Սպասվում է, որ չորեքշաբթի ԱՄՆ Սենատը փորձնական քվեարկություն կանցկացնի՝ պարզելու, թե արդյոք առկա է բավարար աջակցություն՝ Ուկրաինային լրացուցիչ 60 միլիարդ դոլար տրամադրելու Սպիտակ տան առաջարկությունը հավանության արժանացնելու համար: ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի հանրապետականները, սակայն, շարունակում են պնդել՝ իրենց համաձայնության դիմաց Բայդենի վարչակազմը պետք է հավելյալ ֆինանսավորում տրմադրի երկրի սահմանների անվտանգության ապահովմանը։
Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան օգնության նոր փաթեթը վտանգված է․ հանրապետականները մեղադրում են դեմոկրատներին՝ ԱՄՆ սահմանների ամրպանդման հարցում ընդառաջ չգնալու մեջ, ինչն էլ, նրանց խոսքով, թույլ չի տալիս քվեարկել դեմոկրատների առաջարկած ու Կիևի համար նախատեսված աջակցության նոր փաթեթի օգտին։
Your browser doesn’t support HTML5
«Մի ողջ քաղաքական կուսակցություն, ըստ երևույթին, պատրաստ է զոհաբերել աջակցությունը Ուկրաինային ու Իսրայելին՝ նախընտրելով փոխարենը ունենալ լայն բացված սահման»,- հայտարարել է հանրապետական սենատոր Քևին Քրամերը:
Դեմոկրատները պնդում են, որ Սպիտակ տան ներկայացրած և ազգային անվտանգությանը վերբերող լրացուցիչ 106 միլիարդ դոլարի ֆինանսավորման հայտը ներառում է նաև սահմանային անվտանգության ֆինանսավորումը, և այն անհրաժեշտ է դիտարկել փաթեթով:
«Դեմոկրատները լրջորեն են վերաբերվում Ուկրաինայի օգնությանը, հանրապետականները՝ ամենևին: Մենք լուրջ ենք տրամադրված, և լավ հնարավորություն ենք առաջարկում՝ սահմանի վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գալու համար»,- հակադարձել է դեմոկրատ սենատոր Չակ Շումերը:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն այս շաբաթվա սկզբին հայտնել էր, որ Կիևին օգնելու ժամանակը սպառվում է: «Մինչև տարեվերջ վարչակազմը կսպառի Ուկրաինայի համար զենք-զինամթերք ձեռք բերելու ռեսուրսները, առանց մեր [ռազմուժի] մարտունակությունը վնասելու՝ ԱՄՆ ռազմական պաշարներից հատկացումներ կատարելու հնարավորությունը»:
Դեմոկրատները վստահ չեն, որ Ուկրաինային և Իսրայելին օգնություն հատկացնելու հարցի շուրջ չորեքշաբթի քվեարկություն կանցկացվի:
«[Դեռ] աշխատանք ունենք անելու, եթե նրանք համառեն՝ աշխարհը Վլադիմիր Պուտինից փրկելու համար»,- ասել է դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին:
Ինչպես հայտնի է, որևէ օրիանգիծ պետք է ստանա Կոնգրեսի զույգ պալատների՝ Ներկայացուցիչների տան, ուր մեծամասնությունը հանրապետականերն են, և Սենատի, ուր տեղերի գերակշիռ մասը պատկանում է դեմոկրատներին, հավանությունը։ Եվ այս ֆոնին՝ ԱՄՆ օրենսդիր մարմնից կարելի է լսել քննադատություն, թե նախագահ Բայդենի գլխավորած վարչակազմը տակավին չի ձևակերպել, թե ինչ է նշանակում Ուկրաինայի հաղթանակը։
«Կան կարևոր հարցեր, որոնց պատասխան է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք շարունակել այս բանակցությունները։ Ո՞րն է Ուըկրաինայում [պատերազմի] նպատակը և վերջակետը: Ինչպե՞ս ենք պատշաճ վերահսկողություն իրականացնելու ամերիկացի հարկատուների տրամադրած միջոցների նկատմամբ»,- հայտարարել է Ներկայացուցիչների տան խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը:
Դեմոկրատները նախազգուշացրել են՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հույսն է տեսնել ԱՄՆ կողմից Կիևին տրամադրվող աջակցության դադարեցումը, որը կարող է հետ պահել եվրոպացի դաշնակիցներին՝ Ուկրաինային աջակցելու հարցում:
«Ուկրաինայում հստակ նպատակներ ունենք: Հասել ենք այդ նպատակներին: Եկեք այժմ չնահանջենք: Չպետք է կանգ առնել և հրաժարվել Ուկրաինայից՝ միայն այն պատճառով, որ չկա ամբողջական հաղթանակի, ամբողջ Ուկրաինան հետ վերցնելու երաշխիք»,- ընդգծել է դեմոկրատ կոնգրեսական Ադամ Սմիթը:
Այս մենի ֆոնին ժամանակը աստիճանաբար սպառվում է, քանի որ հաջորդ շաբաթվա ավարտին Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք է գնա արձակուրդ: