ՀՀ վարչապետի լրատվական ծառայության հաղորդմամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ և դեկտեմբերի 25-ին մասնակցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Լրատվական ծառայության հաղորդագրության մեջ ասված է. «Նախ տեղի է ունեցել նեղ, այնուհետև ընդլայնված կազմով նիստը, որին մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Աբբաս Ալի-Աբադին:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ այսօր ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիր: Այն ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրել են փոխվարչապետները, հայկական կողմից` Մհեր Գրիգորյանը, իսկ իրանական կողմից` Աբբաս Ալի-Աբադին:»
Հաղորդագրության համաձայն՝ ընդլայնված կազմով նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ուր, մասնավորապես, ասել է.
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին և անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին այսօրվա միջոցառումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից ստանձնում է ԵԱՏՄ մարմիններում նախագահությունը, ինչի կապակցությամբ մենք անդամ երկրների աջակցության և արդյունավետ համագործակցության հույս ունենք` մեր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով։
Խորհրդանշական է, որ Հայաստանի նախագահությունը համընկնում է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի ստորագրման տասնամյակի հետ, որի հիմքում այն բազային հիմնադրույթն է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ»,- ասել է վարչապետ Փաշինյանը: