Մատչելի հղումներ

Արդյո՞ք Պուտինը շահագրգռված է խաղաղությամբ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին

Փորձագետները քննարկում են Ուկրաինայում խաղաղության հաստատման խոչընդոտները։

Նոյեմբերի 25-ի գիշերը Ուկրաինան ենթարկվեց ռուսական անօդաչուների լայնածավալ հարձակմանը, որն աննախադեպ էր պատերազմի սկզբից ի վեր։ Ըստ ուկրաինական կողմի, գրոհին մասնակցում էին 75 անօդաչուներ, որոնցից մոտ 60-ն ուղղված էր Կիևին։ Մայրաքաղաքի վրա հարձակումը տևել է գրեթե վեց ժամ։ Կան ավերածություններ և տուժածներ։

Այս գործողությունները, մեղմ ասած, հեռու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ժամանակ առ ժամանակ հնչեցվող հայտարարություններից, թե Կրեմլը դեմ չէ խաղաղությանը։ Օրերս նա վերստին մեղադրեց Կիևին՝ խաղաղությանը միտված բանակցություններում առաջընթացի բացակության համար։

Մեծ քսանյակի առցանց գագաթնաժողովին, որին չեն մասնակցել բազմաթիվ պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի ղեկավարները, Պուտինը կրկնեց իր հին թեզը․ «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ խաղաղ բանակցություններից։ Ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան է հրապարակայնորեն հայտարարել, որ դուրս է գալիս բանակցային գործընթացից»։

Ռուսաստանի ղեկավարը նաև մեղադրեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ Մոսկվայի հետ բանակցություններն՝ իբր արգելող հրամանագիր ստորագրելու համար։ Իրականում, Զելենսկու հրամանագրում ասված է Պուտինի հետ երկխոսության անհնարինության մասին, ոչ թե՝ ռուսական պետության այլ ներկայացուցիչների։

Կիևի դիրքորոշումը, սակայն, պարզ է՝ Ուկրաինայի նախագահը մեկ անգամ չէ, որ շեշտել է՝ բանակցություններ սկսելու համար Ռուսաստանը պետք է իր զորքերը դուրս բերի բռնազավթած տարածքներից և վերականգնի Ուկրաինայի՝ 1991թ. պետական սահմանները: Սա առանցքային, թեև միակ պայմանը չէ։ Զելենսկու խոսքով, «տարածքային ամբողջականության վերականգնումը, մարդկանց իրավունքների ու ազատությունների վերականգնումը, ինքնիշխանության վերականգնումը՝ պատերազմի թեժ փուլին վերջ տալու, այնուհետև՝ արդարության վերականգնման հիմնական սկզբունքներն են»։

Թեև Ուկրաինայի նախագահը չի թաքցնում իր կասկածները, որ Կրեմլում անգամ չեն պատկերացնում, թե ինչ է արդարության հաստատումը, բայց, միաժամանակ, խոսելով «խաղաղության բանաձևի» մասին, վերջերս նշել է՝ եթե Ռուսաստանը հարգի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դուրս բերի զորքերը երկրից, ապա այն կլինի պատերազմի ավարտը:

Իր հերթին՝ նախագահ Ջո Բայդենը բազմիցս հայտարարել է՝ առանց Կիևի մասնակցության ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ չի վարում և մտադիր չէ այդ անել ապագայում։

«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում «Երրորդ հատված» վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Զոլոտարևը ընդգծել է՝ «խաղաղության» մասին Պուտինի այդ հայտարարությունը միակը չէ․ «Ցանկացած ագրեսոր միշտ ձգտում է հանդես գալ խաղաղության աղավնու դերում։ Նույնիսկ Ադոլֆ Հիտլերը 1941 թվականի հոկտեմբերին Բեռլինում ասաց, որ իրեն ստիպել են պատերազմ սկսել ԽՍՀՄ-ի դեմ, այլապես Ստալինը կհարձակվեր Գերմանիայի վրա»:

Զոլոտարևի կարծիքով, ռուսական կողմի դիրքորոշման հիմքում պարզունակ բանաձև է՝ նման իրավիճակում դժվար է հույս դնել փոխզիջման վրա, որը կբավարարի երկու կողմերին, ուստի՝ Կրեմլի ռազմավարությունն է՝ վարել հյուծիչ պատերազմ և զենքի ուժով որոշել հակամարտության ելքը: Վերլուծաբանի խոսքով, Մոսկվայի խաղաղության ցանկության մասին խոսք չկա, և Կրեմլը պնդում է՝ գրավված ուկրաինական տարածքները Ռուսաստանի Դաշնության մաս են։ Հասկանալի է, որ Ուկրաինայի համար նման պայմաններով խաղաղությունն անընդունելի է։

Պուտինը ոչ մի իրական, կառուցողական խաղաղության ծրագիր չունի: Նա ընդամենը հերթական անգամ սոսկ խոսքեր է արտաբերում՝ ընդգծել է ուկրաինացի քաղաքագետը։

«Պուտինի ուղերձը, բնականաբար, առաջին հերթին ուղղված էր [Ռուսաստանի] բնակչությանը և Կրեմլի քարոզիչներին, որպեսզի վերջիններս իր թեզերը հասցնեն լայն զանգվածներին։ Անհնարին է արևմտյան հասարակությանը խաբել նման հայտարարություններով: Քանի դեռ խոսք չկա՝ միջազգայնորեն ճանաչված ուկրաինական տարածքներից ռուսական զորքերի դուրսբերման մասին։ Այդպիսի խաղաղությունը նման կլինի Ուկրաինայի կապիտուլյացիայի, ինչին իրականում ձգտում է Պուտինը։ Նա նաև, հավանաբար, ցանկանում է, որ Արևմուտքը վերացնի հակառուսական պատժամիջոցները՝ սոսկ այն պատճառով, որ իր բանակը պարզապես կդադարեցնի կրակել՝ առանց օկուպացված հողերը լքելու մտադրության: Այս սցենարը նույնպես ուտոպիստական է»,- եզրափակեց Անդրեյ Զոլոտարևը։

Պուտինի հայտարարությունը «ֆանտաստիկ է՝ իր լկտիությամբ»՝ նշում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, պատմաբան Անդրեյ Զուբովը՝ «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում: Նրա կարծիքով, Կրեմլի ղեկավարի խոսքերը ուղղված են մարդկանց երկու խմբի. «Առաջին հերթին նրանց, ովքեր այս կամ այն չափով աջակցում են պատերազմը՝ դրսում և առաջին հերթին՝ Ռուսաստանում։ Ցավոք, այդպիսի մարդիկ կան։ Երկրորդ խումբը, ինչպես ժամանակին ասել է Վլադիմիր Լենինը, «օգտակար ապուշներ» են, ովքեր անմիտ կերպով հավատում են այն ամենին, ինչ ասվում է և ունակ չեն լուրջ վերլուծության»։

«Անշուշտ, ցանկացած մարդ, ով գոնե առնվազն հասկանում է խնդրի էությունը, հիանալի գիտակցում է, որ այստեղ ամեն ինչ կեղծ է՝ ասում է Զուբովը՝ շարունակելով, թե Մոսկվան օգտագործել է Ուկրաինայում իբր թե առկա ֆաշիզմի գործոնը՝ զավթելու Ղրիմն ու նոր տարածքներ: Պուտինը ոչ մի դեպքում չի պատրաստվում հրաժարվել այդ հողերից, և այս համատեքստում բանակցություններն անհնարին են, ինչպես հստակ ասել է [նախագահ] Վոլոդիմիր Զելենսկին։ Պուտինի ելույթում ամեն ինչ դատարկաբանություն է: Նրան պետք է ոչ թե խաղաղություն, այլ դադար՝ իր ուժերը վերախմբավորելու համար»,- ասում է Զուբովը։

Ընդդիամդիր գործիչը պնդում է՝ ուստի, խաղաղության փնտրտուքի մասին Ռուսաստանի նախագահի փաստարկները կեղծ են, ինչը քաջ գիտակցում են Արևմուտքում։

«Պուտինը ստեց, երբ հայտարարեց, որ Ուկրաինան դուրս է եկել բանակցային գործընթացից։ Զելենսկու ստորագրած հրամանագրում ասվում է, որ Կիևը չի բանակցելու Պուտինի հետ։ Նրա ձեռքերին խաղաղ բնակիչների արյուն կա, նա ռազմական հանցագործ է, ինչի մասին վկայում է Միջազգային քրեական դատարանի վճիռը։ Նրա հետ բանակցելը անհարգալից է սեփական անձի նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, խաղաղ գործընթացն իրական կդառնա նոր իշխանության հետ՝ գործող ռեժիմի փոփոխությունից հետո»։

Պուտինի տեղը ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ է, այլ մարդկության դեմ գործած հանցանքները քննող դատարանում՝ ամփոփել է Անդրեյ Զուբովը։

XS
SM
MD
LG