Մատչելի հղումներ

Ինչո՞ւ է Պուտինը խեղաթյուրում պատմությունը


ՌԴ նախագահ Պուտինն` իր ամենամյա մամուլի ասուլիսին Մոսկվայում
ՌԴ նախագահ Պուտինն` իր ամենամյա մամուլի ասուլիսին Մոսկվայում

Փորձագետները անդրադարձել են «Ուղիղ գիծ» հեռուստահեռարձակման ժամանակ պատմական հարցերի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի հնչեցրած հայտարարություններին։

Հաճախ անդրադառնալով պատմական թեմաներին, խեղաթյուրելով, անգամ կեղծելով այն՝ Պուտինն, իրականում, հետապնդում է մեկ նպատակ՝ գաղափարական հիմնավորումներ ստեղծել իր գործողությունների համար՝ պնդում են «Ամերիկայի ձայնի» զրուցակիցները։

Օրերս տեղի ունեցած «Ուղիղ գիծ» հեռուստահեռարձակման ժամանակ Ռուսաստանի ղեկավարը շատ ժամանակ հատկացրեց պատմական տարբեր հարցերին, այդ թվում՝ Ուկրաինային առնչվող, որի դեմ գրեթե երկու տարի առաջ սանձազերծեց լայնածավալ և արյունալի պատերազմ։ Վլադիմիր Պուտինը վերստին հայտարարեց՝ «ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են», իսկ Օդեսան կոչեց «ռուսական քաղաք»։

Որպես Կրեմլի նախաձեռնած «հատուկ ռազմական գործողության» հիմնավորում՝ Պուտինը կրկին խոսեց Ուկրաինան «դենացիֆիկացնելու» անհրաժեշտության մասին՝ անդրադառնալով Ստեպան Բանդերային և պնդելով, թե այսօրվա Ուկրաինայում նրան համարում են ազգային հերոս, ուստի՝ Կիևը շարժվում է ֆաշիզմի ուղով։

Անդրադառնալով բազմաթիվ քննադատությունների պատճառ դարձած պատմության միասնական պետական դասագրքին՝ Պուտինն ասաց, որ պետք է հետևել որոշ սկզբունքների՝ դասագիրքը «պետք է համապատասխանի ճշմարտությանը», «չծառայի ուրիշի շահերին, ինչպես եղել է»։ Միաժամանակ, նախագահը դժգոհել է՝ նախկինում ռուսաստանյան դասագրքերը «ակտիվորեն նկարագրել են [ամերիկա-բրիտանական ուժերի կողմից 1944 թվականին] երկրորդ ճակատի բացման նշանակությունը, բայց գրեթե ոչինչ չեն ասել Ստալինգրադի ճակատամարտի նշանակության մասին»։

Պուտինը մեջբերել է անհիմն կերպով Բիսմարկին վերագրվող խոսքերը, թե «պատերազմները հաղթում են ոչ թե գեներալները, այլ դպրոցի ուսուցիչներն ու քահանաները»: Իրականում, կայսերական Գերմանիայի կանցլերը երբեք նման հայտարարություն չի արել։ Խոսքերի հեղինակ ինչ-որ իմաստով կարելի է համարել աշխարհագրության պրոֆեսոր Օսկար Պեշելին, ով խոսել է պրուս-ավստրիական պատերազմի մասին։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Սախարովի կենտրոնի տնօրեն, պատմաբան Սերգեյ Լուկաշևսկին պարզաբանում է, թե, ընդհանրապես, Պուտինն ինչու է գերադասում հաճախ անդրադառնալ պատմութանը․ «Այժմ շատ խոսակցություններ, բանավեճեր կան, թե որն է ռեժիմի գաղափարախոսությունը և արդյոք այն գոյություն ունի։ «Ուղիղ գծից» հետո, ինձ համար պարզ դարձավ, որ [պուտինյան] ռեժիմին պետք չէ գաղափարախոսություն՝ ոչ միայն ավելի ճկուն լինելու, անհրաժեշտության դեպքում՝ ռազմավարությունը փոխելու համար, այլ այն պատճառով, որ [ռեժիմի] գաղափարախոսությունը ներկառուցված է պատմության մեջ: Սա անգամ «պայծառ ապագա կերտող» ռեժիմ չէ: Օրինակ, նացիստական կամ բոլշևիկյան վարչակարգերը պնդում էին, որ իրենց ձեռքում են ապագայի բանալիները: Պուտինի ռեժիմը նույնիսկ դրան չի հավակնում»։

Լուկաշևսկին հիշեցնում է․ «Ըստ [հայտնի] սկզբունքի, ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան։ Սա է տոտալիտար ռեժիմների բնույթը։ Հետևաբար, Պուտինի ուղղահայաց համակարգի համար չափազանց կարևոր է «ճիշտ» պատմության կերտումը: Սա այն լծակն է, որով Կրեմլը նախատեսում է վերահսկել հասարակությանը։ Հասկանալի է, ոչ թե ուղիղ իմաստով, այլ ավելի խորը՝ ռազմավարական մակարդակում»։

Ըստ պատմաբանի, Վլադիմիր Պուտինը ներկայացնում է այն պատմությունը, որը պահանջում է ռեժիմը։ Արդյունքում՝ մեջտեղ է գալիս այն պնդումը, թե ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։ Իրականում դրանք պատմականորեն մոտ ժողովուրդներ են։ Բայց միանգամայն ակնհայտ է, որ տարբեր են՝ քաղաքական, մշակութային, ինքնության առումներով։

Սերգեյ Լուկաշևսկին պնդում է՝ Պուտինը հաճախ է օգտագործում է ճշմարտության որոշ տարրեր՝ ընդհանուր կեղծ պատկերը ուրվագծելու համար․ «Արդյո՞ք Ստեպան Բանդերայի հայացքները ժողովրդավարական ու ազատական էին: Իհարկե ոչ։ Արդյո՞ք Բանդերան և նրա կողմնակիցները նացիստների համախոհներ էին, դարձյալ՝ ոչ: Նրանք պայքարում էին ազատ Ուկրաինայի համար։ Սակայն Պուտինն օգտագործում է պատմական բարդ իրավիճակը և խառնում ճշմարտության փոքրիկ կտորներ՝ պատմական կեղծ պատկեր ստեղծելու համար: Խարդախորեն նա այսօրվա Ուկրաինային մեղադրում է ֆաշիզմին հավատարիմ լինելու մեջ, ինչը ամբոխավարություն գագաթնակետն է»։

Պրահայի Չարլզի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դասախոս Դմիտրի Դուբրովսկին պնդում է՝ Կրեմլը մշտապես փորձում է խաղալ պատմության հետ՝ այն հարմարեցնելով իրենց շահերին։

Ըստ Դուբրովսկու, պատմությունը պուտինյան ռեժիմի գաղափարախոսական կարևոր բաղադրիչն է․ «Ճշմարտության և օբյեկտիվության ժամանակ չկա, որն իբր Պուտինը ցանկանում է տեսնել դասագրքերում։ Ագրեսիվ պատմական քաղաքականությունը մշտապես Պուտինի ուշադրության կենտրոնում է, և նա այդ մասին խոսում է մշտապես»:

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը շարունակում է՝ Ռուսաստանում հաճախ պատմությունը փոխվում է՝ կախված, թե կոնկրետ անձինք ինչ են ասել․ «Պատմությունը ծառայում է իշխանություններին։ Հիշում եմ, թե որքան սուր արձագանքեց Ռամզան Կադիրովը դասագրքին՝ [Ստալինի օրոք չեչենների արտաքսմանը վերաբերող հատվածին], և նրանք անմիջապես ուղղեցին այն։ Սա մի դասագիրք է, ուր գրված է այն, ինչ ցանկանում են Ռուսաստանի իշխանությունները։ Այն պատմության հետ գրեթե կապ չունի։ Ինձ թվում է, որ ռուսական պատմության բոլոր դասագրքերը ավելի շատ քարոզչական տետրակներ են»։

Դմիտրի Դուբրովսկին հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս է Պուտինի մոտ ծագել այն միտքը, որ պատմության նախորդ դասագրքերում «մանրամասն ներկայացված էր երկրորդ ճակատի թեման, իսկ Ստալինգրադի ճակատամարտի նշանակությունը նսեմացված էր»․ «Անհեթեթություն է: Ռուսական դասագրքերում գրեթե ոչինչ չէր ասվում երկրորդ ճակատի մասին, բայց կար տարեգրություն, թե ինչպես է խորհրդային բանակը հաղթանակից հաղթանակ առաջ շարժվել։ Ընդհանրապես, ռուսական դասագրքերում պատերազմը որպես ողբերգություն, ցավ ու դառնություն չի մատուցվում։ Զարմանալի չէ, որ մարդիկ, ովքեր դաստիարակվել են նման դասագրքերով, այժմ հեշտությամբ կռվում են Ուկրաինայի դեմ»։

Դասախոսը ընդգծում է՝ նույնքան անհեթեթություն է Ուկրաինային ուղղված Պուտինի մեղադրանքը, թե Կիևը բռնել է ֆաշիստական երկիր դառնալու ուղին․ «Բանդերան ողջ Ուկրաինան չէ և, իհարկե, նրա ներկայիս դեմքը չէ: Ի դեպ, [Երկրորդ աշխարհամարտի ժամանակ] ունեինք [նացիստների կողմը անցած ռուս] գեներալ Վլասով, և նրա ղեկավարությամբ շատ ավելի մարդիկ էին ծառայում, քան Ստեպան Բանդերայի ներքո։ Չգիտես ինչու, Ռուսաստանում մարդիկ չեն սիրում հիշել դա, բայց Վլասովի բանակը բաղկացած էր մոտ մեկ միլիոն սվիններից, և այն Հիտլերի կողմից էր»:

Դուբրովսկին եզրափակում է՝ իր երկարուձիգ ասուլիսի ժաման Կրեմլի ղեկավարը շատ է խոսել Z-հայրենասերներին հաճոյանալու համար, բայց, ընդհանուր առմամբ, հնչեցրածը քարոզչական հին դրութներն են։

XS
SM
MD
LG