Մատչելի հղումներ

Նավալնին ռուսաստանցիներին կոչ է արել ընտրություններում քվեարկել Պուտինի դեմ


Ալեքսեյ Նավալնի
Ալեքսեյ Նավալնի

Դաշնային խորհուրդը Ռուսաստանում նախագահական ընտրությունների օր է նշանակել 2024 թվականի մարտի 17-ը:

Ռուս ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, ով այժմ Վլադիմիրի շրջանի գաղութներից մեկում է, կոչ է արել ռուսներին մասնակցել նախագահական ընտրություններին և քվեարկել Վլադիմիր Պուտինի դեմ։ Այդ հաղորդագրությունը հայտնվել է նրա սոցիալական ցանցերում։

«Ռուսական ընդդիմության հիմնական խնդիրն է իրենց ամբողջ ուժով բացատրել, որ 71-ամյա Պուտինը, ով 24 տարի իշխանության ղեկին է, չպետք է մնա ևս 6 տարի, նա վնաս կհասցնի Ռուսաստանին, նա պետք է հեռանա»,- ընդդիմադիր քաղաքական գործիչը գրել է իր բլոգում:

Դաշնային խորհուրդը հինգշաբթի օրը կայացած նիստում ՌԴ նախագահական ընտրությունների օրը նշանակել է 2024 թվականի մարտի 17-ը։ Քվեարկության օրը որոշվում է դաշնային օրենքով, սակայն սենատորների կարգադրությունը պաշտոնական մեկնարկ է տալիս նախընտրական քարոզարշավին։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ փաստաթուղթը կհրապարակվի դեկտեմբերի 13-ին, հայտարարել են ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը և մի շարք լրատվամիջոցների աղբյուրներ։

2020 թվականին Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները թույլ են տալիս ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին առաջադրվել հինգերորդ ժամկետով։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ իր ծրագրերի մասին կխոսի ընտրությունների օրը պաշտոնապես նշանակվելուց հետո։

Պուտինը կառաջադրվի ընտրություններում, իսկ Կրեմլը հույս ունի հեշտ հաղթանակի, գրում են ռուսական լրատվամիջոցներն ու համաշխարհային գործակալությունները՝ վկայակոչելով նախագահի աշխատակազմի ներքաղաքական բլոկի աղբյուրները։ Ըստ Meduza-ի և Vorstka-ի՝ պաշտոնյաներին հանձնարարված է ապահովել, որ նախագահը հավաքի ձայների ավելի քան 80 տոկոսը:

Ակնկալվում է, որ թեկնածությունը նախընտրական համագումարներում կպաշտպանեն խորհրդարանական «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունները։ Սակայն նա կարող է առաջադրվել որպես ինքնաառաջադրված թեկնածու, գրել է «Կոմերսանտը»։

Ինքնառաջադրվելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների առնվազն 300 հազար ստորագրություն, որոնք պետք է ներկայացնեն Ռուսաստանի Դաշնության բոլոր բաղկացուցիչ սուբյեկտները, ներառյալ Ուկրաինայի տարածքները, որոնց միացման մասին հայտարարել է Կրեմլը։ Առանց ստորագրությունների, ընտրությունների թեկնածուներ կարող են առաջադրվել կուսակցությունները, որոնք ներկայացված են տարածաշրջանային խորհրդարանների մեկ երրորդում կամ Պետդումայում:

Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են Գենադի Զյուգանովը, Պետդումայի նախկին պատգամավոր Բորիս Նադեժդինը, Դոնեցկի ռուսամետ անջատողականների նախկին ռազմական առաջնորդ Իգոր Ստրելկովը (Գիրկին) և Ռժևի լրագրող Եկատերինա Դունցովան։ «Նոր մարդիկ» կուսակցությունը նախատեսում է առաջադրել իր թեկնածուին, հաղորդում է նրա մամուլի ծառայությունը։

XS
SM
MD
LG