Մատչելի հղումներ

Բայդենը հիշեցնում է` ներգաղթյալների նկատմամբ անհանդուրժողականությունն անթույլատրելի է


ԱՄՆ Նախագահ Ջո Բայդեն
ԱՄՆ Նախագահ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահը խոսել է ժամանակին չինացիների ներգաղթն արգելող օրենքի («Chinese Еxclusion Аct») չեղարկման հերթական տարեդարձի կապակցությամբ։ Օրենքը ընդունվել էր դեռ 1882 թվականին, և չեղարկվել ավելի քան վաթսուն տարի տարի անց՝ 1943 թվականին։

Սպիտակ տան ղեկավարի խոսքով, ներգաղթի՝ այսօր գործող ամերիկյան համակարգը ավելի լավ է արտացոլում Միացյալ Նահանգների՝ որպես ներգաղթյալների երկրի արժեքները։

Չինացիների ներգաղթն արգելող օրենքն ընդունվել էր 1882 թվականի մայիսի 6-ին՝ ի պատասխան Միացյալ Նահանգներ չինացիների զանգվածային ներգաղթի:

«Մեր երկիրը հիմնվել է այն հիմնարար գաղափարի վրա, որ բոլորս հավասար ենք ստեղծվել և արժանի ենք հավասար վերաբերմունքի։ 61 տարի շարունակ չինացիների [ներգաղթն] արգելող օրենքը... օգտագործել է մեր ներգաղթային համակարգը՝ խտրական վերաբերմունք դրսևորելով մի ողջ էթնիկ խմբի նկատմամբ, որին հետագայում հաջորդեց խտրականությունը շատերի նկատմամբ Եվրոպայում և... Ասիայում»,- նշված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունում:

Նախագահի խոսքով, այն բանից հետո, երբ 1943 թվականին չեղարկվեց այդ օրենքը, դրան հետևեցին այնպիսինները, որոնք դրեցին ամերիկյան ներգաղթային համակարգի հիմքը և որն այսօր լավագույնս արտացոլում է այն արժեքները, որ դավանում է ներգաղթյալների երկիր հանդիսացող Միացյալ Նահանգները:

«Գիտակցում ենք, որ չնայած մեր գրանցած առաջընթացին, ատելությունն երբեք լիովին չի անհետանա: Այսօր ոմանք շարունակում են որպես չարագործ պատկերել ներգաղթյալներին և բորբոքել անհանդուրժողականության կրակը»,- կարդում ենք նախագահ Բայդենի հայտարարությունում:

Նախագահը նշել է, որ տարիներ շարունակ չինական ծագում ունեցող մարդիկ նպաստել են Միացյալ Նահանգների բարգավաճմանը` հսկայական ավանդ ունենալով 19-րդ դարում կառուցված և ԱՄՆ ատլանտյան ու խաղաղօվկիանոսյան ափերը միմյանց կապող երկաթուղու հիմնման դժվարին գործում, ծառայելով ամերիկյան բանակում, ստեղծելով ամերիկյան մշակույթի տաղանդավոր գործեր և կատարելով գիտական բազմաթիվ նշանակալի հայտնագործություններ:

«Մեծարում ենք նրանց և բոլոր ներգաղթյալներին, ովքեր շարունակում են ներդրումներ ունենալ մեր երկրում»,- եզրափակել է Բայդենը:

XS
SM
MD
LG