Ռուսաստանի Պետդուման․ 20 տարի առանց ազատականների

Ռուսաստանի Պետական դումա

Փորձագետներն անդրադարձել են 2003 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Աջ ուժերի միության» և «Յաբլոկո» կուսակցության ձախողման պատճառներին՝ կանխատեսումներ անելով Ռուսաստանում ազատական գաղափարի հեռանկարների վերաբերյալ

2003 թվականի դեկտեմբերի 7-ին՝ առաջին անգամ Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք տեղի ունեցան Ռուսաստանի Դաշնային ժողովի ստորին պալատի՝ Պետական դումայի ընտրությունները։ Ձայների հաշվարկի արդյունքում՝ նախկինում Պետդումայում ներկայացված երկու կուսակցություններ՝ աջ ազատական «Աջ ուժերի միությունը» և ձախ ազատական «Յաբլոկո» կուսակցությունը, չկարողացան հաղթահարել 5 տոկոսանոց շեմը և դուրս մնացին խորհրդարանից։ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալների համաձայն, «Յաբլոկոն» ստացել էր ընտրողների ձայների 4,3%-ը, «Աջ ուժերի միությունը»՝ 3,9%-ը։

Նրանց չհաջողվեց հաղթահարել անցողիկ շեմը նաև հետագա տարիներին։ 2008 թվականի հոկտեմբերին «Աջ ուժերի միությունը» որոշեց ինքնալուծարվել։ Մինչդեռ, «Յաբլոկո» կուսակցությունը գործում է ցայսօր և անգամ փոքր ներկայացվածություն ունի Ռուսաստանի մի քանի նահանգային խորհրդարաններում և համայնքային ավագանիներում։

«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայության թղթակիցը զրուցել է ռուսաստանցի քաղաքական գործիչների ու փորձագետների հետ՝ պարզելու, թե ինչպես են նրանք բացատրում ազատական գաղափարներ կրող կուսակցությունների ձախողումը 2003 թվականի դեկտեմբերին և արդյո՞ք հույս ունեն, որ ռուսաստանյան հանրության շրջանում կվերականգնվի պահանջարկը ազատության և մարդու իրավունքների արժեքների նկատմամբ։

«Դրանք յուրահատուկ կուսակցություններ էին, որոնք մարմնավորում էին վաղուց անցած ժամանակները»

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Վլադիմիր Միլովի պնդմամբ, 2003 թվականին «Աջ ուժերի միությունը» և «Յաբլոկո» կուսակցությունը չեն պարտվել ընտրություններում․ «Նրանք հաղթահարել են 5%-ի շեմը, սակայն արդյուքնները կեղծվել են։ Հավանաբար, նախագահի աշխատակազմում քաղաքական որոշում է կայացվել՝ փակել ազատականների ճանապարհը»։

Միլովը իր տեսակետը հիմնավորում է Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության իրականացրած ձայների զուգահեռ հաշվարկով։

«Բայց դա առաջին և վերջին դեպքն էր, երբ Պուտինի օրոք տեղի ունեցավ ձայների համազգային, զուգահեռ հաշվարկ։ Անշուշտ, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցությունը այդ արեց՝ ելնելով իր շահերից, սակայն այդ տվյալները ցույց տվեցին, որ իրենց թվերը առանձնապես չեն տարբերվում պաշտոնականից, իսկ, ահա, ազատական կուսակցություններն անցել էին։ Համենայն դեպս, «Յաբլոկոն» միանշանակ հաղթահարել էր շեմը, իսկ «Աջ ուժերի միությունը» շատ մոտ էր անցողիկ շեմին»,- շարունակում է Վլադիմիր Միլովը։

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը հիշեցնում է՝ Վլադիմիր Պուտինը 20 տարի առաջ շնորհավորեց Գրիգորի Յավլինսկուն՝ Պետդումա անցնելու կապակցությամբ, իսկ առավոտյան պարզվեց, որ կեղծիքի արդյունքում այդ կուսակցությունը չի անցել խորհրդարան․ «Դա կարևոր, ես նույնիսկ կասեի՝ գոյութենաբանական դեր խաղաց, քանզի եթե Դումայում լիներ 50 ազատական պատգամավորներից բաղկացած խմբակցություն, ապա «Եդինայա Ռոսիան» սահմանադրական մեծամասնություն չէր ունենա։ Եվ հնարավոր չէր լինի սահմանադրական հեղաշրջում իրականացնել, երբ 2004 թվականին ընդամենը մի քանի ամսվա ընթացքում փոփոխություններ կատարվեցին կուսակցությունների, ընտրությունների և այլնի մասին օրենքներում, որոնք գործնականում վերացրեցին ժողովրդավարության ինստիտուտները և քաղաքացիական ազատությունները, մտցրեցին քաղաքական գործունեությունը թույլատրող կարգ, ինչը նախկինում չէր եղել։ Այդ ամենի համար պետք էր ազատականներին դուրս շպրտել Դումայից»։

Մյուս կողմից, Միլովը կարծում է, որ «Յաբլոկոյի» և «Աջ ուժերի միության» նկատմամբ ընտրողները ունեին պահանջներ. «Դրանք շատ յուրահատուկ կուսակցություններ էին, որոնք ուղղակի մարմնավորում էին վաղուց անցած ժամանակները։ «Աջ ուժերի միությունում» կային մարդիկ, որոնք 1990-ականներին թվականներին կառավարությունում զբաղվում էին բարեփոխումներով, իսկ «Յաբլոկոյի» դեմքը Յավլինսկին է, որը դեռևս ԽՍՀՄ օրոք «500 օր» ծրագրի հեղինակն էր։ «Յաբլոկոյի» պարագայում լուրջ խնդիր կար՝ նրանք ավանդաբար օբստրուկցիոնիստական քաղաքականություն են վարել՝ «Բաբա Յագան միշտ դեմ է»։ Նրանք երբեք ոչ մեկի հետ միասին չեն աշխատել և միշտ ունեին իրենց ավանդական ընտրազանգվածը։ Նրանց առավելագույն ցուցանիշը եղել է 7-8 տոկոս, որը նրանք երբեք չեն գերազանցել նույնիսկ տարբեր տարիների բավականին արդար և բաց ընտրությունների ժամանակ»։

Այնինչ, «Աջ ուժերի միության» անդամները իրենց դիրքավորում էին որպես նախագահամետ կուսակցություն։ Ընտրություններից հետո տված հարցազրույցում Բորիս Նեմցովը խոստովանել էր, որ դա սխալ էր, և պետք էր ավելի սուր քննադատել իշխանությանը, ոչ թե՝ սատարել։

Ինչ վերաբերում է 2007 թվականի ընտրություններին, երբ «Յաբլոկոն» և «Աջ ուժերի միությունը» կրկին դուրս մնացին Ռուսաստանի խորհրդարանից, ապա այդ ժամանակ, ըստ Միլովի, արդեն այլ իրավիճակ էր, և ազատական կուսակցություններն այլևս հնարավորություն չունեին լիարժեք քարոզարշավ իրականացնել․ նրանցից առգրավվել էին քարոզչական նյութերի տասնյակ միլիոնավոր նմուշներ․ «Հատուկ գործողություն էր՝ ազատական կուսակցություններին երկրի հիմնական քաղաքական ուժերի շարքից դուրս շպրտելու համար»։

«Դեմոկրատների օգտին քվեարկությունը ընտրություն էր հանուն խանութներում առատ վաճառասեղանների»

Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը համակարծիք է՝ 2003 թվականի դեկտեմբերի 7-ին Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքները կեղծվել են։

