«Հրազենային բռնության արխիվ» շահույթ չհետապնդող կազմակերպության համաձայն, միայն այս տարի Միացյալ Նահանգներում գրանցել է զանգվածային հրաձգության առնվազն 635 դեպք, այդ թվում՝ յոթը դպրոցներում և համալսարաններում։ Սակայն անգամ այս ցուցանիշը կազմում է հրազենի կիրառմամբ բոլոր դեպքերի միայն 6%-ը։
«Մեզ մոտ տարեկան 15-17 հազար հրաձգություն է տեղի ունենում։ Զանգվածային հրաձգությունների ժամանակ հաճախ օգտագործվում են «AR-15» ավտոմատներ և հարձակողական տիպի հրացաններ, երբեմն նաև ատրճանակներ»,-ասում է կազմակերպության ներկայացուցիչ Մարկ Բրայընթը։
Օրեր առաջ դեմոկրատ սենատորները վերստին փորձեցին վերականգնել հարձակողական զենքի վաճառքի արգելքը, որի ժամկետը լրացել էր 2004 թվականին։
«Զարմանալի չէ, որ այդ արգելքի ժամկետն ավարտվելուց հետո կտրուկ ավելացան զանգվածային հրաձգությունների և դրանց հետևանքով մահվան դեպքերը։ Մենք պետք է փոխենք այդ իրավիճակը»,- ասում է Սենատում մեծամասնություն կազմող դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը։
Հանրապետականները դեմ են, և սենատոր Ջոն Բարասոն ներկայացնում է իր հիմնավորումները․
«Օրինագծի գրեթե յուրաքանչյուր էջ նոր սահմանափակումներ ու նոր բեռ է ավելացնում օրինապաշտ մարդկանց համար։ Մինչդեռ, պետք է ուշադրություն դարձնել մարդկանց հոգեկան առողջության, դպրոցներում անվտանգության բարելավմանը և գործող օրենքների ավելի խիստ կիրառմանը»։
Your browser doesn’t support HTML5
Դեմոկրատներն ու հանրապետականները միասնական էին 2022 թվականին «Ավելի ապահով համայնքների մասին» օրենքի անցկացման ժամանակյ։ Գրեթե 30 տարվա ընթացքում այն զենքի վաճառքին, կիրառությանը վերաբերող առաջին դաշնային օրենքն էր։
Սակայն այսօր էլ ընդունված օրենքի ազդեցության վերաբերյալ արձագանքները տարբեր են զենքի վերահսկողության խստացման օգտին հանդես եկողների և զենքի կիրառության իրավունքը պաշտպանողների շրջանում։
«Նրանք փակեցին որոշ սողանցքներ՝ դժվարացնելով զենքի ձեռք բերումը այն մարդկանց համար, որոնք զենք կրելու իրավունք չունեին։ Սակայն դա բավարար չէ։ Կոնգրեսը պետք է վերադառնա հարցին ու նախաձեռնի համընդհանուր ստուգումներ, արգելի հարձակողական զենքերը, պահանջի բոլոր զենք կրողներից ապահով պահպանել իրենց զենքերը, որպեսզի դրանք չգողանան կամ ապօրինի չվաճառեն»,- ասում է Նիք Ուիլսոնը՝ «Center for American Progress»-ից։
«Դպրոցների անվտանգության վերաբերյալ հատուկ կենտրոնի ստեղծումը և դաշնային մակարդակով դրա ամրապնդումը դրական միտում է։ Բայց այդ քայլերը չեն կանխում հանցագործների կողմից զենքերի ձեռքբերումը։ Դրանք ընդամենը դանդաղեցնում են գործընթացը այն մարդկանց համար, որոնք երբեք մեծ ռիսկի տակ չեն հայտնվում նման հանցագործություններ կատարելիս»,- փոխանցում է «Heritage Foundation»-ի ներկայացուցիչ Էյմի Սվերերը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը այս ամիս հանդես եկավ նահանգներին լրացուցիչ աջակցություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ զենքի կիրառմամբ բռնությունները նվազեցնելու նպատակով։
Դիտորդները, սակայն կարծիք են հայտնում՝ քիչ հավանական է, որ 2024 թվականին դաշնային մակարդակում դեմոկրատներն ու հանրապետականները կարողանան փոխհամաձայնության գալ։
«Դա ենթադրում է հանրապետականների և դեմոկրատների փոխհամաձայնություն, ինչը քիչ հավանական է ընտրությունների տարում և քաղաքական երկպառակության պատճառով»,- նշում է Նիք Ուիլսոնը։
«Սա փակուղի է, քանի որ խոսքը երկու շատ տարբեր մոտեցումների մասին է, թե որն է խնդիրը և ինչպես պետք է այն լուծվի»,-ասում է Էյմի Սվերերը։
Մարկ Բրայընթը պնդում է՝ դրական արդյունքի համար հարկավոր է ջանքերն ուղղել կրթությանը, մարդկանց հոգեկան առողջության ամրապօնդմանը և զենքի անվտանգ պահպանման ուղղությամբ։