Մատչելի հղումներ

Կեղծիք՝ իրականության փոխարեն


iPhone-ի էկրանը ցույց է տալիս Telegram-ի ալիք
iPhone-ի էկրանը ցույց է տալիս Telegram-ի ալիք

«Ամերիկայի ձայնի» ուսումնասիրությունն այն մասին, թե ինչպես են կրեմլամետ լրատվամիջոցները Միացյալ Նահանգների կեղծ պատկերը ձևավորում՝ կցմցելով նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, լրագրող Թակեր Կարլսոնի և արմատական բլոգերների խոսքերը։

Ռուսաստանյան պետական լրատվամիջոցները հաճախ են նախընտրում մեջբերել ամերիկյան աջ ու ձախ արմատականներին։ Մեթոդը հետևյալն է՝ «X» հարթակում, «Telegram»-յան ալիքներում, առցանց լրատվամիջոցներում, հեռուստահաղորդումների ժամանակ ձախ պոպուլիստների, ծայրահեղ աջերի, դավադրապաշտական տեսությունների կողմնակիցների ու այլ արմատական գործիչների, ինչպիսին Թակեր Կարլսոնն է, խոսքերը ներկայացվում են որպես ԱՄՆ-ի հանրությունում գերիշխող տեսակետ։

Նպատակը՝ տպավորության ստեղծումն է, որ ամերիկյան հասարակությունը դեմ է Ուկրաինային աջակցելուն, իսկ ցանկացած ընդդիմություն Բայդենի վարչակազմին պատժվում է։

Ռուսական քարոզչության ամերիկացի «հերոսները»

«Բայդենին մեղադրել են Ուկրաինայում կոռուպցիոն [գործարքները] թաքցնելու մեջ», «ԱՄՆ-ն մտահոգված է՝ Ուկրաինայում ռուսական հետախուզության հնարավորությունների պատճառով», «Բայդենի թիմը փորձում է հետաձգել Ուկրաինայի պարտությունը», «ԱՄՆ-ում պատմել են Ռուսաստանին դիմակայելու ՆԱՏՕ-ի անկարողության մասին». ռուսական քարոզչամեքենայի նման «լուրերն» այլևս հիմնված չեն սոսկ ռուսաստանցի «փորձագետների» կարծիքների վրա։

Քարոզչական նոր մարտավարությունը ներառում է ամերիկացի արմատական քաղաքական, հասարակական գործիչների հայտարարությունների ընտրովի ներկայացումը։ Այնուհետև այդ հրապարակումները հայտնվում են ռուսական «Yandex», կամ «Mail.Ru» որոնողական համակարգերի նորությունների առաջին հնգյակում՝ հավաքելով միլիոնավոր դիտումներ:

Կրեմլամետ լրատվամիջոցների կողմից խմբագրված ամերիկյան նորություններին կարելի է հաճախ հանդիպել ռուսաստանցի քարոզիչների «Telegram»-յան ալիքներում։

Վլադիմիր Սոլովյովի ալիքն ունի ավելի քան մեկ միլիոն բաժանորդ։ 2020 թվականի կեսերից ի վեր՝ ավելի քան 200 անգամ հիշատակել է «Fox News»-ի նախկին հաղորդավար Թակեր Կարլսոնին։ Հիշատակումների թիվը նկատելիորեն ավելացավ Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման մեկնարկից հետո։ Ընտրովի մեջբերումները վերաբերում են Ուկրաինայում քրիստոնյաների ենթադրյալ «հալածանքներին», կամ թե ինչպես են ԱՄՆ-ում ազգային փոքրամասնությունները «ճնշում» սպիտակամորթ ամերիկացիներին, և այլն։

Ռուսաստանում անկախ լրատվամիջոցների գործունեության արգելափակումից հետո, Կրեմլի կողմից ստեղծված «իրականությունում» Թակեր Կարլսոնի խոսքերին մեծ տեղ են տալիս: Նույնը Դոնալդ Թրամփի պարագայում է, ում Կրեմլը շարունակում է ներկայացնել որպես ամերիկյան հասարակության մեծ մասի համակրանքը վայելող քաղաքական գործիչ, ով մարտահրավեր է նետել «վաշինգտոնյան վերնախավին»:

«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինան՝ հանուն իր փրկության, պետք է Ռուսաստանին զիջեր ռուսալեզու բնակչություն ունեցող տարածքները»,- ռուսաստանյան պետական «Тасс» լրատվական գործակալությունն անսպասելիորեն հղում է կատարում հանրությանն անհայտ «JusttheNew» կայքին, որը հիմնադրել է «Fox News»-ի նախկին լրագրող Ջոն Սոլոմոնը։ Ի դեպ, «Ամերիկայի ձայնը» չկարողացավ գտնել Թրամփին վերագրվող այս խոսքերը «JusttheNew»-ում:

Ռուսական քարոզչամեքենան պարբերաբար փորձում է հիմնավորել իր կերտած «իրականությունը»՝ հղումներ կատարելով պահպանողական լսարան ունեցող յուրահատուկ լրատվամիջոցներին, ինչպիսիք են, օրինակ, «Newsmax»-ն ու «Breitbart»-ը:

Այս լրատվամիջոցների վերնագրերը հաճախ ոչ միայն ներկայացվում են որպես ամերիկյան հանրությունում գերիշխող կարծիք, այլև խմբագրվում են, այսպես ասած, «թարգմանության» ընթացքում։

Դիտարկենք մի հոդված՝ Վաշինգտոնում հանցավորության աճի մասին, որը հրապարակվել է անցած տարվա հոկտեմբերին «The Washington Times»-ում, որը հաճախ շփոթում են հեղինակավոր և ազդեցիկ «The Washington Post»-ի հետ:

Բնօրինակի վերնագրում հանրապետական կոնգրեսական Էրիկ Բուրլիսոնի մեջբերումն է՝ «Որոշ օրենսդիրներ այնքան են վախենում Վաշինգտոնում [առկա] հանցավորությունից, որ գիշերում են Կապիտոլիումում»: Վերափոխելով հոդվածը ռուսաստանյան լսարանի համար՝ «RT» ալիքը ջնջել է «որոշ» բառը՝ վերնագիրը դարձնելով «Ամերիկացի կոնգրեսականները գիշերում են աշխատավայրում և վարձում անվտանգության աշխատակիցներ»։

Այնուհետև, ԱՄՆ մեկ օրենսդրի բառերի հիման վրա ստեղծված «լուրը» լայնորեն տարածվեց ռուսական բլոգներում և սոցցանցերում՝ կենտրոնանալով երկրի ներքին խնդիրները լուծելու Բայդենի վարչակազմի «անկարողության» վրա։

Խորհրդային ժամանակներից հայտնի «նեխող» Արևմուտքի մասին պատմություներն հիմնավորելու համար՝ ռուսաստանյան լրատվամիջոցները հետևողականորեն մեջբերում են ամերիկյան վերնախավը քննադատող որոշ ամերիկացիների: Օրինակ, բլոգերներ Ջեքսոն Հինքլին ու Ջեք Փոսըբիք, որոնք գրեթե անհայտ են ամերիկյան հանրությանը, բայց քաջածանոթ են ծայրահեղ աջ լսարանին և «X» հարթակում (նախկինում՝ «Twitter») դավադրապաշտության տարբեր տեսությունների սիրահարներին:

«ԱՄՆ ռազմածովային ուժերի վետերան Փոսըբիքը ծաղրել է Կիևին, որը նպատակ ունի ստանալ «Abrams» տանկեր»,- այս լուրը, որը հիմնված է սոցցանցում Փոսըբիքի մեկնաբանության վրա, հրապարակել է ռուսական «РИА Новости» գործակալությունը։ Նույն լրատվամիջոցը լուրի մեջ ներկայացրել է նաև Փոսըբիքի հետևորդների մեկնաբանությունները և Պուտինից մեջբերումը, թե «Մոսկվան ոչ թե ձգտում է սրել ուկրաինական հակամարտությունը, այլ վերջ տալ դրան»:

Ռուսաստանյան ոչ պակաս հայտնի՝ «Lenta.Ru» լրատվական կայքը հրապարակել է նմանատիպ այլ աղմկահարույց «նորություն»՝ այս անգամ հղում կատարելով Հինքլին:

Կրեմլի խոսափողներից մեկը համարվող Սոլովյովը պարբերաբար հղում է կատարում Հինքլին և Փոսըբիքին իր «Telegram»-յան ալիքում, ուր նրանց ներկայացնում է կա՛մ որպես հայտնի բլոգերներ, կա՛մ որպես «թոք-շոուի հաղորդավարներ», «ամերիկացի հայտնի լրագրողներ»:

ԱՄՆ վերաբերյալ ռուսական քարոզչության ընթացքին կարելի է հետևել «Yandex»-ում պարզ որոնման միջոցով՝ մուտքագրելով «Բայդենին մեղադրել են» արտահայտությունը։ Ամեն օր հրապարակվում են նոր «մեղադրանքներ», որոնք մատնանշում են ամերիկյան լրատվամիջոցներին, կամ քաղաքական գործիչներին որպես հիմնական աղբյուր։

«Բայդենը մեղադրվում է ԱՄՆ Սահմանադրությունը խախտելու մեջ» (աղբյուր՝ «The Washington Times»), «Բայդենին Կոնգրեսում մեղադրում են արտերկրից միլիոններ ստանալու մեջ» (աղբյուր՝ «Fox News»), «Բայդենին մեղադրում էին Ուկրաինայի հետ առնչվող կոռուպցիան թաքցնելու մեջ» (աղբյուրը՝ հանրապետական սենատոր Ռենդ Փոլ): Ներկայացվածը օրինակների մի մասն է:

Ուշագրավ է նաև, որ ԱՄՆ նախագահին ուղղված քննադատությունը առանձին կոնգրեսականների, կամ Հանրապետական կուսակցության կողմից ներկայացվում է կամ որպես ողջ Կոնգրեսի դիրքորոշում, կամ որպես ամերիկյան քաղաքականությունում գերիշխող մոտեցում։

Ռուսական լրատվամիջոցները պարբերաբար մեջբերում են նաև ԱՄՆ նախկին հետախույզներին ո զինվորականների, սակայն, միայն նրանց, ովքեր ընդդիմանում են Վաշինգտոնին, այդ թվում Թրամփի նախկին խորհրդական, գնդապետ Դուգլաս ՄըքԳրեգորին, կամ ռազմական հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիտերին: Ընդ որում, ՄըքԳրեգորի հայտարարությունները՝ ի պաշտպանություն ռուսաստանցի զինվորականների, և նրա քննադատությունն Ուկրաինայի նախագահ Զելենսկու հասցեին ռուսական ԶԼՄ-ները միտումնավոր ներկայացնում են որպես ԱՄՆ զինուժի ընդհանուր դիրքորոշում:

«Բայդենը ապշած էր Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության դեմ բողոքի ալիքից»,- ՄըքԳրեգորին մեջբերում է «Известия»-ն: Նյութի ընդհանուր ուղերձն այն է, որ ԱՄՆ-ն է սկսել հակամարտությունը Ուկրաինայում՝ անտեսելով Ռուսաստանի նախազգուշացումները։

Մեկ այլ հոդվածում «Известия» զարգացնում է ՄըքԳրեգորի տեսակետները՝ Սքոթ Ռիտերի կանխատեսումներով, թե ՆԱՏՕ-ն կպարտվի Ռուսաստանի հետ առճակատման արդյունքում։ Իր հերթին, «Вести»-ին մեջբերում է Ռիտերի խոսքերը, որ «Կիևը կարող է կորցնել իր տարածքների ևս մեկ երրորդը, եթե չհամաձայնի դադարեցնել հակամարտությունը Ռուսաստանի պայմաններով»:

Ռուսական քարոզչամեքենան նկատել է՝ որոշ ամերիկյան ծայրահեղ ձախականներ աջամետ դիրքորոշում ունեն՝ դժգոհ լինելով Ուկրաինային ԱՄՆ ցուցաբերած աջակցությունից, և Կրեմլը ակտիվորեն օգտագործում է այդ։