2003 թվականի աշնանը և ձմռան սկզբին նա Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչն էր և ընտրությունների արդյունքների ամփոփմանը հետևում էր, ինչպես ասում են, ներսից։ Ձայների հաշվարկի ավարտից մեկ ժամ առաջ «Յաբլոկոն» ուներ ռուսաստանցի ընտրողների մոտ 4․5%-ի աջակցությունը, իսկ «Աջ ուժերի միությունը»՝ մոտ 4%։ Մնում էր հաշվել Ռուսաստանի եվրոպական մասի խոշորագույն քաղաքների քվեաթերթիկները, որտեղ նրանց աջակցությունը, ըստ փորձագետի, «ակնհայտորեն ավելի բարձր էր, քան ողջ երկրում»։ «Ամերիկայի ձայնի» զրուցակիցը կասկած չուներ, որ երկու ազատական կուսակցությունները պետք է հայտնվեն Պետդումայում։

«Բոլոր, այսպես կոչված, «ընտրական սուլթանությունները», ուր ընտրությունները կոպտորեն և բացահայտ կեղծվում են, առաջիններից են տվյալներ ներկայացնում Ընտրությունների պետական ավտոմատացված համակարգ։ Իսկ վերջինը ներկայացնում են այն շրջանները, որտեղ ձայների հաշվարկը քիչ թե շատ արդար է արվում։ Այնպես որ, լավատես էի, որ երկու կուսակցություններն էլ կստանան 5 տոկոսից ավելի ձայներ։ Եվ երբ այդ տեղի չունեցավ, հասկացա, որ ինչ-որ շատ ուժեղ գործոն է միջամտել, և եթե բաց խոսենք՝ տեղի է ունեցել կեղծիք։ Այսինքն՝ «Եդինայա Ռոսիայի» օգտին ավելի շատ ձայներ են հաշվել, քան սովորաբար նրանք ստացել են քաղաքներում»,- նշում է Դմիտրի Օրեշկինը։

Փորձագետի կարծիքով, արդեն 4 տարի անց՝ հաջորդ ընտրությունների արդյունքում ձախ ազատական ու աջ ազատական կուսակցությունները Պետդումա մտնելու հնարավորություն այլևս չունեին, քանի որ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն գլխավորում էր Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի արտաքին կապերի կոմիտեում Պուտինի նախկին ենթակա Վլադիմիր Չուրովը․ «Նրա խնդիրն էր կեղծիքը դուրս բերել ամոթալի վիճակից, երբ փորձում են կոծկել այն, և կեղծիքը դարձնել բնականոն մի բան, երբ այն դառնում է ընդունելի երևույթ ու կյանքի նորմ»։

Օրեշկինի ներկայացմամբ, 2007 թվականի մարտին Վլադիմիր Չուրովը այդ պաշտոնում նշանակվեց ընթացակարգային խախտումներով, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կարող էր լինել միայն բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող անձը, իսկ Չուրովը ավարտել է Անդրեյ Ժդանովի անվան Լենգրադի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը․ «Փոխարենը՝ նա Պուտինի մարդն էր, ինչը ավելի կարևոր էր, հետևաբար նա լծվեց այն գործին, որի համար իրեն նշանակել էին»։

Փորձագետը համոզված է՝ մարդու իրավունքների միջազգային հռչակագրում ամրագրված գաղափարները տեսանելի հեռանկարում խորթ են լինելու Ռուսաստանում։ Նրա կարծիքով, 1980-ականների վերջին և 1990-ականների առաջին կեսին ժողովրդավարությունն ու ազատականությունը ժողովրդականություն էին վայելում Խորհրդային Միությունում, որից հետո Ռուսաստանի Դաշնությունում, միայն այն պատճառով, որ բնակչության մեծամասնությունը այդ գաղափարախոսությունը կապում էր արտերկիր ազատորեն մեկնելու հնարավորության և բարեկեցության հետ․ «Հետևաբար, դեմոկրատների օգտին քվեարկությունը ընտրություն էր հանուն խանութներում առատ վաճառասեղանների։ Եվ երբ 90-ականների երկրորդ կեսին դա տեղի ունեցավ, ազատական գաղափարի նշանակությունը սկսեց հետզհետե մարել, մարդիկ սկսեցին մտածել, որ այդ խնդիրն արդեն լուծված է, և ի հայտ եկան այլ հարցեր. ինչու՞ է ամեն ինչ այդքան թանկ, ինչու՞ մեզ բավականաչափ չեն հարգում, չէ՞ որ մենք հզոր էինք և թռչում էինք տիեզերք, և այդպես շարունակ»։

Դմիտրի Օրեշկինը կարծիք է հայտնում, թե այժմ ռուսաստանցիները մոռացել են, որ «զարգացած սոցիալիզմի» տարիներին սպառողական ապրանքների և սննդամթերքի համատարած դեֆիցիտ էր․ «Հայտնի անեկդոտ կար՝ հնարավո՞ր է ուղտով Մոսկվայից հասնել Վլադիվոստոկ։ Պատասխանը՝ իհարկե, ոչ, քանի որ Սվերդլովսկում նրան կուտեն»

Կիսվում է հիշողություններով, երբ աշխատում էր ոչ այդքան էլ բարեբեր շրջաններում. «Խանութներում կար օղի, հաց, շաքար, բուսական յուղ, «Զբոսաշրջիկի նախաճաշ» անվամբ ձկան պահածոներ, ինչը առանձնապես ճոխ չես անվանի»։

Օրեշկինը բերում է հետևյալ օրինակը՝ խորհրդային տարիներին գոյություն ուներ, այսպես կոչված, «բեռնված» առևտուր, երբ գնորդի ուզած ապրանքին ավելացնում էին պահանջարկ չվայելող որևէ ապրանք։ Այժմ, պարզվեց, որ պահանջարկ չեն վայելում «արևմտյան արժեքները»՝ մարդու իրավունքներն ու ազատությունները, ընտրությունների թափանցիկությունը, սեփականության անձեռնմխելիությունը։ 1990-ականների տնտեսական բարեփոխումների շնորհիվ առօրյա պահանջարկ ունեցող ապրանքների դեֆիցիտը վերացավ, թեև դրանք միշտ չէ, որ որակյալ էին, շատ դեպքերում՝ ուռճացված գներով։

«Երբ իմ ուսանողներին ասում եմ, որ այն ժամանակ, օրինակ, խանութներում գարեջուր չկար, նրանք զարմանում են. «Ուրեմն պետք էր այլ խանութ գնալ»։ Այսինքն՝ նրանց գլխում չի տեղավորվում, որ գարեջուր կարող էր ընդհանրապես վաճառքում չլինել»։

«Իսկ ահա Խորհրդային Միության փլուզումը սկսեց ցավագին ընկալվել։ Վերադարձել է հիշողության ղեկավարման ավտորիտար մոդելը, և մարդիկ հավատում են, ինչը դեռ հինգ տարի առաջ անհնար էր թվում, որ Ուկրաինան է հարձակվել Ռուսաստանի վրա, և պետք է համախմբվել՝ հակահարված տալու համար։ Նրանք հավատում են, որ Ուկրաինայում ֆաշիզմ ու նացիզմ է, և իրենք պետք է պաշտպանվեն դրանից։ Այս տոտալիտար վերահսկողությունը արդյունավետ է, իսկ [ռուսաստանյան հասարակությունում] ազատական գաղափարը ժողովրդականություն չի վայելում, և որևէ նախադրյալ չեմ տեսնում, թե Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը կվերադառնա ազատական արժեքներին։ Մանավանդ՝ նրանք քարոզչության տակ են»,- ամփոփում է Դմիտրի Օրեշկինը։

«Կան բազմաթիվ օրինակներ, երբ դեմոկրատներն ընտրվել են տպավորիչ արդյունքներով»

