Նավալնու հետ վեց օր է կապ չկա

Ալեքսեյ Նավալնի

Փաստաբանները չեն կարողանում այցելել Նավալնիին. դեկտեմբերի 6-ից նրանց թույլ չեն տալիս մուտք գործել քրեակատարողական հիմնարկ։

Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին երկուշաբթի առավոտյան, դարձյալ, տեսակապով չի միացել Վլադիմիրի շրջանի Կովրովի քաղաքային դատարանում ընթացող լսումներին։ Նավալնիի համախոհները վեց օր է տեղեկություն չունեն նրանից: Փաստաբանը նույնպես չի կարողացել տեսնվել Նավալնու հետ։

Այս մասին ահազանգում է Նավալնու թիմի «Telegram»-յան ալիքը։

Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները պնդում են, որ Նավալնու տեսազանգերը չեն միացնում, քանզի «դեկտեմբերի 7-ից չեն կարողանում կարգավորել» գաղութի էլեկտրամատակարարումը։ Ռուսաստանում այդ հիմնարկների վերադաս մարմինը՝ Դաշնային քրեակատարողական ծառայությունը լռություն է պահպանում։

Նավալնու համախոհների ներկայացմամբ, նոյեմբերի վերջից դեկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում ընդդիմադիր գործիչը առողջական խնդիրներ ուներ։ Ռուսլան Շավետդինովը և Կիրա Յարմիշը նշել են, որ Նավալնիին զրկել են սննդից և տեղափոխել պատժախուց: Նրա համար՝ մաքուր օդում քայլելու ժամանակը հասցվել է նվազագույնի։

Դեկտեմբերի 7-ին, երբ հայտնի դարձավ Ռուսաստանում հաջորդ նախագահական ընտրությունների օրը, Նավալնու կողմնակիցները հայտարարեցին Պուտինի վերընտրվելու դեմ արշավի մեկնարկի մասին։

Հիշեցնենք, 2023 թվականի օգոստոսին Մոսկվայի քաղաքային դատարանը Նավալնիին մեղավոր ճանաչեց ծայրահեղական խմբավորում ստեղծելու ու ֆինանսավորելու, ծայրահեղական կոչեր հնչեցնելու մեջ՝ դատապարտելով 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում։

Այժմ՝ խարդախության մեղադրանքով Նավալնին խիստ ռեժիմով գաղութում է՝ Վլադիմիրի նահանգում։ 2023 թվականի սեպտեմբերին, որպես «անուղղելի», նրան մեկ տարով տեղափոխեցին առանձնացված խուց։ «Ամենախիստ հնարավոր պատիժը՝ բոլոր տեսակի գաղութներում»,- գրել էր նա։

Ալեքսեյ Նավալնին չի ընդունում մեղադրանքները: Բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ նրան ճանաչել են քաղբանտարկյալ։