Օրինակ, «Rage against the war machine» փոքրաքանակ բողոքի ցույցերը, որը կազմակերպել էր ամերիկացի սոցիալիստների և ազատականների շարժումը՝ ի նշան բողոքի, որ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինային, լուսաբանել են Ռուսաստանի խոշորագույն լրատվամիջոցները, այդ թվում՝ «Коммерсантъ»-ը և «РИА Новости»-ին: Նման ակցիաները լուսաբանելիս՝ կրեմլյան քարոզչությունն առաջ է քաշում այն թեզը, որ հենց Ամերիկան է պատասխանատու ուկրաինական պատերազմի համար, իսկ Ռուսաստանը՝ բանակցությունների կողմնակից է։

«ԱՄՆ ազատական կուսակցությունն Ուկրաինան անվանել է «նացիստներով լի ջրհոր» վերնագրված նյութում «РИА Новости»-ում կարդում ենք, թե այս քաղաքական ուժը «մեծությամբ երրորդն է ԱՄՆ-ում» և ներկայացնում է մոտ 700 հազար ընտրողների շահերն ու դիրքորոշումը՝ պնդելով, թե Կիևը «արժանի չէ ստանալ ամերիկյան հարկատուների միջոցները»։

Նախքան Ուկրաինա լայնածավալ ներխուժումը՝ ռուսական քարոզչամեքենան ուշադրություն էր դարձնում ծայրահեղ ձախ ամերիկացի քաղաքական գործիչներին՝ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին, Իլհան Օմարին, Քորի Բուշին և Ռաշիդա Թլայբին, ինչպես նաև նախկին կոնգրեսական և նախկին դեմոկրատ Թուլսի Գաբարդիին։ Պատերազմի մեկնարկից հետո, կրեմլամետ լրատվամիջոցները ակտիվորեն մեջբերում էին Ջո Բայդենին ուղղված նամակը, որը ստորագրել են դեմոկրատների ազատական թևի ներկայացուցիչները՝ կոչ անելով բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի հարցով։ Կոչն օգտագործվեց՝ առաջ մղելու այն թեզը, թե «Կիևյան ռեժիմը մերժում է բանակցությունների ցանկացած առաջարկ»։

Միաժամանակ, ռուսաստանյան պետական քարոզչությունն օգտագործում է ամերիկյան ծայրահեղ ձախ և աջ ուժերին՝ ոչ միայն ուկրաինացիների սպանություններն արդարացնելու, այլև Ռուսաստանում Կրեմլի օրակարգն առաջ տանելու համար, օրինակ՝ նույնասեռական մարդկանց իրավունքները ոտնահարելիս։ Թուլսի Գաբարդի անցումը ազատական ճամբարից պահանողական շրջանակներ և նրա հարցազրույցը «Fox News»-ին, որտեղ նա քննադատում է ԱՄՆ-ում առկա գենդերային քաղաքականությունը, արտատպեցին ռուսաստանյան պետական առաջատար լրատվամիջոցները՝ «RT։-ն, «РИА Новости»-ին, և Վլադիմիր Սոլովյովը: Գաբարդի հայտարարությունները ներկայացվեցին որպես հիմնավորում, թե իբր Արևմուտքը, իրականում, «նույնասեռականների կայսրություն է», և միայն Պուտինն է հանդես գալիս ավանդական արժեքների պաշտպանության օգտին։

Ամերիկյան ձախական ամենահայտնի գործիչներից է սենատոր Բերնի Սանդերսը, ով ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր՝ հրապարակայնորեն դատապարտեց Ռուսաստանին՝ Ուկրաինա ներխուժելու համար: Սակայն մինչ ներխուժումը, ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ նրա հայտարարությունները, «ամերիկյան կայսերապաշտությանը» և Վաշինգտոնի «երեսպաշտությանն» ուղղված քննադատությունը ռուսական քարոզչամեքենայի կողմից օգտագործվում էին որպես ուկրաինական պատերազմը սկսելու հիմնավորում:

Նինա Յանկովիչը՝ ամերիկյան աջ և ձախ ծայրահեղականների ու ռուսական քարոզչամեքենայի կապի մասին

Ամերիկյան ձախ և աջ արմատականները լայնորեն ներկայացված են ռուսական քարոզչությունում՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում նշում է Տեղեկատվական դիմակայունության կենտրոնի փոխնախագահ Նինա Յանկովիչը, ով նախկինում պատասխանատու էր ապատեղեկատվության հակազդման Սպիտակ տան ռազմավարության համար:

Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը, կենտրոնանալով Թուլսի Գաբարդի, կամ հանրապետական կոնգրեսական Մեթ Գետցի նման մարդկանց ուղղությամբ՝ տպավորություն է ստեղծում, թե այդ մարդկանց դիրքորոշումները լայնատարած են ԱՄՆ-ում, թեև ամերիկացիների մեծամասնությանը խորթ են նման տեսակետները։

«Երբ միջին ռուսաստանցուն ներկայացնում են ծայրահեղ աջ, կամ ձախ կողմնորոշում ունեցող մեկին, ինչպիսին օրինակ Ջեք Փոսըբիքն է, նա սխալմամբ կարծում է, թե այդ մարդ ներկայացնում է միջին ամերիկացու գաղափարներ», - շարունակում է նա:

«Մենք տեսնում ենք յուրատեսակ սիմբիոզ, քանի որ հաճախ ռուսաստանյան քարոզչական օրակարգը տեղ է գտնում այս լրատվամիջոցներում: Երբ Բայդենի վարչակազմի պաշտոնյա էի եւ պատասխանատու էի ապատեղեկատվության դեմ պայքարի համար, «Fox News»-ը և մի շարք աջակողմյան լրատվամիջոցներ հրապարակեցին կեղծ պատմություններ այն մասին, որ իմ ստորաբաժանումը, որը պարզապես ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության մասն էր, իրականում, զբաղված է գրաքննությամբ։ Հասկանալի է՝ կեղծ տեղեկություն էր, բայց մի քանի օր անց այն նկատեցինք ռուսաստանյան «Первый канал» հեռուստաալիքում՝ նույն մեջբերումներով և նույն տեսաշարով»,- ասում է Յանկովիչը:

Նրա խոսքով, վկայակոչելով ամերիկյան աղբյուրները, ռուսական քարոզչությունը փորձում է իր պատմվածքները դարձնել վստահելի, և դրանք չպետք է հենվեն բացառապես ռուսական աղբյուրների վրա:

«Թակեր Կարլսոնի և Դոնալդ Թրամփի նման անձինք ռուսական լսարանին ներկայացվում են որպես ողջ Ամերիկայի բնակչության դիրքորոշումն արտահայտողներ, սակայն ԱՄՆ-ում, բնականաբար, մարդկանց տեսակետները շատ ավելի բազմազան են»,- ընդգծում է փորձագետը։ «Սակայն Ուկրաինայի, կամ ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ նման արմատական տեսակետների սփռումը անհրաժեշտ է, որպեսզի ռուսներն ավելի վստահեն Կրեմլի կեղծիքներին»:

Ալեքսեյ Գորբաչով՝ «Ամերիկայի ձայնի» լրագրող, «Ինչո՞ւ է սա կարևոր» հաղորդաշարի վարող։ 2011-2018 թվականներին աշխատել է որպես քաղաքական մեկնաբան Մոսկվայում, որտեղ լուսաբանել է ռուսաստանյան ընդդիմության բողոքի ցույցերը, մարդու իրավունքների, խոսքի ազատության խախտումները, քաղաքական ակտիվիստների ճնշումները և ընտրակեղծիքները։ Ամերիկյան Հյուբերթ Համֆրիի անվան և լրագրության ոլորտին վերաբերող կրթաթոշակի հաղթող է: Ուսանել է Արիզոնայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և զանգվածային հաղորդակցության Ուոլթեր Քրոնքայթ դպրոցում։ «Ամերիկայի ձայնում» աշխատանքի անցնելուց առաջ, մասնակցել է ԵՄ-Ռուսաստան քաղաքացիական ֆորումին, Եվրոպական համերաշխության կենտրոնի (Գդանսկ, Լեհաստան) և Մոսկվայի քաղաքացիական կրթության դպրոցի ծրագրերին (մինչև 2013թ.՝ «Քաղաքական հետազոտությունների Մոսկվայի դպրոց»):

XS
SM
MD
LG