուամենայնիվ, պատժամիջոցներ են սահմանել Իրանի նկատմամբ՝ կապված սպառազինության ենթադրյալ վաճառքի հետ:

Իրանը սկսել է անօդաչուների արտադրությունը հեռավոր 1980-ականներին՝ Իրաքի հետ ութամյա պատերազմի ընթացքում:

XS
SM
MD
LG