Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը «աննախադեպ է 1991 թվականից ի վեր»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը շարունակում է խորանալ՝ ըստ դիտորդների հատկապես աննախադեպ սրության հասնելով այս սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի՝ ողբերգական իրադարձություններից հետո:

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը շարունակում է խորանալ և, ըստ էության, 1991 թվականից ի վեր աննախադեպ սրության է հասել՝ այս սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից և այնտեղից՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ հայերի զանգվածային տեղահանությունից հետո։

Այս մասին «Ամերիկայի ձայնի» հեռ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

Վաստակաշատ գիտնականը մանրամասնեց՝ սեպտեմբերի 24-ից ի վեր թիմով աշխատել են Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ, և իրենց ուսումնասիրության նախնական արդյունքներից է, որ անգամ արցախահայության շրջանում, որն ավանդաբար աչքի էր ընկնում Մոսկվայի նկատմամբ դրական մոտեցմամբ, այլևս խիստ բացասական դիրքորոշում կա Ռուսաստանի առնչությամբ։

«Ես ուղղակի շատ զարմացած եմ, որ այսքան արագ և կտրուկ հիմա վերանայում կա մոտեցումների։ Ընդ որում, հիմա ավելի բաց տեքստով է խոսվում այն մասին, որ ընկալում և հասկանում են, իհարկե, որ ամեն երկիր իր շահերն է առաջ տանում, բայց դաշնակցային պարտավորությունը դա ոչ միայն բարոյական, այլև գործողությունների պարտավարություն է, և հայերը հատկապես քսան թվի պատերազմից սկսած անընդհատ տեսել են [Ռուսաստանի կողմից] դաշնակցային պարտավորությունների ոչ միայն խախտում, չկատարում, այլ դրա դեմ գործողություններ։ Եվ սա պատմում ու խոսում են բոլորը»,- ասում է Խառատյանը։

Your browser doesn’t support HTML5

2020 թվականից ի վեր հայերը տեսնում են Ռուսաստանի անդադար քայլերը Հայաստանի դեմ․ Խառատյան

Ամերիկյան հեղինակավար՝ Միջազգային հանրապետական ինստիտուտը 2018 թվականից վերսկսեց Հայաստանում սոցոլոգիական հարցումները, և եթե 2018 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նկատմամբ դրական էր տրամադրված հայաստանցիների 87%-ը, և այդ ցուցանիշով, հասկանալի է, Մոսկվան առաջատարների շարքում էր, ապա 2023 թվականի հունվար-մարտին անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, այդ թիվը կազմել է 50%, և Ռուսաստանի, այսպես ասենք, դրական ցուցանիշի անկումը ամենից մեծն է այլ երկրների համանման թվերի հետ համամեմատած։ Ընդ որում, ընդգծենք, Հայաստանում այդ 50% դրական վերաբերմունքը Մոսկվան ուներ նախքան Լեռնային Ղարաբաղում այս սեպտեմբերին տեղի ունեցածը։

Պակաս ուշագրավ չէր, որ նույն ժամանակահատվածում՝ զուգահեռաբար, հայաստանցիների շրջանում ավելի քան կրկնապատկվել է Թուրքիայի նկատմամբ դրական վերաբերմունքը։ Եթե 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանում արևմտյան հարևանի նկատմամբ դրական էր տրամադրված բնակիչների 11%-ը, ապա այս տարի՝ 23%-ը։

Երևանում գործող Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի գծով հետազոտող Նարեկ Սուքիասյանի ներկայացմամբ, հայ-ռուսական հարաբերությունները ներկայում ճգնաժամի մեջ են, Ռուսաստանի շահերից է բխում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը, և այդ հանգամանքը չի կարող իր անդրադարձը չունենալ հայաստանյան հանրային տրամադրությունների վրա։

«Երկար տարիներ ձևավորվել է Մոսկվայում էն ընկալումը Հայաստանի վերաբերյալ, որ Հայաստանն արդեն ապահովագրված դեպք է, և Հայաստանի նկատմամբ որևէ լուրջ ջանքեր պետք չեն ծախսել, որպեսզի Հայաստանին պահել հավատարիմ, կամ բարենպաստ մթնոլորտ ապահովել Ռուսաստանի հանդեպ հայ հասարակության, կամ էլիտաների շրջանակում, այլ ընդհակառակը՝ էն ռեսուրսը, որը Ռուսաստանը ուներ․․․ Ռուսաստանը բազմաթիվ տարիներ համարվել է հայ հասարակության համար ամենաընդունելի, բարեկամ պետությունը՝ բազմաթիվ անկախ հարցումներով գրանցելով 80-90-ից [տոկոսից] ավել աջակցություն, բայց 2010-ականներից այդ աջակցությունը շարունակաբար, ստաբիլ անկում է ապրել»,- ասում է Սուքիասյանը։

Դիտորդների մի զգալի հատված Երևանում ավելի սուր գնահատականներ ունի, երբ խոսք է գնում հայ-ռուսական ներկայիս հարաբերությունների մասին, թե Կրեմլի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ պարզապես թշնամական է, քանի որ հենց Մոսկվան էր կանգնած 44-օրյա պատերազմի հետևում, ռուս խաղաղապահները փաստացի նպաստեցին Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության տեղահանությանը և, իրականում, Կրեմլն է առաջ տանում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը, քանի որ Բաքվի հետ միասին նախատեսում են, որ միայն ռուսական ուժերը պետք է հսկեն անցումը Ադրբեջանից Նախիջևան։

Պատահական չէ, որ նույն՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի այս տարվա հարցման համաձայն, հայաստանցիների 49%-ը բացասաբար է վերաբերվում Ռուսաստանին, ինչը գրեթե 4.5 անգամ ավելին է 2018 թվականի թվից (11%), և Ադրբեջանից ու Թուրքիայից հետո այս՝ բացասական ցուցանիշով Կրեմլը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Դարձյալ՝ եթե համեմատենք Թուրքիայի թվերի հետ, ապա 2018 թվականի հոկտեմբերին մեր արևմտյան հարևանի նկատամամբ բացասաբար էին տրամադրված հայաստանցիների 85%-ը, 2023 թվականին՝ 75%-ը։

Անգամ պաշտոնական մակարդակում չեն թաքցնում դժգոհությունը Ռուսաստանի նկատմամբ, իսկ վերջին շրջանում այդ դժգոհությունը վերաճեց քաղաքականության փոփոխության, երբ Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները, ըստ էության, հայտարարեցին, թե փոխում են Երևանի անվտանգության ռազմավարությունը։

«Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ կառավարության, և՛ հանրության շրջանում: Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»,- այս հոկտեմբերի 25-ին հեղինակավոր «The Wall Street Journal»-ի հետ զրույցում հայտարարեց վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը։

Հրանուշ Խառատյանը, սակայն, գտնում է, որ հարցը միայն քաղաքականության մեջ չէ, և գործ ունենք նաև արժքային տարբերությունների հետ, որոնք ի հայտ եկան Ռուսաստանում Պուտինի՝ աստիճանաբար ավտորիտար բնույթ ստացող իշխանության տարիներին, և այժմ բացառապես նպաստում են, որ Մոսկվայի վերաբերյալ հայաստանյան հանրությունում ամրապնդվեն բացասական ընկալումները։

«Այսինքն, Ռուսաստանի Դաշնությունը արժեքների զարգացման ուրիշ ճանապարհ է ընտրել և այդ ճանապարհը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ոչ միայն այդ ֆիզիկական անվտանգության, որի համար նաև այդ դաշինքը կառուցվել է, այլև ընդհանրապես քո ինքնության բոլոր զարգացումների դեմ է աշխատում»,- նշում է Խառատյանը։

«Ամերիկայի ձայնի» զրուցակիցը ընդգծեց՝ առաջին անգամ չէ, որ հայաստանյան հանրությունում ի հայտ են գալիս Ռուսաստանի դեմ ուղղված սուր տրամադրությունենր։ Նույնը մոտ հարյուր տարի առաջ էր, երբ բոլշևիկյան Ռուսաստանը կործանեց Հայաստանի առաջին հանրապետությունը, սակայն այն ժամանակ այդ թեման անմիջապես վերցրեցին փակի տակ և գերիշխող թեզը դարձավ, թե Մոսկվան վերստին եկել է ու փրկել հայ ժողովրդին։