Այդուհանդերձ, Վլադիմիր Միլովը կոչ է անում՝ հեռուն գնացող եզրակացություններ չանել Ռուսաստանում ազատական գաղափարների հեռանկարի մասին՝ հիմք ընդունելով «Յաբլոկոյի» ձախողումներն ու «Աջ ուժերի միության» լուծարումը։

«Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե հասարակական շարժման ինչպիսի հզոր ալիք բարձրացավ՝ հանուն փոփոխությունների, երբ ի հայտ եկավ Նավալնիի կողմնակիցների նոր շարժումը, ինչը, ըստ էության, պետք է արվեր դեռևս 2000-ականներին՝ ստեղծել նոր կուսակցություն, նոր դեմքերով, [այն ժամանակ] արդեն կային և՛ Նավալնին, և՛ Յաշինը, և՛ Միլովը։ Սակայն ողջ օրակարգը, ցավոք, լեփ-լեցուն էր անցյալի մարդկանցով»,- նշում է ընդդիմադիր քաղաքական գործիչը։

Միլովը հիշեցնում է՝ երբ ի հայտ եկավ Ալեքսեյ Նավալնիի շարժումը, Ռուսաստանի շատ քաղաքներում զանգվածային հանրահավաքներ անցկացվեցին՝ ի աջակցություն Նավալնու․ «Տեսանք ընտրությունների արդյունքները և վերջին օրինակը՝ Նովոսիբիրսկի քաղաքապետի ընտրություններն էին, որին մասնակցում էր Նավալնիի կողմնակիցների առաջնորդ Սերգեյ Բոյկոն։ Զբաղեցրեց երկրորդ տեղը՝ առաջ անցնելով, այսպես կոչված, համակարգային մի շարք կուսակցություններից։ Այդպիսի օրինակները շատ են, երբ դեմոկրատներն ընտրվել են տպավորիչ արդյունքով։ Կարելի է ենթադրել, որ եթե հիմա տեղի ունենային բաց և արդար ընտրություններ, ժողովրդավարական ուժերը կստանային տասնյակ տոկոսներ։ Հետևաբար, բոլորովին տեղին չէ ազատական գաղափարների ապագայի վերաբերյալ հոռետեսությունը՝ կապված «Աջ ուժերի միության» և «Յաբլոկոյի» նախկին արդյունքների հետ։ Այն ժամանակ այդ կուսակցությունները դիտարկվում էին որպես անհատներ, ոչ՝ գաղափարակիր ուժեր»։

Վլադիմիր Միլովը համոզված է՝ ժողովրդավարական գաղափարները Ռուսաստանում ապագա ունեն, բայց ոչ թե որպես ազատական գաղափարներ, այլ որպես ժողովրդի իշխանություևը հաստատող գաղափարներ, որոնք կարող են ապահովել իշխանության փոփոխությունը արդար ու բաց ընտրությունների միջոցով՝ լիարժեք քաղաքական մրցակցության, սոցիալական ծրագրերի ներկայացման արդյունքում․ «Ահա, այդպիսի բաները բացարձակ ժողովրդականություն են վայելում։ Օրենքի գերակայություն, անկախ դատարաններ, պետական մեքենայի դեմ մարդկանց պաշտպանվելու հնարավորություն՝ այսպիսի գաղափարները շատ ժողովրդական են, և վստահ եմ, որ երբ Ռուսաստանում տեղի ունենան իրական ընտրություններ, այդ գաղափարների կրողները լուրջ աջակցություն կստանան»։

«Այս ռեժիմի փլուզումից հետո Ռուսաստանին սպասվում է նոր «ձնհալ», պերեստրոյկա կամ ավելի գլոբալ փոփոխություն»

«Եվրոպական Պետերբուրգ» շարժման համահիմնադիր Մաքսիմ Ռեզնիկը 2003 թվականի դեկտեմբերին «Յաբլոկո» կուսակցության Սանկտ Պետերբուրգի մասնաճյուղի 29-ամյա նախագահն էր և ծանր էր տանում ընտրություններում հարազատ կուսակցության անհաջողությունը․ «Ի դեպ, այդ օրը ծանոթացա պարոն Բեգլովի հետ, որը նահանգապետի պաշտոնակատարն էր և մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնում էր «Եդինայա Ռոսիան»։ Այդ ժամանակ նրա երեսին ասացի, որ հաղթել են «շարիկովները», և այդ պահին ուղղակի չէի պատկերացնում, թե որքան ճիշտ էի»։

Ռեզնիկի կարծիքով, հենց այդ ժամանակ դրվեցին ներկայիս ռուսական տոտալիտարիզմի հիմքերը։

Ընդդիմադիր գործիչը հիշում է՝ ի սկզբանե 2003 թվականի դեկտեմբերի 7-ին վարկած կար, թե Պուտինը զանգահարել է Գրիգորի Յավլինսկուն, շնորհավորել՝ Դումա անցնելու կապակցությամբ, իսկ հետո կեղծիքների հետևանքով կուսակցությունը չի հաղթահարել 5 տոկոսի շեմը․ «Բայց դա չէր հիմնական պատճառը։ Հիմնական պատճառը՝ կարևորը տեսնելու մարդկանց դժկամությունն ու անկարողությունն էր, և դա չհերիքեց ժողովրդավարական շարժման առաջնորդներին և հատկապես Յավլինսկուն, որը մինչ օրս շարունակում է սպասարկել Պուտինին։ Արդյո՞ք նա սկսեց դա անել 2003 թվականին, թե՞ ավելի ուշ, դժվարանում եմ ասել։ Այնպես որ, պատճառները երկուսն են՝ վոժդիզմն ու մոսկվայակենտրոնությունը, քանի որ մարդիկ առաջնորդ էին դառնում ոչ թե նրա համար, որ ավելի լավն են, այլ, որ ապրում են Մոսկվայում»։

Ըստ Մաքսիմ Ռեզնիկի, դրանից մեկ տարի առաջ ծանոթացել էր Բորիս Նեմցովի հետ «Աջ ուժերի միության» և «Յաբլոկոյի» համատեղ ժողովին, և այդ ժամանակ այդ դաշինքի ութ թեկնածուների հաջողվեց անցնել Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողով։ «Բոլոր առաջնորդներից, որոնք այդ ժամանակ փորձում էին [դաշնային մակարդակում] հասնել նման միավորման, իրավացի դուրս եկավ Միխայիլ Խոդորկովսկին, որը ամեն կերպ նպաստում էր դրան, բայց Յավլինսկիի համառության պատճառով այդ տեղի չունեցավ»։

Միևնույն ժամանակ, ի տարբերություն Դմիտրի Օրեշկինի՝ Ռեզնիկը կարծում է, որ ազատական գաղափարները ամենից պահանջվածն են լինելու Ռուսաստանում․ «Պատմությունն ունի իր օրենքները, այդ թվում՝ «ճոճանակի օրենքը»։ Հիմա այդ ճոճանակը շատ հեռու է թեքվել՝ դեպի ֆաշիզմ, և, իհարկե, Ռուսաստանին սպասվում է նոր «ձնհալ», պերեստրոյկա կամ ավելի գլոբալ փոփոխություն՝ ռեժիմի փլուզումից հետո, պատերազմում անխուսափելի պարտությունից հետո։ Ոչ մի վայրկյան չեմ կասկածում»։

Մաքսիմ Ռեզնիկը համոզված է, որ Ռուսաստանում ազատական գաղափարները պուտինյան ռեժիմի դեմ պայքարի գլխավոր զենքն են․ «Վստահ եմ, որ ոչ միայն ականատես կլինենք այդ օրվան, այլև ուղղակի մասնակցություն կունենանք այդ գործում»։