ԱՄՆ-ն ողջունել է «Համասի» և Իսրայելի միջև հրադադարի երկարաձգումը

Գազայի հատվածից ազատ արձակված նախկին պատանդները վերամիավորվել են իրենց հարազատների հետ Իսրայելում, նոյեմբերի 26, 2023 թ.

Սպիտակ տունը ողջունել «Համասի» և Իսրայելի միջև հրադադարի երկարաձգումը երկու օրով՝ օրական 10 պատանդների ազատ արձակման դիմաց։

Սպիտակ տունը ողջունել է «Համասի» և Իսրայելի միջև հրադադարի երկարաձգումը երկու օրով՝ օրական 10 պատանդների ազատ արձակման դիմաց, հույս հայտնելով, որ ևս 20 հոգին մոտ օրերս կմիավորվեն իրենց հարազատների հետ:

«Անշուշտ, կցանկանայինք տեսնել, որ հրադադարը շարունակվում է՝ մինչև բոլոր պատանդների ազատ արձակումը: Հիմնական նպատակն է՝ բոլոր պատանդներին վերադարձնել տուն, և այն երկարատև գործընթաց է»,- նշել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Հրադադարը ողջունել են նաև Պաղեստինի ինքնավարության իշխանությունները․ արտգործնախարար Ռիադ ալ-Մալիքին, ելույթ ունենալով Իսպանիայում, մասնավորապես նշել է․ «Իսրայելական ցանկացած հարձակում մեկ երեխայի փոխարեն կսպանի երկուսին: Այնպես որ, մեզ համար կարևոր է երկարաձգել այս զինադադարը որքան հնարավոր է երկար»:

Your browser doesn’t support HTML5

«Կանգ չենք առնելու, քանի դեռ «Համասի» ահաբեկիչների կողմից պահվող բոլոր պատանդները ազատ չեն արձակվել». նախագահ Բայդեն

Իր հերթին՝ ողջունելով պատանդների ազատ արձակումը, Իսրայելի վարչապետը երկուշաբթի կրկնել է իր հայտնի խոսքերը․ «Շարունակում ենք ձգտել մեր հիմնական նպատակին՝ հասնել պատանդների ազատ արձակմանը, «Համասի» վերջնական վերացմանը և, իհարկե, որ այդ սպառնալիքը Գազայում երբեք չկրկնվի»:

Վերլուծաբանների կարծիքով, ներկա հրադադարը դժվար թե վերջ դնի մերձավորարևելյան հակամարտությանը:

«Ռազմական գործողությունների ավարտը եթադրում է «Համասի» կազմաքանդում, նրա զինյալների, կարողությունների, գաղափարների լիակատար վերացում։ [Խմբավորման] բարձրագույն ղեկավարությունը պետք է հեռանա: «Համասը» չպետք է կարողանա կառավարել Գազան։ Սակայն չեմ տեսնում, որ սա հնարավոր է դարձել անցած մարտերի հետևանքով»,- ասում է Մայքլ Օ'Հենլոն՝ Բրուքինգս ինստիտուտից:

Նախագահ Ջո Բայդենը կիրակի հատուկ անդրադաձել է չորսամյա ամերիկուհու՝ Աբիգեյլ Էդանի ազատ արձակմանը:

«Աբիգեյլ անունով մի փոքրիկ աղջիկ, ով չորս տարեկան է, անցկացրեց իր ծննդյան օրն ու հետագա 50 օրը «Համասի» [մոտ]՝ պատանդության մեջ: Այսօր նա ազատ է, և Ջիլը [Բայդենը] ու ես՝ շատ ամերիկացիների հետ աղոթում ենք, որ նա լավ լինի»,- ասել է նախագահ Բայդենը:

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է, որ Աբիգեյլի ընտանիքի հետ զրույցի ժամանակ խոստացել է․ «Կանգ չենք առնելու, քանի դեռ «Համասի» ահաբեկիչների կողմից պահվող բոլոր պատանդները ազատ չեն արձակվել»։

Մոտ յոթ շաբաթ շարունակվող ռազմական գործողություններից հետո՝ երկու կողմն էլ պահպանում են հրադադարը, իսկ աշխարհը հետևում է զարգացումներին: