Բրյուսելում կայացել է Հայաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը

Բրյուսելում դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարության տեղեկությամբ, «դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։»

Ըստ գերատեսչության՝ «հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։»

Հանդիպման կապակցությամբ արտգոծնախարար Միրզոյանը X հարթակի իր էջում գրառում է արել. «Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակում լավ հնարավորություն էր ընձեռվել հանդիպելու Ուկրաինայի գործընկեր Դմիտրո Կուլեբային: Մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային թեմաների շուրջ:»

Հանդիպման մասին նույն հարթակում գրառում է կատարել նաև Ուկրաինայի արտգործնախարարը՝ նշելով. «Իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանը և ես հանդիպել ենք՝ քննարկելու Ուկրաինա-Հայաստան երկխոսության առաջխաղացումը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Ուկրաինան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հարգման, ինչպես նաև Սև ծովից մինչև Կասպից ծով տարածաշրջանային առևտրի և մշակութային նախագծերի զարգացման վրա»,- գրել է Կուլեբան: