Տարեվերջին Ռուսաստանի պետական գերատեսչությունները ակտիվորեն զեկուցում են հաջողությունների մասին։ «Росстат»-ը, ամփոփելով այս տարվա առաջին 9 ամիսների արդյունքները, իր կայքում նշել է, որ արդյունաբերական արտադրության ծավալը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.3%-ով։ Այնուհետև, առաջին 10 ամսվա հաշվետվությունը հրապարակեց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը՝ նույնպես դրական արդյունքներով։
Սակայն փորձագետները թերահավատ են «Росстат»-ի վիճակագրության նկատմամբ, առավել ևս, որ գերատեսչությունն անցել է Տնտեսական զարգացման նախարարության անմիջական ենթակայության ներքո։
Այնուամենայնիվ, հայտնաբերվել են մի քանի ուշագրավ փաստեր, որոնք անուղղակի ի ցույց են դնում պատերազմի բացասական հետևանքները Ռուսաստանի տնտեսությունում։
Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ, տնտեսագետ Սերգեյ Ալեքսաշենկոն իր «Telegram»-յան ալիքում գրել է, որ չնայած գյուղատնտեսության նախարար Պատրուշևը՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի որդին, ամեն առիթով զեկուցում է ոլորտի «աննախադեպ աճի» մասին, «Росстат»-ի թվերը վկայում են գյուղատնտեսության չնչին վերելքի մասին։
«Բնակարանաշինության մեջ աճի բարձր տեմպերը մնացել են անցյալում՝ մեկուկես տարի առաջ, և, դատելով «Росстат»-ի տվյալներից անկումը կազմել է ավելի քան 15%»։ Արտոնյալ հիփոթեքային վարկերն աճում են, ինչը, սակայն, ազդում է գնաճի վրա, բայց ոչ շինարարության ծավալի»,- ասում է Ալեքսաշենկոն:
Տնտեսագետը ընդգծել է՝ գնաճը շատ ավելի ուժեղ է հարվածում բնակչության աղքատ շերտին և այդ ամսին վկայում են հենց «Росстат»-ի թվերը, որոնց համաձայն, հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները՝ աղքատանում։
Սերգեյ Ալեքսաշենկոյի խոսքով, «Росстат»-ում հազվագյուտ ունակություններ ունեն «բացատրելու անբացատրելին», բայց նույնիսկ այնտեղ չեն կարողացել բացատրել երկրի բնակչության հետ կատարվածը․ ըստ գերատեսչության, 2023 թվականի հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի բնակիչների թիվը 146․3 միլիոն էր՝ նույնքան, որքան 2014 թվականի հունվարի 1-ին։
«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում տնտեսական վերլուծաբան և հրապարակախոս Մաքսիմ Բլանտը ընդգծել է՝ չնայած «Росстат»-ի ներկայացրած պատկերին, պետք է հասկանալ, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանի տնտեսությունում, Կրեմլի հնարավորությունների գագաթնակետն է, սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը անխուսափելիորեն վատանալու է․ «Փորձագետների մեծամասնության գնահատմամբ, առաջիկա 6 ամսում Ռուսաստանում տնտեսական անկման հավանականությունը 50%-ից ավելի է, իսկ ըստ «Bloomberg Economics»-ի՝ 70%: Սա խոսում է այն մասին, որ Կրեմլը օգտագործելով պետբյուջեն՝ անհավանական չափերի փուչիկ է փչել՝ հիմնականում ռազմա-արդյունաբերության ոլորտում: Այստեղից էլ գալիս են արդյունաբերական արտադրության աճի ցուցանիշները, ուր ամենից մեծ աճն ունեն մեքենաշինությունը (իհարկե, հիմնականում տանկերի և այլ ռազմական տեխնիկայի արտադրության շնորհիվ), քիմիական արդյունաբերությունը (հիմնականում պայթուցիկների արտադրանքի շնորհիվ) և մետալուրգիան, որտեղ ռազմական բաղադրիչը նույնպես գերակշռում է»։
Մեր զրուցակցի խոսքով, սրանք են այն շոգեքարշերը, որ առաջ են տանում ռուսաստանյան տնտեսությունը․ «Միևնույն ժամանակ, զարգանում է գնաճը, որն ավելի արագ է աճում, քան սպասում էր Կենտրոնական բանկը։ Գնաճը գնալով խժռում է նրանց եկամուտները, ովքեր կապված չեն պատերազմի, կամ ռազմական արտադրության հետ։ Շահում են նրանք, ովքեր աշխատում են ռազմա-արդյունաբերական համալիրում: Մնացած բոլորը վճարում են դրա համար: Սա սովորական պատմություն է. բոլորը վճարում են պատերազմի համար, քչերն են շահում»:
Վերլուծաբանը վստահ է, «Росстат»-ի տվյալները հաստատում են, որ պատերազմը լրջորեն սրել է ժողովրդագրական ճգնաժամը երկրում և աշխատաշուկայում տիրող իրավիճակը․ «Բնակչությունն ուղղակիորեն նվազում է, շատերը փախել են արտերկիր։ Անուղղակի կորուստներն այն են, որ պատերազմի պատճառով, այդ թվում՝ Ուկրաինայից միգրանտների հոսքը նվազել է։ Հետևաբար, երբ «Росстат»-ը ներկայացնում է բնակչության թվաքանակը՝ հաշվելով նաև Ղրիմում ու օկուպացված տարածքներում բնակվող մարդկանց, իրավիճակը չի լավանում, որովհետև օկուպացված տարածքներում հիմնականում թոշակառու մարդիկ են, աշխատող ձեռքեր քիչ կան»։
«Եթե աչքի եք անցկացնում արտադրանքի իրական ծավալը, կամ, օրինակ, շահագործման հանձնված բնակարանների քառակուսի մետրերը, ապա զարմանալի է, որ ներդրված գումարի առումով ամեն ինչ լավ է, բայց քառակուսի մետրի առումով՝ շատ ավելի վատ: Հետևաբար, պաշտոնական թվերը պետք է ճշգրտվեն»,- շարունակում է նա:
Տնտեսագետ Սեմյոն Նովոպրուդսկին ուշադրություն է հրավիրում օրերս հրապարակված մի հետազոտության վրա, ըստ որի մինչև 2030 թվականը Ռուսաստանի աշխատաշուկայում կադրերի պակասը խորանալու է․ «2014 թվականից ի վեր, երբ Ռուսաստանը միացրեց Ղրիմը, Ռուսաստանի Դաշնությունում ծնելիությունը կտրուկ նվազել է, իսկ 2022 թվականից՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ ագրեսիայի մեկնարկից հետո, այն էլ ավելի է կրճատվել։ «Росстат»-ը սկսեց հատկապես կեղծել իրականությունը 2017 թվականի օգոստոսից, երբ դարձավ Տնտեսական զարգացման նախարարության ենթակա, որն, ըստ էության, պատասխանատու է բոլոր տնտեսական ցուցանիշների համար»։
Նովոպրուդսկիի ներկայացմամբ, «Росстат»-ը ձգտում է թաքցնել ռուսաստանցիների իրական եկամուտների աճի բացակայությունը. «Իրականում, դրանք ցածր են, քան վերջին «խաղաղ»՝ 2013 թվականին էին»:
Միաժամանակ, «Անմերիկայի ձայնի» զրուցակիցը վստահ է՝ պատերազմի հետևանքով Ռուսաստանի տնտեսության համար ստեղծված վտանգները դեռ առջևում են․ «Խնդիրն առաջին հերթին տեխնոլոգիական զարգացման դանդաղումն է, որն առաջացել է արևմտյան պատժամիջոցների պատճառով։ Բացի այդ, Ռուսաստանն այլևս գրավիչ չէ միգրանտների համար՝ հակադրվելով ԱՊՀ գծով իր հարևաններին, ռուբլու թուլացման և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ պետական մակարդակով գոյություն ունեցող այլատյացության պատճառով: Սակայն գլխավոր խնդիրը Չինաստանից տնտեսապես աճող կախվածությունն է, այդ թվում՝ գազի և նավթի արտահանման հարցում»։